Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, ըստ որի՝ 2023 թվականի մայիսի 15-ից չեղարկվում է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։ Երկրորդ հրամանագրով Պուտինը վերացրել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների արգելքը։
Առանց վիզայի ռեժիմի մասին հրամանագրի համաձայն՝ բացառություն են կազմում «աշխատելու նպատակով կամ 90 օրից ավելի ժամկետով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող քաղաքացիները, այդ թվում՝ կրթություն ստանալու նպատակով եկածները»։
Երկրորդ հրամանագրի համաձայն՝ ուժը կորցրած է ճանաչվել 2019 թվականի հունիսի 21-ից ռուսական ավիաընկերությունների համար գործող՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքներ իրականացնելու արգելքը։
Մարտի 22-ին ՌԴ Դումայի պատգամավոր, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Վրաստանը կանգնած են ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման և վիզային ռեժիմի չեղարկման եզրին։ Սակայն Կալաշնիկովի խոսքով՝ իր համար դժվար է գնահատել, թե երբ և ինչ հերթականությամբ կընդունվեն այդ որոշումները։
Հարկ է նշել, որ հունվարի 18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ Վրաստանի հետ ուղիղ չվերթներն արագ կվերականգնվեն և հայտարարել, որ Վրաստանի տնտեսության 10 տոկոս աճը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի հետ կապերով։
Սերգեյ Լավրովը նաև պարզաբանել էր, որ կան Վրաստանի, Աբխազիայի և Ցխինվալիի միջև երկխոսության անհրաժեշտ մեխանիզմներ, որոնցում «ներգրավված է նաև Ռուսաստանը»։ Նրա խոսքով՝ Մոսկվան կողմ է Վրաստանի և օկուպացված տարածքների միջև հարաբերությունների կառուցմանը։
Լավրովը պնդել էր, որ արևմտյան երկրներն ու կառույցները փորձում են Ժնևյան ձևաչափում «պատանդ պահել» Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչը, ըստ նրա, «քաղաքական դժգոհությունների ու քմահաճույքների հետևանք է»։
2022 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովը գովաբանել էր Վրաստանի կառավարությանը՝ ասելով, որ երկիրը «դիմադրում է Արևմուտքի ճնշմանը»։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ի սկզբանե չէր ողջունել Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու գաղափարը։ Նա այդ մասին գրել էր իր ֆեյսբուքյան էջում․
«Այն ժամանակ, երբ մեր բոլոր գործընկեր երկրները խոսքով կամ գործով առավելագույն համերաշխություն են հայտնում Ուկրաինայի անձնուրաց պայքարին, ինձ և, վստահ եմ, հասարակության մեծամասնության համար կառավարության և իշխող կուսակցության դիրքորոշումը, մեղմ ասած, անհասկանալի է»։