Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Օգոստոսյան պատերազմի մասին գործով։ Վրաստանում տոնում են հաղթանակը
2021 թ․ հունվարի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է վերջնական վճիռը այն գործով, որը Ստրասբուրգում քննվում էր 12 տարի։
«Վրաստանն՝ ընդդեմ Ռուսաստանի»․ այսպես է կոչվում հանցագործությունների մասին գործը, որը Ռուսաստանը կատարել է Վրաստանի և նրա քաղաքացիների դեմ 2008 թ-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ և հետո։
Դատարանը Ռուսաստանին մեղավոր է ճանաչել Վրաստանի քաղաքացիների նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վեց հոդվածների խախտման համար՝ ներառյալ կյանքի իրավունքի խախտման, կտտանքների, մասնավոր սեփականության հրկիզման և ոչնչացման համար։
Սակայն դատարանը մերժել է Վրաստանի հայցն այն մասով, որը կապված է մարտական գործողությունների ակտիվ փուլի հետ (2008 թ-ի օգոստոսի 8-12-ը)՝ հաղորդելով, որ այդ փուլում Հարավային Օսիայի նկատմամբ Ռուսաստանի կողմից «արդյունավետ վերահսկողություն» չի արձանագրել։
Վրաստանում այս որոշումն արդեն «պատմական փաստաթուղթ» են անվանել։
Վրաց-օսական հակամարտությունը՝ հակիրճ
«Վրաստանն՝ ընդդեմ Ռուսաստանի» գործը կապված է 2008 թ-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ պատերազմի հետ, որին մասնակցում էին Վրաստանն ու Ռուսաստանը։ Այս իրադարձություններն «Օգոստոսյան» կամ «Հնգօրյա պատերազմ» անվանումն են ստացել։ Վրացական կողմից 412 զինվորական և քաղաքացիական անձ է զոհվել, օսական կողմից՝ 365 զինվորական և քաղաքացիական անձ։ Ըստ ռուսական պաշտոնական տվյալների՝ զոհվել է նաև 67 ռուս զինծառայող։ Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 20 հազար բնակիչ բռնի տեղահանված է դարձել։ 2008 թ-ի օգոստոսյան պատերազմը Եվրոպայում 21-րդ դարի առաջին պատերազմն է։
Հարավային Օսիան Խորհրդային Միության տարիներին ինքնավար շրջան էր Վրաստանի կազմում: Վրաց-հարավօսական հակամարտության ժամանակակից պատմությունը սկսվում է 1980-ականների վերջին՝ Խորհրդային Միության փլուզման ժամանակ: Հարավային Օսիան ցանկանում էր անկախություն, Վրաստանն, ի պատասխան, ընդհանրապես վերացրեց դրա ինքնավար տարածքի կարգավիճակը և ներառեց Շիդա Քարթլիի տարածաշրջանում:
Առաջին զինված դիմակայությունը և առաջին զոհերը գրանցվել են 1989-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Ակտիվ ռազմական գործողությունները տեղի են ունեցել 1991-1992 թվականներին և ավարտվել 1992-ին ՝ Դագոմիսի համաձայնագրերի ստորագրմամբ, որը կողմերին պարտավորեցրել է դադարեցնել կրակը և դուրս բերել զինված կազմավորումները շփման գոտուց: Ռուսաստանի Դաշնությունը նույնպես ստանձնեց այդ ժամանակ Հարավային Օսիայի տարածքից իր զորամասերը դուրս բերելու պարտավորություն:
Հակամարտության զինված փուլում, ըստ տարբեր աղբյուրների, բոլոր կողմերից մահացել է մինչև 10 հազար մարդ, մոտ 100 հազար մարդ դարձել են փախստականներ և տեղահանվածներ:
Խաղաղության պայմանագրին համապատասխանության մոնիտորինգը հանձնարարվել է «Համատեղ վերահսկիչ հանձնաժողովին» և եռակողմ «Միասնական խաղաղապահ ուժին»՝ վրացական, հարավօսական և ռուսական գումարտակներին ՝ ռուս զինվորականների հրամանատարությամբ:
Մինչև 2008 թվականի օգոստոսը հակամարտությունը համարվում էր «սառեցված»:
2008-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ 5-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիան որպես անկախ երկիր: Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին:
Հարավային Օսիան կառուցում է իր կյանքը որպես անկախ հանրապետություն, որը, սակայն, ճանաչում են միայն Ռուսաստանը և մի շարք այլ երրորդ աշխարհի երկրներ: Միջազգային հանրության մեծ մասը դա համարում է Վրաստանից անջատված շրջան:
Ինչի՞ համար էր Վրաստանը մեղադրում Ռուսաստանին
Վրաստանը Ռուսաստանին մեղադրում էր Օգոստոսյան պատերազմի ժամանակ Եվրոպական կոնվենցիայի ութերորդ հոդվածի խախտման համար։ Մասնավորապես, Վրաստանը կարծում է, որ Ռուսաստանը պատերազմի ժամանակ և դրանից հետո խախտել է մարդկանց կյանքի իրավունքը, կիրառել կտտանքներ և Վրաստանի քաղաքացիների նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը ոտնահարող վերաբերմունք, խախտել է նրանց ազատության և անվտանգության իրավունքը, անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության, իրավական պաշտպանության, սեփականության և կրթության իրավունքները։ Ինչպես նաև՝ ազատ տեղաշարժի իրավունքը։
Վրաստանի դիրքորոշումը հետևյալն է․ Ռուսաստանը լիակատար պատասխանատվություն է կրում զանգվածային խախտումների համար, որոնք Վրաստանի քաղաքացիների դեմ կատարվել են մարտական գործողությունների ժամանակ և հետպատերազմյան փուլում, քանի որ հակամարտության գոտու վրա տարածվում է Ռուսաստանի ենթադատությունը։
Ի՞նչ է վճռել դատարանը
Ստրասբուրգի դատարանը հստակ սահման է գծել օգոստոսի 8-12-ին տեղի ունեցած մարտական գործողությունների և այն իրադարձությունների միջև, որոնք կատարվել են արդեն օգոստոսի 12-ից՝ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո։
Ստրասբուրգի դատարանը գրեթե ամբողջությամբ բավարարել է Վրաստանի հայցն օգոստոսի 12-ից հետո Ռուսաստանի գործողությունների մասով։
Դատարանն արձանագրել է, որ Ռուսաստանն «արդյունավետ վերահսկողություն» է իրականացնում հակամարտության գոտու նկատմամբ օգոստոսի 12-ից և պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի խախտման, կտտանքների և անմարդակային վերաբերմունքի համար։
Ստրասբուրգի դատարանը վճռել է, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Հարավային Օսիա և Աբխազիա Վրաստանի քաղաքացիների վերադարձի արգելքի համար։
Ռուսաստանը նաև պատասխանատու է խաղաղ բնակիչների սպանությունների, ինչպես նաև Ցխինվալի շրջանի և «բուֆերային գոտու» վրացական գյուղերի տների հրկիզման և թալանի համար։
Դատարանն արձանագրել է, որ 160 քաղաքացիական անձինք՝ էթնիկ վրացիներ, ձերբակալվել և արժանապատվությունը ոտնահարող վերաբերմունքի են արժանացել։
Դատարանը նաև միաձայն վճռել է, որ Ցխինվալի շրջանում օգոստոսի 8-17-ը հարավօսական զորքերից կողմի վրացի զինվորների գերեվարման վրա նույնպես տարածվում է Ռուսաստանի ենթադատությունը։
Դատարանը պարզել է, որ վրացի գերիներին կտտանքների են ենթարկել։
Նշվում է, որ Ռուսաստանը՝ «որպես արդյունավետ վերահսկողություն իրականացնող», չի հետաքննել պատերազմի ժամանակ և դրանից հետո վրացիների սպանությունները։
Դատարանը նշել է, որ, թեև ռուսական զինված ուժերը ֆորմալ կերպով են միջամտել հակամարտությանը՝ կանխելու համար խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունը, իրականում շատ դեպքերում ռուսական զորքերը մի կողմ են քաշվել, երբ օսական ստորաբաժանումները սկսել են հրկիզել էթնիկ վրացիների տները։
Ի՞նչը չի բավարարել Եվրոպական դատարանը
Դատարանը մերժել է Վրաստանի հայցի այն մասը, որը կապված է մարտական գործողությունների ժամանակ (2008 թ-ի օգոստոսի 8-12) տեղի ունեցած իրադարձությունների հետ, քանի որ չի կարողացել պարզել հենց այդ փուլում այսպես կոչված «արդյունավետ վերահսկողությունը» Ռուսաստանի կողմից։
«Առճակատումն ու ռազմական գործողությունները զինված ուժերի միջև ուղղված են եղել տարածքի նկատմամբ վերահսկողության սահմանմանը, և, հաշվի առնելով (գոյություն ունեցած) քաոսը, դրա նկատմամբ ոչ ոքի չի հաջողվել վերահսկողություն սահմանել», — ասված է դատարանի վճռում։
12 տարի, 33 վկա և 700 ապացույց
Ստրասբուրգի դատարանի այս վճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Եվրոպական դատարանն, ընդհանուր առմամբ, լսել է 33 վկայի, քննել վրացական կողմի ներկայացրած մինչև 700 ապացույց, այդ թվում՝ տեսանյութեր և լուսանկարներ, ռադարների տվյալներ, փորձագետների հաշվետվություններ, տեսախցիկների տեսագրություններ, սեյսմիկ կայաններով պայթյունների տեսագրություններ, մեդիահաղորդագրություններ։ Ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների հաշվետվություններ, գաղտնալսման ձայնագրություններ, ականազերծման հաշվետվություններ։
Այս գործով գլխավոր ապացույցներից մեկն «Իսկանդեր» հրթիռի բեկորներն են, որը պայթել է օգոստոսի 12-ին Գորի քաղաքի կենտրոնում, և այս առթիվ անցկացված փորձաքննության եզրակացությունը։ Հենց «Իսկանդերի» պայթյունն է սպանել հոլանդացի օպերատոր Ստեն Ստորիմանցին, որը լուսաբանում էր օգոստոսյան պատերազմը։
Վրաստանի արձագանքը
ՄԻԵԴ-ի վճիռը հաստատում է, որ Օգոստոսյան պատերազմի ժամանակ Ռուսաստանը վրացիների նկատմամբ էթնիկ զտումներ է իրականացրել, ինչպես նաև պատասխանատու է կտտանքների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և այլ հանցագործությունների համար, հայտարարում է Վրաստանի արդարադատության նախարարությունը։
Դատարանի վճիռը մեկնաբանել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նա ողջունել է այն՝ նշելով, որ դա իր և Վրաստանի նախորդ կառավարության իր համախոհների արժանիքն է։
«Չնայած [Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա] Իվանիշվիլիի հայտարարություններին այն մասին, որ Վրաստանն է մեղավոր, չնայած նրանց [Վրաստանի ներկայիս իշխանությունների]՝ սրան խանգարելու ջանքերին, մենք, այնուամենյանիվ, կարողացանք անել դա», — հայտարարել է Սաակաշվիլին։
Դատարանի վճիռը ողջունել է նաև գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը շնորհակալություն է հայտնել կառավարությանն ու արդարադատության նախկին նախարար Թեա Ցուլուկիանիին «այս հաղթանակում ունեցած մեծ ավանդի համար, որը համայն Վրաստանի հաղթանակն է»։
Նախագահի խոսքով՝ Վրաստանն «այս պատերազմի զոհ է ճանաչվել, և սա մեր երկրի, հասարակության, մեր պատմության և ապագայի համար մեծ ձեռքբերում է»։
«Այսօր շատ կարևոր օր է Վրաստանի նորագույն պատմությունում։ «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» վեճն ավարտվեց Մարդու իրավունքների դատարանում Վրաստանի հաղթանակով։ Սա համընդհանուր հաղթանակ է», — հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։
Ինչո՞ւ է այս որոշումը կարևոր Վրաստանի համար
Պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին Ֆեյսբուքում գրել է, որ թեև Ստրասբուրգի դատարանը վճիռ չի կայացրել 2008 թ-ի օգոստոսի 8-12-ի իրադարձությունների վերաբերյալ, այս վճիռը կարևոր է Հաագայի միջազգային քրեական դատարանի համար, որը քննում է Օգոստոսյան պատերազմի ռազմական հանցագործությունները։
«Իհարկե, սա հաղթանակ է։ Վճռում արձանագրվում է․ Ռուսաստանը սպանում է, Ռուսաստանը խախտում է մարդու իրավունքները, Ռուսաստանը խախտում է սեփականության իրավունքը և այլն։ Սակայն գլխավորն այն է, որ Ստրասբուրգը ոչ երկիմաստ հայտարարել է, որ օգոստոսի 12-ից հետո արդյունավետ վերահսկողությունը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ձեռքում։ Սա շատ կարևոր է Հաագայի շարունակվող քննության համար, որովհետև մեզ ապացուցում էին, որ Ռուսաստանը կապ չունի, և մենք պետք է գործ ունենանք օսերի հետ։ Վատ է, որ օգոստոսի 8-12-ի ժամանակահատվածը Ստրասբուրգն «անտեսել է», սակայն սա հիանալի ձեռնարկ է Հաագայի հետաքննության համար», — գրել է Խիդաշելին։
Այս վճիռը նաև կարևոր գործիք է տուժածների իրավունքների պաշտպանության համար, ասել է Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան․
«Շնորհավորում եմ մեր երկրին Եվրոպայի ամենաարդար դատարանի կողմից Վրաստանի քաղաքացիների իրավունքները Ռուսաստանի կողմից կոպտորեն խախտելու փաստի ճանաչման համար։ Այս վճիռը հակամարտությունից տուժած մեր համաքաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևորագույն գործիք է դառնալու»։