Անպատեհ առաջարկ․ վրացական խորհրդարանը քննարկում է գենդերային քվոտաները
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունները․ դրանք վերաբերում են նախընտրական արշավի անցկացմանն, ընտրական հանձնաժողոների ձևավորմանն ու գենդերային բալանսին։
Վրաստանի խորհդարանն առաջին անգամ չէ, որ անդրադառնում է այս թեմային, որն ավանդաբար թեժ դեբատներ է առաջացնում։
Օրենսդիր մարմնում գենդերային հավասարակշռության բարելավմանն ուղղված փոփոխությունները մշակվել են միջազգային կազմակերպությունների և պրոֆիլային հասարակական կազմակերպությունների հետ խորհրդակցություններից հետո։
Իշխող «Վրացական երազանք» կոալիցիան յուրաքանչյուր կուսակցության առաջարկում է իր ցուցակում մեկ երրորդի չափով ներառել կանանց։
Ո՞վ է դեմ և ինչո՞ւ
Ընդդիմությունը՝ համենայնդեպս, արական սեռի պատգամավորներն, առաջարկը պոպուլիստական են անվանում։ «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Գիգա Բոկերիան հերթական անգամ բարձրաձայնել է նման դեբատներում սովորական դարձած փաստարկը․ գենդերային քվոտավորում ոչ միայն պետք չէ, այլև այն վիրավորական է կանանց համար։
«Դուք էլ ավելի եք խախտում կանանց իրավունքները։ Դուք փաստացի ասում եք, որ կանայք չեն կարող ինքնուրույն հասնել նրան, որ իրենց ընտրեն։ Դա ամենամեծ սխալն է, քայլ՝ ընդդեմ կանանց ազատության և իրավունքների», — ասել է Բոկերիան։
Նրա խոսքով՝ երկրում շատ լուրջ խնդիրներ կան՝ կանանց իրավունքների հետ կապված։
«Սակայն եթե յուրաքանչյուրն, ով խնդիր ունի, քվոտա ստանա, դա կնշանակի ժողովրդավարության չեղարկում, այդ խմբի ոչնչացում նրանց դեմ պայքարելու փոխարեն, ովքեր կանանց երկրորդ դասի քաղաքացի են համարում։ Իսկ այդպիսիք նստած են դահլիճում և երեսպաշտորեն քվեարկում են քվոտավորման համար, երբ իրենք են անընդհատ կրկնում, թե կնոջ տեղը խոհանոցն է։ Հիմա ուզում եք, որ նրանք տիկնիկնե՞ր ունենան խորհրդարանում»։
Ո՞վ է կողմ
Սակայն կին պատգամավորներն, այդ թվում նրանք, ովքեր շատ հարցերում կոնֆլիկտի մեջ են մտնում իշխող կուսակցության հետ, քվոտավորման մեջ ոչ մի վիրավորական բան չեն տեսնում։
«Վիրավորական է այն, որ կին թեկնածուներին մոռանում են ընտրացուցակներ ձևավորելիս։ Այդպիսի բան տեղի է ունենում առանց բացառության բոլոր կուսակցություններում», — ասել է անկախ պատգամավոր Էկա Բեսելիան։
Նա առաջարկել է կանանց տրամադրել կուսակցական ցուցակների ոչ թե մեկ չորրորդ տեղերն, այլ մեկ երրորդը։
Ըստ Բեսելիայի՝ Վրաստանի խորհրդարանի միակ կուսակցությունը, որում կանայք ադեկվատ են ներկայացված, «Հայրենասերների դաշինքն է»։ Նա ընգծել է, որ, որքան էլ պարադոքսալ է, այն միավորում է վառ արտահայտված հակաարևմտյան հռետորաբանությամբ քաղաքական գործիչների, որոնք բազմիցս կողմ են արտահայտվել «ընտանեկան արժեքներին», և որոնց դժվար է կասկածել կանանց իրավունքների համար պայքարին սատարելու ձգտման համար։
Մեկ այլ անկախ պատգամավոր Թամար Չուգոշվիլին «Վրացական երազանքի» առաջարկը ոչ կատարյալ, բայց օգտակար է անվանել․
«Այս մեխանիզմը չի լուծի բոլոր խնդիրները, սակայն կօգնի հասարակությանն ու հենց կանանց քաղաքական մասնակցություն ունենալ պետության կյանքում։ Այդ պատճառով էլ ես կողմ եմ այս փոփոխություններին»։
«Բնական ճանապարհով հարյուր տարի է պետք»
Գենդերային քվոտաների թեման խորհրդարանի համար անընդհատ բարձրացնում են պրոֆիլային հասարակական ու միջազգային կազմակերպությունները։ Քվոտաները որպես ժամանակավոր միջոց են դիտարկվում, որը կոչված է հարթելու անհավասարությունը։
«Նրա համար, որ այս խնդիրը բնական ճանապարհով լուծվի, հարյուր տարի պետք կլինի, — մեջբերում է վրացական On.ge ռեսուրսը Վրաստանում ՄԱԿ զարգացման ծրագրի ղեկավար Մակա Մեշվելիանիի խոսքերը, — քվոտավորումը կօգնի արագացնել իրադարձությունները»։
2016 թ–ի խորհրդարանական ընտրությունները վրացական խորհրդարան են բերել 24 կնոջ, դա պատգամավորների ընդհանուր թվի 16 տոկոսն է։
Քաղաքականությունում կանանց ոչ բավարար ներկայացվածությունից բացի նրանք բազում այլ խնդիրներ ունեն՝ սկսած ֆեմիցիդից, վաղ ամուսնություններից, սելեկտիվ աբորտներից և ամուսնու կողմից ճնշումներից, ավարտած իգական սեռի քաղաքական գործիչների հասցեին շանտաժով, որը, որպես կանոն, արդյունավետ չի հետաքննվում։