«Վաշինգտոնն ու Մոսկվան հետևո՞ւմ են». հետախուզական ծառայությունների ղեկավարների այցերը Երևան
Բըրնսն ու Նարիշկինը Երևանում
Ինչո՞ւ են մի քանի օրվա տարբերությամբ Երևան եկել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարները: Այս հարցն արդեն մի քանի օր է, ինչ քննարկվում է հայաստանյան ԶԼՄ-ներում:
Ուիլյամ Բըրնսի և Սերգեյ Նարիշկինի այցերի մասին տեղեկությունները սուղ են: Հաղորդվել է, որ պաշտոնյաներին ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բըրնսը հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Նարիշկինի հետ հանդիպումների մասին այլ հաղորդագրություններ չկան, սակայն պաշտոնյան լրագրողների հետ զրույցում նշել է, որ Փաշինյանի հետ զրույցից հետո քննարկում է ունեցել նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ:
Հայտնի չէ՝ ինչով է պայմանավորված այն, որ պաշտոնյաները Հայաստանի մայրաքաղաք են այցելել մի քանի օրվա տարբերությամբ, որն է Երևան գալու պատճառը և ինչ օրակարգով են անցել հանդիպումները բարձրաստիճան հայ պաշտոնյաների հետ:
JAMnews-ը ներկայացնում է մինչ այս պահը հաղորդված տեղեկությունները, ինչպես նաև փորձագիտական կարծիք
Քննարկումներ Հայաստանի վարչապետի հետ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսն ու Հայաստանի վարչապետը քննարկել են
- միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր,
- ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող թեմաներ,
- Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները:
Վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ քննարկվել են նույն թեմաները՝ բացառությամբ ահաբեկչության դեմ պայքարի:
Սա ԿՀՎ ղեկավար Բըրնսի առաջին այցն էր Հայաստան։ Ացի մասին առաջինը հաղորդել էին ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով դիվանագիտական անանուն աղբյուրների: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չէր մեկնաբանել դրանք, իսկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ասել էր, թե Բըրնսի երևանյան այցի վերաբերյալ տեղեկություններ չունեն:
2005-2008 թվականներին պաշտոնյան եղել է ՌԴ-ում Միացյալ Նահանգների դեսպանը։
Փաշինյան-Բըրնս հանդիպման մասին հաղորդագրությունը հակիրճ էր, օրակարգային հարցերից բացի այլ տեղեկություններ չէին հաղորդվում:
Անդրադարձը Նարիշկինի հետ հանդիպմանը համեմատաբար երկար էր:
«Վարչապետը նշել է, որ պարոն Նարիշկինի այցը ևս մեկ լավ հնարավորություն է քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Նարիշկինը մատնանշել է «Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության փաստը»: Փաշինյանն էլ վստահություն է հայտնել, որ «համատեղ ջանքերով կհաջողվի փոխգործակցությունը դարձնել առավել արդյունավետ ու ամուր»:
Էլ ի՞նչ է հաղորդվել Բըրնսի և Նարիշկինի հանդիպումների մասին
Հուլիսի 15-ին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի հետ հանդիպել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը: Ուիլյամ Բըրնս ու Արմեն Գրիգորյանը քննարկել են՝
- Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը,
- Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները։
«Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները և տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը»,- ասված ԱԽ տարածած հաղորդագրությունում:
Սերգեյ Նարիշկինի հանդիպումների մասին հաղորդագրություններ չեն տարածվել: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը լրագրողների հետ զրույցում է ասել, որ աշխատանքային հանդիպում է ունեցել նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հետ:
«Իմ գործընկերոջ հետ քննարկել ենք հետախուզական տեղեկատվության փոխանակումը, արտաքին սպառնալիքների մի ամբողջ համալիրի բացահայտմանն ու կանխմանն ուղղված համատեղ գործողությունները: Սպառնալիքներ թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի նկատմամբ»,- ընդգծել է Նարիշկինը:
«Ռուսաստանը դաշնակիցներին պաշտպանելու ուժ ու ռեսուրս ունի»

ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում Սերգեյ Նարիշկինը հիշեցրել է, որ տարածաշրջանում գործում են ինտեգրացիոն կառույցներ՝ Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Ռուս պաշտոնյան կարծիք է հայտնել, որ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացները կայունության ամուր երաշխիք են։
«Այդ բոլոր կառույցները ստեղծվել են` հաշվի առնելով դրանց կազմում գտնվող բոլոր պետությունների շահերը։ Ինտեգրացիոն պաշտպանական գործիքները կայունության և անվտանգության պահպանման լավ երաշխիք են: Բացի այդ, Ռուսաստանն ունի բավականաչափ ուժ ու ռեսուրս, որպեսզի դժվար պահին պաշտպանի դաշնակիցներին ու ընկերներին»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հայտարարել էր, որ գործընկերների հետ խորհրդակցություններ են սկսել արտաքին հետախուզության ծառայության ստեղծման հարցով:
Նարիշկինի խոսքով՝ նման ծառայություն ստեղծել-չստեղծելը Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշելիք հարցն է, բայց եթե կայացվի այն ստեղծելու որոշում, Ռուսաստանը պատրաստ է աջակցել:
«Ցանկացած մեթոդաբանական օգնություն, աջակցություն կցուցաբերենք։ Մենք նույնքան հուսալիորեն և հետևողականորեն կփոխգործակցենք, որքան մինչև օրս ենք փոխգործակցել»,- նշել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը:
Կապ ունե՞ն Բըրնսի և Նարիշկինի այցերը միմյանց հետ
Նախքան Նարիշկինի այցը հայաստանցի փորձագետները պնդում էին, որ Բըրնսի առաջին այցը Հայաստան չի կարող պայմանավորված լինել Հայաստանում կամ տարածաշրջանում ընթացող գործընթացներով: Նրանք հնարավոր էին համարում, որ Բըրնսը Երևան եկած լինի ռուս պաշտոնյաների հետ հանդիպելու և Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունները քննարկելու համար:
Լրագրողների հետ զրույցում Նարիշկինը վստահեցրել է՝ իր այցը ամերիկացի պաշտոնակցի այցի հետ առնչություն չունի:
«Չեմ բացառում, որ նրա այցն ուղիղ կապ ունի իմ այցի հետ»,- հայտարարել է նա։
Փորձագիտական կարծիք
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի այցը տարածաշրջանային էր: Նկատում է՝ Բաքուն և Թբիլիսին պաշտոնապես չհաղորդեցին հանդիպումների մասին, ամերիկյան կողմը նույնպես ձեռնպահ մնաց, տեղեկություն տարածվեց միայն Երևանից:
«Բըրնսի այցն առնչվում էր հիմնականւմ ԱՄՆ օրակարգին Իրանի շուրջ՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Այդ համատեքստում, իհարկե, իր մեջ պարունակում էր նաև ռեգիոնի առնչությամբ որոշակիորեն ճանաչողական բնույթ»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է Բադալյանը:
Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ այս փուլում ամերիկյան կողմին հետաքրքրում է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացը՝ որպես մոսկովյան ձևաչափի հակակշիռ:
Ըստ նրա՝ սա է պատճառը, որ վարչապետ Փաշինյանից բացի Բըրնսը Երևանում հանդիպել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, ով նույնպես ներգրավված է գործընթացում և հանդիպումներ է ունենում Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ:
Բադալյանի համոզմամբ՝ ամերիկացի պաշտոնյայի այցը Երևան նախապատրաստվել է դեռևս ամիսներ առաջ, Ռուսաստանն էլ, իր հերթին, պատասխան այցի է պատրաստվել:
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի այցի մեջ քաղաքական մեկնաբանը «ռևիզիայի տրամաբանություն» է տեսնում:
«Նարիշկինը Երևան էր եկել համարժեք սուբորդինացիոն կշռով արձանագրելու, որ ՌԴ-ն տարածաշրջանում պահում է իր դիրքերն ու մտադիր չէ զիջել դրանք»,- ընդգծում է նա:
Փորձագետի խոսքով՝ այս միտքն էր թաքնված Նարիշկինի բոլոր, այդ թվում՝ «Ռուսաստանը դաշնակիցներին պաշտպանելու ուժ ու ռեսուրս ունի» հայտարարության տողատակում:
Բըրնսն ու Նարիշկինը Երևանում