Վրաստան. ՆԳՆ-ն գործ է հարուցել երեխայի հանդեպ բռնության տեսանյութի առնչությամբ
Լուսանկարը՝ REUTERS
Facebook-ում և YouTube-ում տեղադրված տեսագրությունը, որում մոտավորապես 14-ամյա դեռահասին ենթադրաբար հասակակիցների կողմից ծեծի և հոգեբանական գրոհի ենթարկման կադրեր են, ՆԳՆ կողմից քրեական գործի հարուցման առիթ է դարձել:
Տեսանյութում անչափահաս տղային ստիպում են պատմել ենթադրաբար սեռական կապի մասին: Կադրերում երևում է զոհի միայն դեմքը: Բուլինգ իրականացնողների դեմքերը չեն երևում, սակայն լսվում են նրանց ձայները: Հանցագործությանը, դատելով ձայներից, մի քանի մարդ է մասնակցում՝ նույնպես դեռահաս: Կադրերում զոհը լալիս է և կրկնում այն, ինչ իրեն հրամայում են: Ենթադրաբար նշվում է զոհի անունն ու ազգանունը:
Տեսագրությունը ռեզոնանս է առաջացրել: Facebook-ի և YouTube-ի օգտատերերը կոչ են անում իշխանություններին արագ արձագանքել կատարվածին: Գործով հետաքրքրվել է օմբուդսմենն ու իրավապաշտպան կազմակերպությունները:
ՆԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ տեսագրությունը Յութուբում վերբեռնվել է 2017թ-ի սեպտեմբերին, իսկ Ֆեյսբուքում տարածվել՝ ապրիլի 20-ին: Դա հայտնի դառնալուց մի քանի ժամ անց տեսագրությունը դեռևս հասանելի էր: ՆԳՆ-ում հայտարարել են, որ արդեն նույնականացրել են համացանցում տեսանյութը տեղադրած անձին, և նա անչափահաս է:
Հետաքննությունն անցկացվում է ՔՕ 140 և 1571 հոդվածներով, որոնք սեռական կապ են ենթադրում անչափահասի հետ և ներխուժում անձնական կյանք: Հանցագործությունը 5-8 տարվա ազատազրկմամբ է պատժվում:
ՆԳՆ-ում մանրամասնում են, որ քրգործ է հարուցվել նշված հոդվածներով, քանի որ չի բացառվում, որ իրոք սեռական բռնություն է տեղի ունեցել:
Օմբուդսմեն Նինո Լոմջարիան օպերատիվ հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով սոցցանցերի օգտատերերին չտարածել տեսագրությունը: Նրա խոսքով՝ կադրերում երևում է երեխայի դեմքը, նրան հնարավոր է նույնականացնել, դա անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտում է և վտանգ է ներկայացնում երեխայի հոգեբանական-հուզական վիճակի համար: Լոմջարիան կարծում է, որ «իշխանություններն անհապաղ պետք է կասեցնեն տեսագրության տարածումը, ձեռնարկեն անհրաժեշտ ամեն ինչ զոհ դարձած երեխային հոգեբանական և սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար և ապահովեն բռնի գործողություններին մասնակցած երեխաների գործողությունների շտկում»:
«Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» ոչ կառավարական կազմակերպության իրավաբան Աննա Թավխելիձեն JAMnews-ին հայտարարել է, որ տեսագրությունը կարող է ՔՕ մի քանի հոդվածներով քրեական գործի հարուցման պատճառ դառնալ.
- անձնական կյանքի տեսագրության տարածում, որը վերաբերում է երեխայի շահերին;
- բռնություն երեխայի հանդեպ ենթադրաբար այլ երեխաների կողմից, բուլինգ;
- անչափահասի հետ սեռական բնույթի կապի մեջ մտնելու կասկած:
«Տեսագրություն իրականացրած երեխաները որոշակի չափով նույնպես զոհ են, և նրանց հետ նույնպես անհրաժեշտ է աշխատանք տանել», — ասում է իրավաբան Աննա Թավխելիձեն: Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ սոցցանցերում հայտնվում է դեռահասների մասնակցությամբ նման տեսանյութ և լուսանկարներ: Թավխելիձեն կարծում է, որ պետական կառույցները լավ չեն պատրաստված, և նման դեպքերում իրենց բավականին պասիվ են պահում:
«Եթե չլիներ սոցցանցերի օգտատերերի բարձրացրած աղմուկը, իշխանությունները ոչ մի կերպ չէին արձագանքի նման փաստի, ի վերջո, այս տեսագրությունն արդեն մի քանի ամիս է՝ համացանցում է», – ասում է Թավխելիձեն:
Գործին է միացել արդեն Սոցիալական ապահովման գործակալությունը: Այն հաղորդել է, որ երեխան և նրա ընտանիքը նույնականացվել են, և նրանց հետ արդեն աշխատում են: Լրացուցիչ մանրամասների մասին գործակալությունում դեռևս չեն խոսում: