Վրաստան, «112»-ը կապի մեջ է
լուսանկար :Գիորգի Զեդգինիձե
Առաջին բանը, որ լսում ես Թբիլիսիի երկնքում կարծես սավառնող «թռչող ափսեի» տեսքով շենք մտնելիս, անդադար զանգերն են: Եվ դրանց միապաղաղ ատասխանները. «Ի՞նչ է տեղի ունեցել: Ձեր անուն-ազգանո՞ւնը: Խնդրում ենք կապի մեջ մնալ»:
Ես սպասեցի 10 րոպե մինչև ազատվի օպերատորը, որը համաձայնեց ինձ հարցազրույց տալ: Եվ այդ 10 րոպեի ընթացքում նա 20 զանգի պատասխանեց: Հիմնականում շտապօգնություն էին խնդրում, չնայած այնպիսիք էլ կային, որոնք ուզում էին պարզապես զրուցել:
26-ամյա Նինոն [օպերատորի ազգանունը չի կարող հանրայնացվել – խմբ.] ամեն օր 350-400 զանգի է պատասխանում: Նա անհետաձգելի օգնության ծառայության օպերատոր է: Գլխավոր պարտականությունը զանգեր ընդունելն ու անմիջապես օգնելն է՝ շտապօգնություն, հրշեջ ծառայություն կամ հաճախ ոստիկանություն կանչելով:
Նինոն ասում է, որ օպերատորի աշխատանքը սկզբում պրիմիտիվ էր թվում, սակայն իրականությունն ավելի բարդ ու հետաքրքիր էր:
«Բացի այն, որ մենք օպերատոր ենք, նաև հոգեբան ենք: Մենք անընդհատ աշխատում ենք էքստրեմալ պայմաններում, մարդիկ զանգում են միայն այն ժամանակ, երբ նրանց հետ ինչ-որ բան է տեղի ունենում: Եվ պատահում է, որ նա այնպես է հուզվում, որ չի կարողանում հասկացնել, թե ինչ է տեղի ունեցել: Այդ ժամանակ օպերատորը պետք է մոբիլիզացվի և անի ամեն հնարավոր բան, որ մարդը ժամանակին անհրաժեշտ օգնություն ստանա»:
Անհետաձգելի օգնության ծառայություն Վրաստանում կարելի է զանգահարել անգամ եթե բջջայինի հաշվեկշռին գումար չկա և նույնիսկ եթե սիմ-քարտ չկա:
«112»-ի մեկ այլ օպերատոր Նիկան երկու պատմություն է պատմում, որոնցով հպարտանում է, քանի որ կարողացել է մարդկանց կյանք փրկել:
Մի անգամ 9-ամյա մի աղջիկ է զանգահարել, որը փչացած վերելակում է մնացել, նրա հեռախոսի հաշվեկշռին գումար չի եղել և նա չի կարողացել ծնողներին զանգահարել:
Նիկայի երկրորդ պատմությունը կապված է սարերում մոլորված հովվի հետ: «Զանգ ստացա, զանգահարողը չգիտեր նույնիսկ, թե ուր է զանգահարել: Պարզվեց՝ հովիվ է: Կովերին արոտավայր է տարել և վատ զգացել: Իսկ այդ վայրերում բջջային կապը բացակայում է, և նա չի կարողացել ոչ ոքի զանգահարել: Բարեբախտաբար մենք կարողացանք ժամանակին փրկարարական գործողություն իրականացնել և ամեն ինչ բարեհաջող ավարտվեց», — պատմում է Նիկան:
2015թ-ին «112» ծառայությունը 75 հազարից ավել զանգ է ընդունել: Զանգահարածների մեծ մասին շտապ բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել:
«112»-ի օպերատոր Էկան այստեղ է աշխատում ծառայության ստեղծման օրվանից: Նրա խոսքով, էմոցիոնալ առումով ամենադժվարն այն է, երբ երեխաներն են օգնություն խնդրում: Քանի որ նրանք հաճախ չեն կարող վտանգի իրական չափը գնահատել, պետք է հնարավորինս այնպես անել, որ նրանք կապի մեջ մնան:
Երեխաներ կան, որոնք իրոք հերոսական արարքներ են անում, պատմում է Էկան: Օրինակ, 11-ամյա Դեա Մգելաձեն: Աղջիկը տատի հետ տանը մենակ է եղել: Եվ հանկարծակի տատը վատ է զգացել և գիտակցությունը կորցրել է: Դեան անմիջապես «112» է հավաքել և օպերատորին մանրամասն նկարագրել իրավիճակը, և տատիկին փրկել են:
Ամենագլխավոր խնդիրներից մեկը, որը շարունակում է արդիական մնալ, «դատարկ» զանգերն են: Վերջին 4 տարվա ընթացքում «112» ծառայությունը 32 մլն 800 հազար զանգ է ընդունել, դրանցից միայն 7 մլն են ըստ էության զանգեր եղել: Մնացած զանգահարողները կամ զվարճացել են կամ պարզապես ցանկացել են խոսել, իսկ որոշները նույնիսկ խնդրել են ինչ-որ երգ միացնել:
2014թ-ին այդպիսի զանգերի հեղինակների հանդեպ խստացվել են պատժամիջոցներն ու տուգանքները:
Հրապարակվել է 05.12.2016