Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են դպրոցների ավարտական քննություններն ու հնարավորություն է տրվել համալսարան ընդունվել՝ մեկ քննություն հանձնելով
Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի պայմաններում որոշվել է չեղարկել դպրոցների, ուսումնարանների և քոլեջների ավարտական քննությունները։ Այս մասին ուղիղ եթերում ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է մարտի 16–ին։ Այն պետք է ավարտվեր ապրիլի 14–ին։ Սակայն, քանի որ կորոնավիրուսի տարածումը երկրում չէր հաջողվել կասեցնել, կառավարությունը երկարաձգել է կարանտինը ևս մեկ ամսով՝ մինչև մայիսի 14–ը։
Չեղարկվել է նաև դպրոցականների հրաժեշտը դպրոցին՝ այսպես կոչված «վերջին զանգը»։ Միջոցառումը հետաձգվել է դեռևս անորոշ ժամանակով։
Դիմորդները բուհ ընդունվելիս միայն մեկ քննություն են հանձնելու։ Թե որ առարկայից, դեռ չի հաղորդվում։
«Թեթև և ասիմպտոմ դեպքերը ընդհանրապես չեն հոսպիտալացվի, կմնան տանը» — առողջապահության նախարար
Արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ և դեղորայք կհայտնվի։ Եվ ե՞րբ
Դպրոցական քննությունների և «Վերջին զանգի» մասին
Հայաստանի դպրոցներում քննություն են հանձնում ոչ միայն շրջանավարտներն, այլ նաև 4-րդ և 9-րդ դասարանցիները։ Դրանք այսպես կոչված փոխադրական քննություններն են։
«Որոշում է կայացվել դպրոցներում փոխադրական քննություններ չանցկացնել 4–րդ և 9–րդ դասարաններում։ Բոլոր առարկաներից տարեկան գնահատականները կամփոփվեն այն գնահատականների հիման վրա, որոնք աշակերտները ստացել են մինչև մարտի 13–ը և որոնք գրանցվել են էլկետրոնային մատյաններում», — ասել է նախարարն ուղիղ եթերում։
Նույն կերպ են որոշվելու հանրակրթական դպրոցների և ուսումնարանների շրջանավարտները տարեկան գնահատականները։ Սակայն նրանց, ովքեր դեկտեմբերին միջանկյալ քննություններ են հանձնել, ընտրության հնարավորություն է տրվում։ Աշակերտները դիպլոմի համար կարող են ընտրել կամ այդ քննությունների արդյունքում ստացած գնահատականները, կամ ուսումնական տարվա ամփոփիչ գնահատականները։
Ինչ վերաբերում է ատեստատների հանձնմանն, ապա դպրոցականները դրանք կստանան մինչև մայիսի 25–ն, իսկ քոլեջների ուսանողներին իրենց դիպլոմները կտրամադրվեն մինչև հունիսի 5–ը։
Ըստ նախարարի՝ ատեստատներն ու դիպլոմները որոշվել է տրամադրել հենց այդ օրերին, որպեսզի չխաթարվեն ամառային զորակոչի ժամկետները։
«Արտակարգ դրության ռեժիմի պայմաններում մեզ համար առաջնահերթ է զորակոչին չխոչընդոտելն ու առավել օբյեկտիվ գնահատականներ դնելը՝ ելնելով աշակերտների շահերից», — հայտարարել է Արայիկ Հարությունյանը։
Շրջանավարտների «վերջին զանգն», ըստ նախարարի, անպայման տեղի կունենա, բայց ոչ մայիսի 25–ին, ինչպես սովորաբար լինում է։
«Հենց առողջապահության նախարարությունը հաղորդի, որ խոշոր միջոցառումներն այլևս վտանգ չեն ներկայացնում, մենք օր կընտրենք և մեծ շուքով կնշենք «վերջին զանգը»», — խոստացել է նախարարը։
Դիմորդների մասին
Կրթության նախարարի այս ուղիղ եթերը երկար սպասվածներից էր։ Դպրոցներում դասերի ավանդական ավարտին մոտ մեկ ամիս է մնացել, և շրջանավարտները, չնայած կորոնավիրուսի համավարակին, ակտիվորեն պատրաստվում են համալսարանների ընդունելության քննություններին։ Եվ շատերն էին սպասում լուրերի, թե ինչպես է ամեն ինչ այս տարի անցնելու։
Ի վերջո, Արայիկ Հարությունը հայտարարեց, որ բուհերի ընդունելության քննություններն անցկացվելու են հուլիսի սկզբին, դիմորդներն էլ կարող են գործերը ներկայացնել մայիսի 25–ից մինչև հունիսի 15–ը։
«Դիմորդներն այս տարի ընդունելության միայն մեկ քննություն կհանձնեն։ Մինչև մարտի 15-ը մի քանի քննության համար հայտագրված դիմորդներին կվերադարձվեն քննությունների համար վճարված գումարները՝ փոխանցման միջոցով: Մենք հիմա բուհերից առաջարկներն ստացել ենք ու քննարկելու ենք, և մինչև մարտի 30-ը կասենք, թե որն է լինելու այդ միակ ու հիմնական քննության առարկան»։
Ինչ վերաբերում է քննությունների անցկացման կարգին, ապա նախարարն ասել է, որ Հայաստանի ողջ տարածքում քննական կենտրոններ կբացվեն։ Մարդկանց կուտակումներից խուսափելու համար դահլիճներ կթողնեն սահմանափակ թվով դիմորդների։
Նրանք քննությունները հանձնելու են դիմակներով։ Քննական կենտրոններն ապահովված կլինեն ախտահանող նյութերով։
Նախարարը վստահեցրել է, որ քննությունները կանցկացվեն անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ, և դիմորդների ծնողներին խնդրել չայցելել կենտրոնները, որտեղ նրանց երեխաները կքնվեն։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Ֆեյսբուքի հայկական տիրույթի օգտատերերի կարծիքները կիսվել են։ Ոմանք կողմ են նախարարության որոշումներին, մյուսները քննադատում են։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Սա ուսում չէ։ Սա իսկական խելագարություն է»։
«Պետք չէ երեխաներին ավելորդ սթրեսի ենթարկել։ Աշխարհը շուռ չի գա, պետք է հնարավորինս ամեն ինչ պարզ կազմակերպել»։
«Շատ ճիշտ որոշում»։
«Եթե երեխաներին գնահատելու էին ըստ այն գնահատականների, որոնք նրանք ստացել են մինչև մարտի 13–ն, ուրեմն հեռավար ուսուցումն իմաստ չուներ։ Էլ ինչո՞ւ էին նրանք շարունակում այսքան ժամանակ սովորել և գնահատականներ ստանալ»։