Արձագանք ՀԱՊԿ նիստը բոյկոտելո՞ւն․ հայկական բեռնատարները մնացել են Լարսի անցակետում
Վերին Լարսն ու հայկական բեռնատարները
Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Վերին Լարսի անցակետը փակ է։ Հաղորդվում է, որ այստեղ սպասում են 2678 բեռնատարներ, որոնցից 964-ն ունեն հայկական պետհամարանիշ։
Պաշտոնապես ճանապարհի փակ լինելը հիմնավորվում է եղանակային վատ պայմաններով, սակայն տեղում գտնվող հայ վարորդներն ասում են՝ մատնանշվել են նաև այլ պատճառներ՝ փաստաթղթեր, սանիտարական խնդիրներ։ ՀՀ-ում ակտիվորեն քննարկում են՝ արդյո՞ք հարցն ունի քաղաքական ենթատեքստ և պայմանավորված է վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների սրմամբ։
Նոյեմբերի 23-ին Մինսկում կազմակերպվել էր ՌԴ հովանու ներքո գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Հայաստանի վարչապետը չմասնակցեց նիստին, հույս հայտնեց, որ «ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը»։ Փաշինյանն ու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար բոյկոտում են ոչ միայն ՀԱՊԿ նիստերը, այլև ԱՊՀ գործընկերների հետ տարբեր հավաքներ, բայց նաև հայտարարում՝ «արտաքին քաղաքական վեկտոր փոխելու մտադրություն չունենք»։ Տարեսկզբին պաշտոնական Երևանը հայտարարեց, որ 2023թ․-ին չի հյուրընկալի ՀԱՊԿ զորավարժությունները, հրաժարվեց դաշինքում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, հետ կանչեց իր դեսպանին ու նորին չնշանակեց։
Վարչապետ Փաշինյանն ու կառավարության մյուս անդամները իրենց այս որոշումները հիմնավորելիս պարբերաբար հիշեցնում են, որ 2021 և 2022 թվականներին ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական հարձակումների ժամանակ Հայաստանը ռազմական օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին։ Դիմումները, սակայն, անպատասխան էին մնացել։ Բացի այդ, կառույցը, որ պատրաստակամություն է հայտնում դիտորդական խումբ ուղարկել Հայաստան, մինչ օրս չի հստակեցրել՝ որն է ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, ընդհակառակը՝ բազմիցս հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը դելիմիտացված չէ՝ այդ կերպ ակնկարկելով, թե ներկա պահին «սահման չկա»։
«Ձեռնպահ մնալ այս ուղղությունից»
Նման հորդորով է դիմել ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու հայտարարել, որ «անհնար է ապահովել տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունը»։ Եղանակային վատ պայմանների պատճառով նոյեմբերի 26-ին երթևեկոությունը սահմանափակվել էր, մեկ օր անց ճանապարհն ամբողջությամբ փակվեց։
Նշվում է, որ նախօրեին՝ նոյեմբերի 27-ի գիշերը Ռուսաստանի հարավում գրանցվել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում արձանագրված ամենահզոր փոթորիկը։
Էլեկտրոնային հերթագրման շտեմարանի տվյալների համաձայն՝ ՌԴ-ից Վրաստան մուտքի համար հերթագրված բեռնատարներից 964-ը ունեն ՀՀ պետհամարանիշ։
Չնայած ՌԴ ԱԻՆ-ի հորդորին՝ այս ուղղությունից ձեռնպահ մնալ Հայաստանը չի կարող։ Սա միակ ցամաքային ճանապարհն է, որը երկիրը կապում է Ռուսաստանին։
Առաջին դեպքը չէ
Հոկտեմբերի սկզբին Վերին Լարսի անցակետում երկու շաբաթ կանգնած էին մնացել կոնյակով բեռնված շուրջ 60 բեռնատարներ։ Այդ անգամ ռուսական կողմի պատճառաբանությունը խիստ մաքսային հսկողության իրականացումն էր։ Բոլոր բեռնատարները կանգնեցնում էին, նմուշներ ուղարկում լաբորատոր փորձաքննության։
Կոնյակ տեղափոխող մեքենաներին ի վերջո թույլ էին տվել անցնել, բայց երկար սպասելն ավելացրել էր բեռնափոխադրման ծախսերը։ Հարկ է նշել, որ հայկական կոնյակի մոտ 95 տոկոսն արտահանվում է հենց Ռուսաստան։
«Լարվածության հերթական դրսևորումն է»
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասում է՝ որքան էլ Փաշինյանն ասի, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ լավ են ու վկայակոչի Պուտինին, «տեսնում ենք, որ հարաբերությունները գնալով վատթարանում են»։ Վերին Լարսում ստեղծված իրավիճակը բնորոշում է որպես «լարվածության հերթական դրսևորում»։
Պատգամավորի գնահատմամբ՝ այդ կերպ Մոսկվան արձագանքում է Հայաստանի՝ ՀԱՊԿ վերջին նիստը բոյկոտելուն․
«Ռուսաստանը որոշակի ուղերձներ է հղում, եկեք ընդունենք, որ սա պատահական չէր։ Քաղաքականություն է վարվում, և իրենք էլ քաղաքականության դեմ որոշակի հակաքաղաքականություն են իրականացնում»։
«Քաղաքական ակնարկ չեմ տեսնում»
Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի դիրքորոշումն է։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ տեղի է ունեցել այդ սահմանակետում ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխի փոփոխություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Սիմոնյանը խնդրել է չշտապել հետևություններ անելիս, բայց նաև չի բացառել, որ կարող են լինել քաղաքական պատճառներ։ Չի մանրամասնել՝ ինչ նկատի ունի, միայն ասել է, թե՝ նկատած կլինեք, որ հարաբերությունները «մի քիչ լարված» են։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ չափազանց կարևոր է, որ Հայաստանում և Սփյուռքում հայերը գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք։ Կարծում է՝ «բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն անկախությունն ու սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է»։
«Որևէ Լարսի անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»,- գրել է նա:
Փորձագիտական շրջանակները քննադատում են Հարությունյանի այս հայտարարությունն ու նշում, որ այն «պետական մտածողության բացակայության հետևանք է» և «բացահայտում է իշխանության մտածողության խեղճությունը»։ Իր ֆեյսբուքյան էջում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ու հավելել, որ կառավարության խնդիրը Լարսում առաջացած խնդիրներին «օպերատիվ լուծում տալը» պետք է լինի, ոչ թե «ազգային տեքստ» գրելը։
«Լավ կլիներ, որ Հայաստանի կառավարությունը հետևողականորեն նպաստեր հայաստանյան արտադրանքի որակի ու չափանիշների բարձրացմանը, որպեսզի դրանց արտահանումը չսահմանափակվեր բացառապես ռուսական շուկայով»,- ընդգծել է քաղաքագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Վերին Լարսն ու հայկական բեռնատարները