Վտանգավոր մարդիկ
Նրանց հարցաքննում են, ձերբակալում, սպառնում նրանց ու նրանց հարազատներին, շատերին արգելել են երկրից դուրս գալ: Իշխանությունների ներկայացուցիչների պնդմամբ, դա ոչ թե ճնշում է, այլ «ապօրինի գործունեություն կանխելու միջոցներ:
Պատմում են լրագրողները
Օրհան Մամեդն ասում է, որ Meydan TV-ի իր հոդվածների պատճառով այս տարվա հունիսին նրա հորն աշխատանքից ազատել են:
«Սկզբում մի քանի անգամ զգուշացրել են: Հետո քույրս թղթերը տվել էր տեղական ինստիտուտներից մեկն՝ աշխատանքի անցնելու նպատակով, սակայն նրան վերադարձրել են փաստաթղթերն ու բացատրել, որ իմ պատճառով է: Իսկ վերջերս էլ ինչ-որ մեկը «զգուշացրել է» մեր բարեկմներին՝ այցելելով նրանց տուն: Չնայած՝ մենք նրանց հետ վաղուց կապ չենք պահում, և ընդհանրապես, նրանք ապրում են ուրիշ քաղաքում»:
Անկախ լրագրող Այթեն Ֆարհադովա. «Այն մասին, որ ինձ ձերբակալել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը, հարազատներս իմացել են պետական կառույցներից մեկի աշխատակցից, ով զանգահարել է հորեղբորս: Ես, որքան հնարավոր է, ձգտել եմ անհանգստություն չպատճառել ընտանիքիս: Իսկ այժմ մեր ողջ ընտանիքի համար ես քննադատության առարկա եմ դարձել: Ասում են՝ մի՞թե այլ աշխատանք չես կարող գտնել, ինչի՞դ է այս ամենը պետք»:
Այթենը ստիպված է եղել դադարեցնել իր համագործակցությունը Meydan TV հետ: «Եվ ես ընդհանրապես լրագրությունից հեռացա: Ադրբեջանում լրագրող լինելը նույնն է, ինչ հանցագործ լինելը: Ինձ համար շատ դժվար է այդ մասին խոսելը: Որքան հետաքրքիր թեմաներ կան, մարդիկ, որոնց պետք է օգնել, իսկ ես ոչ մի բանի մասին գրել չեմ կարող: Քանի որ հենց սկսեցի աշխատել, ձերբակալությունս անխուսափելի կլինի»:
Ջավիդ Աբդուլաևը պատմում է հարցաքննության մասին. «Ինձ զանգահարեցին և ասացին, որ ԶԼՄ վերաբերյալ քրեական գործ է բացվել ու ես պետք է ներկայանամ: Պարզվեց, ինձ կանչել են Մինգեչաուրի իրադարձությունների վերաբերյալ (Մինգեչաուրի բնակիչն անհայտ պարագայում մահացել է ոստիկանական բաժանմունքում, ինչը մինգեչաուրցիների ու ոստիկանների միջև բախման ու բողոքների ակցիաների առիթ է տվել – խմբ.):
Ընթացքում շատ հարցեր տվին նաև Meydan TV-ից: Նշեմ նաև, որ Կիևում վարձակալված իմ բնակարանը խուզարկել են, առգրավել են տսեախցիկս ու համակարգիչս: Ոչ ոք ինձ չբացատրեց՝ ինչ է կատարվում:
Meydan TV-ի հիմնադիրներից մեկը՝ Խաբիբ Մունթեզիրն այն հարցին, թե ինչպես կարող է ապահովել իր աշխատակիցների անվտանգությունը, պատասխանել է. «Մենք, որքան հնարավոր է, աշխատում ենք ապահովել մեր աշխատակիցների անվտանգությունը իրավական տեսանկյունից: Յուրաքանչյուր աշխատակցի համար փաստաբան ենք վարձել, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն: Առայժմ դրանից ավել ոչինիչ չենք կարող անել»:
Լրագրող Օրհան Մամեդը նույնպես արտահայտվեց այս կապակցությամբ. «Ես անձամբ Meydan TV-ից ոչինչ չեմ սպասում: Նրանք այնքան ուժեղ չեն, որ պաշտպանեն մեզ, իշխանություններն իրենց հերթին թույլ չէին տա, որ նրանք այդքան ուժեղ դառնային: Ես օգնում եմ նրանց միայն նրա համար, որ մեր երկրում խոսքի ազատությունը չխեղդեն»:
• Meydan TV-ն առցանց հեռուստաալիք է, որն իր առաքելությունն է համարում «քաղաքականության, տնտեսության, հասարակության, պատմության ու մշակույթի վերաբերյալ ազատ քննարկումներ անցկացնելու անկախ պլատֆորմ ստեղծելը». Հիմնադիրը՝ հայտնի հասարակական գործիչ Էմին Միլլին, երկուսուկես տարվա ազատազրկման է դատապարտվել (միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, օրինակ, Amnesty International-ի կարծիքով՝ քաղաքական մոտիվներով): Ներկա պահին բնակվում է Եվրոպայում: