«Վերջնական որոշումը Ռուսաստանից կախված չէ»․ Լավրովը՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին
Հայ գերիների ազատ արձակում, ականազերծման քարտեզների փոխանցում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Երևանին և Բաքվին գրգռող այս գործոնները պետք է վերացվեն։ Լավրովն այս մասին հայտարարել է հայաստանցի պաշտոնակցի հետ ճեպազրույցի ժամանակ։
Կրթություն, գիտություն, առողջապահություն, տնտեսական կապեր ու միջազգային համագործակցություն։ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները Մոսկվայում քննարկել են հարցերի լայն շրջանակ։ Օրակարգային հարցերի մեջ հատուկ ուշադրություն են հատկացրել Անդրկովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը։
- Կութ գյուղում նորից հրդեհ է․«Ադրբեջանը հերքում է անհերքելին»
- «Զորահավաքից ազատման ենթակա անձանց մասով օրենսդրի մոտեցումը չհիմնավորված խիստ է»․ ՄԻՊ
- Ադրբեջանի հետ սահմանային միջադեպ, փակ Հայաստան-Իրան ճանապարհ։ Մեկնաբանություններ
«Մենք մանրամասն դիտարկեցինք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Այդ պայմանավորվածությունները թույլ տվեցին դադարեցնել կոնֆլիկտն ու տեղափոխել այն քաղաքական կարգավորման փուլ։ Պայմանավորվել ենք չթուլացնել Երևանին ու Բաքվին փոխադարձ գրգռող գործոնների վերացման նկատմամբ ուշադրությունը, այդ թվում` հայ գերիների ազատ արձակում, ականազերծման քարտեզների փոխանցում։
Հաստատել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա գործունեության անհրաժեշտությունը», – ասաց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին` ընդգծելով, որ այն դուրս է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից․
«Ելնում ենք այն համոզումից, որ բոլոր խնդիրները հարկավոր է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Իսկ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի դեպքում»։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը գոհ է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծված փոխվարչապետերի խմբի աշխատանքից։ Ըստ նրա՝ ապաշրջափակումը ոչ միայն կնպաստի Անդրկովկասի տնտեսական զարգացմանը, այլև կապահովի ավելի հուսալի հիմքեր Արցախյան խնդրի քաղաքական կարգավորման և տարածաշրջանի զարգացման համար։
Հայաստանի նորանշանակ արտգործնախարարը նշեց, որ բովանդակային քննարկումներ է ունեցել ռուսաստանցի գործընկերոջ հետ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման, ինչպես նաև 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման վերաբերյալ․
«Բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը, որոնք ուղղված են եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը։ Դրանց մեջ հատկապես կարևոր է հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Ռուսական կողմի ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել հայ ռազմագերիների մի մասի վերադարձը հայրենիք։
Մյուս կողմից պատերազմի ավարտից 9 ամիս անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, հապաղում է իրագործել ինչպես այդ, այնպես էլ հայտարարության մյուս դրույթները»։
Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ խաղաղության հաստատման գործում, իսկ խաղաղապահ ուժերի տեղակայումը որակեց «Բաքվի կողմից սադրանքներ թույլ չտալու և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովող գործոն»։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով, իսկ Արցախի կարգավիճակի հարցն այդ կարգավորման մաս պետք է կազմի։
«Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է։ Պատրաստ ենք սկսել ակտիվ երկխոսության այս օրակարգի շուրջ։ Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության դրույթները չկատարելը, տարածքային նկրտումները ՀՀ հանդեպ, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների մշտական ագրեսիվ հռետորաբանությունը ոչ մի կերպ չեն նպաստում տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության մթնոլորտի ձևավորմանը», — ընդգծեց Արարատ Միրզոյանը։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Միրզոյանն ասաց, որ Հայաստանը պատրաստ է երկկողմ հանդիպումների ադրբեջանական կողմի հետ։
ԶԼՄ ներկայացուցիչների հարցին, թե արդյոք սկսվել են բանակցություններ «խաղաղության պայմանագրի» շուրջ, Արարատ Միրզոյանը պատասխանեց՝ ասելով, որ այս պահին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում․
«Եթե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսվեն, ապա դրանցում պետք է անպայմանորեն արձանագրվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հռչակած սկզբունքների հիման վրա»։
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներին հարց ուղղեցին նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ։
Միրզոյանն ասաց, որ գերիների վերադարձման իր պարտավորությունը Հայաստանը վաղուց կատարել է՝ վերադարձնելով ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, բայց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն Ադրբեջանը չի պահել։
«Հիմա ադրբեջանցիները պահում են նրանց, ովքեր նոյեմբերի վերջին են գերեվարվել, այսինքն՝ երբ համաձայնագիրն արդեն ուժի մեջ էր։ Չնայած դրան՝ ՌԴ նախագահը և մենք դիմում ենք Ադրբեջանին՝ կոչ անելով առանց նախապայմանների ազատել բոլոր գերիներին», — ասաց Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ դա կարևոր հումանիտար քայլ կլինի՝ փոխադարձ վստահության ձևավորման համար, սակայն վերջնական որոշումը Ռուսաստանից կախված չէ։