«Ադրբեջանը կրակի հետ է խաղում»․ հայ քաղաքագետ
Վերլուծաբանները՝ Արցախի շրջափակման մասին
«Լաչինի միջանցքի շուրջ պատային ու շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Նյարդերի պատերազմ է, իսկ ժամանակը Հայաստանի օգտին չի աշխատում»,- ասում է լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը։
Նրա կարծիքով՝ պայմանավորվածությունները ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով, ուստի խնդրի կարգավորման համար պետք է խոսել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ։
Քաղաքական մեկնաբան Ռիչարդ Կիրակոսյանն այս տեսակետը չի կիսում։ Նրա համոզմամբ՝ Երևանը պետք է ավելի համարձակ գտնվի, չմասնակցի բանակցությունների, քանի դեռ Արցախը շրջափակված է և մինչև անգամ առաջինը օդային միջանցք բացի՝ ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու համար։
Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին փորձագետներն իրենց կարծիքն են հայտնել «Ազատության» հետ զրույցում։
Արդեն 28 օր է, ինչ Արցախի 120 հազար հայերը շրջափակված են: Որպես բնապահպան ներկայացող ադրբեջանցիները փակ են պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Հումանիտար ճգնաժամ է։ Կառավարությունը պահուստային պաշարից որոշ մթերքներ է բաժանում խանութներին, իսկ այսօրվանից որոշել է անցնել կտրոնային համակարգի։: Նախքան շրջափակումը ամեն օր շուրջ 400 տոննա ապրանք էր մատակարարվում։
Ծանր է նաև Արցախի բուժհաստատություններում խնամվող տասնյակ հիվանդների վիճակը։ Նրանք երևանյան մասնագիտացված բուժկենտրոններում բուժումը շարունակելու կարիք ունեն։ Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ հնարավոր է եղել Հայաստան տեղափոխել ընդամենը 15 քաղաքացու։ Մեկ քաղաքացի էլ մահացել է՝ այդպես էլ չստանալով անհրաժեշտ բուժօգնությունը։
«Եթե Արցախը չխոսի, Հայաստանը նոր հարվածներ կստանա»
Այս կարծիքին է լրագրող, «Անի» հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը։ Ասում է՝ Արցախի իշխանությունները պարտավոր են «պատասխանատվություն ստանձնել» և ավելի ներգրավված լինել Ռուսաստանի միջնորդությամբ ռուս խաղաղապահների և Ադրբեջանի միջև խոսակցությանը։ Հակառակ դեպքում, ըստ նրա, տեղի կունենա «վտանգավոր բան»՝ Հայաստանը միայնակ կխոսի։
«Հայաստանի առաջ նորից դնելու են պարտադրանք, թղթեր, Հայաստանը կարող է ստիպված լինել կրկին գնալ ցավալի զիջումների, և Հայաստանի ներսում, և Արցախում ասելու են՝ տեսեք, հերթական դավաճանական քայլը»,- հայտարարել է Հակոբյանը:
Նրա դիտարկմամբ՝ «այս պատային իրավիճակը կարող է պայթել»։ Ասում է՝ Հայաստանի համար հետևանքները կլինեն չափազանց անկանխատեսելի․
«Ինչո՞ւ եմ ասում Հայաստանի, որովհետև քանի դեռ ռուս խաղաղապահները Արցախում են, այնուամենայնիվ Ալիևը խոհեմ է, և Ալիևը երբեք չի գնալու Արցախում բախման, կարող է փոքր բախումների գնալ, ինչպես նախկինում է արել, բայց հարվածները ստանալու է Հայաստանը»։
Կարծում է՝ Բաքուն Լաչինի միջանցքը փակել է՝ ունենալով ռազմական գերակայություն և դաշնակից Ռուսաստանի «լռելյայն աջակցությունը»։ Մյուս կողմից նկատում է՝ Մոսկվայի հետ պետք է շատ զգույշ վարվել։
«Եթե հիմա Ռուսաստանը մեզ չի կարող օգուտներ տալ, կարող է շատ լուրջ հարվածներ հասցնել»,- ասում է Հակոբյանն ու օրինակ բերում Լարսի անցակետի հնարավոր փակումը, որի արդյունքում Հայաստանը կհայտնվի նույն իրավիճակում, ինչ Արցախը։
Հայաստանն, ըստ նրա, պետք է փորձի գտնել այլընտրանքային ճանապարհներ։ Ասում է՝ երկրի անկախության ճանապարհն անցնում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով։ Այլ ճանապարհ վերլուծաբանը չի տեսնում։
Բարեկեցիկ պետության կառուցման ճանապարհին կարևոր է համարում ժողովրդավարությունը, բայց նաև հավելում՝ սահմանները պաշտպանելու համար այն բավարար չէ։
«Հայաստանը պետք է դիմի համարձակ քայլերի»
Քաղաքական մեկնաբան Ռիչարդ Կիրակոսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանին և Արցախին, այլև Ռուսաստանին։ Նրա կարծիքով՝ Մոսկվան ունի ճգնաժամը լուծելու հանձնառություն, բայց ոչ միջոցներ։
«Երբ ուշադիր նայում ենք ռուս խաղաղապահներին, նրանք բավականին սահմանափակված են և առաքելությամբ, և մանդատով, նրանք միջանցքը վերաբացելու հնարավորություն և միջոց չունեն»,- շեշտել է նա։
Կիրակոսյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ռուս խաղաղապահների որակի լուրջ անկում է գրանցվել, ծառայության են ժամանել ավելի շատ ժամկետային զինծառայողներ, քան պրոֆեսիոնալ զինվորականներ: Անդրադառնալով՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման նպատակով Մոսկվայի և Բաքվի հնարավոր համագործակցությանը՝ փորձագետը նկատել է․
«Մոսկվան կարող է որոշակի մեղսակցություն ունենալ Բաքվի հետ, ինչն ամոթալի է Ռուսաստանի համար»։
Նրա կարծիքով՝ կան ուղիներ, որոնցով Երևանն ու Մոսկվան կարող են կարգավորել Լաչինում ստեղծված ճգնաժամը.
«Միգուցե Գյումրիի ռազմաբազայից ռուսական ռազմական ինքնաթիռը կարող է ճեղքել շրջափակումը և հասցնել այդքան անհրաժեշտ հումանիտար օգնություն։ Չեմ կարծում, որ ադրբեջանցիները կհամարձակվեն խոցել ռուսական ռազմական ինքնաթիռը»։
Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ Հայաստանը պետք է համարձակ գտնվի, մարտահրավեր նետի ոչ միայն ՌԴ-ին, այլև Ադրբեջանին․
«Ցավոք, ՀՀ օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների առումով փակ չէ Ադրբեջանի կամ Թուրքիայի համար։ Մեկ այլ համարձակ քայլ ՀՀ կողմից կարող է լինել այն, որ, օրինակ՝ հրաժարվի ադրբեջանցիների հետ հանդիպումների մասնակցելուց մինչև շրջափակման վերացումը, մինչև Ադրբեջանի զորքերի դուրսբերումը Հայաստանի տարածքից»։
Ասում է՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցությունները չհետաձգելու պարագայում Հայաստանի՝ «ավազի վրա գծած ցանկացած կարմիր գիծ գնալով անիմաստ կդառնա»։
Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է օրինակ վերցնի Իսրայելից, գուցե որոշի, որ այլևս չպիտի «խելոք տղա» կամ «չափավոր խելամիտ գործընկեր» լինի, այլ պիտի քայլեր ձեռնարկի՝ ելնելով իր իսկ շահերից։ Ըստ նրա՝ ներկա պահին դա «արցախահայության կյանքը պաշտպանելու հրամայականն է»․
«Միգուցե Հայաստանը պետք է ինքնուրույն, միակողմանի օդային միջանցք գործարկի դեպի Արցախ և դրանով դրդի Արևմուտքին խոսքից գործի անցնել»։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է օգտագործի իր միակ առավելությունը՝ ժողովրդավարությունը, ցույց տա, որ Ադրբեջանը խարխլում է ժողովրդավարության և անվտանգության արևմտյան արժեքները։
«Ադրբեջանը գնալով ավելի դիվանագիտորեն մեկուսացված է դառնում ոչ միայն միջազգային հասարակական կարծիքի առումով, այլև Արևմուտքի շահերի տեսանկյունից։ Կարծում եմ՝ Ադրբեջանը այստեղ կրակի հետ է խաղում»,- ընդգծել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Վերլուծաբանները՝ Արցախի շրջափակման մասին