Կարգազանց վարորդներին Հայաստանում այսուհետ կբացահայտեն նաև սովորական քաղաքացիները
Հայաստանի Ազգային ժողովն օրինագիծ է ընդունել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկարահանման վերաբերյալ։ Այժմ ճանապարհային երթևեկության խախտման ցանկացած ականատես կարող է տեսանկարահանել այն և բջջային հավելվածի միջոցով ուղարկել ոստիկանություն։
Սակայն նորամուծությունը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել սկզբից խորհրդարանում, այնուհետև՝ հասարակությունում։ Ոմանց զայրացրել է այն, որ օրենքը մարդկանց դրդում է «մատնիչ» դառնալ։
• Երևանի երեք ամենահին մեքենաները
• Հայաստանում հեռախոսների օգտագործման պատճառով աճել է վթարների թիվը
Նոր օրենքի մասին
Օրինագծի հեղինակներն «Իմ քայլն» իշխող դաշինքի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արմեն Փամբուխչյանն են։
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» երկար անվանումով օրենքում լրացումներ կատարելուն կողմ է քվեարկել 83, դեմ՝ 24 պատգամավոր, 3-ը ձեռնպահ են մնացել։
Օրինագծին դեմ են քվեարկել «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորները։ Նրանք կարծում են, որ օրենքի ընդունումը կբերի «մատնիչության»։
Օրինագծի հեղինակները համաձայն չեն այս կարծիքին։ Նրանք կարծում են, որ քաղաքացիները պարզապես պարտավոր են իրազեկել խախտումների մասին։ Ընդ որում, անանուն բողոքները չեն դիտարկվելու։ Ականատեսները պետք է նշեն իրենց անունը։
Ի դեպ, կառավարությունը պետք է սահմանի միևնույն մարդու կողմից ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների հնարավոր տարեկան և ամսական թիվ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանն, ըստ ամենայնի, միևնույն մարդուց միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ կարելի կլինի ուղարկել ամսական ոչ ավելի, քան մեկ, տարեկան՝ տասը հաղորդագրություն։
Կարգազանց վարորդներից բողոքել քաղաքացիները կարող են արդեն հիմա։ Սակայն շուտով կգործարկվի հատուկ հավելված, որի միջոցով բջջային հեռախոսներից հնարավոր կլինի առանց ուշացումների լուսանկարներ և տեսանյութեր ուղարկել։ Այն արդեն մշակման փուլում է։
Սկզբից հարթակը փորձնական ռեժիմով աշխատելու է միայն Երևանում և միջպետական մայրուղիներում, այնուհետև արդեն՝ ողջ Հայաստանում։
Հանուն արդարության պետք է նշել, որ այս գաղափարն այնքան էլ նոր չէ։ Մինչև 2018-ի «թավշյա» հեղափոխությունը ոստիկանությունը պատրաստվում էր շարժական տեսաձայնագրող սարքեր գործարկել, սակայն հասարակության բուռն բողոքից հետո նախագծի ընդունումը հետաձգվեց։
Մի քանի վիճակագրական տվյալ
Հայաստանի վիճակագրության կոմիտեի տվյալներով՝ 2019թ-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում գրանցվել է 2950 ճանապարհատրանսպորտային պատահար։
Վթարների արդյունքում զոհվել է 219 մարդ, տուժել՝ 4253-ը։
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է 17,8%-ով։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Ֆեյսբուքի հայկական տիրույթում հավելվածի ներդրման մասին նորությունն օրվա թեմա է դարձել։
Օգտատերերի մի մասը վրդովվում է, որ երկրում «մատնիչության» մեթոդներ են ներմուծվում, մյուս մասը շնորհակալություն է հայտնում օրինագծի հեղինակներին։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Եվ ինչպե՞ս սա հասկանանք։ Հիմա մեկս մյուսին մատնելո՞ւ ենք»։
«Մատնիչները միայն ճանապարհներին էին պակաս»։
«Դա մեծ օգնություն կլինի։ Շատ հաճախ վթարները մարդկանց կյանք են խլում։ Գուցե այս հավելվածն օգնի»։
«Որոշակի դեպքերում տեսանյութեր ուղարկելու եմ։ Եթե համարեմ, որ կոպիտ խախտում է, տեսանյութ եմ ուղարկելու։ Թող դրանով զբաղվեն համապատասխան կառույցներն, օրինակ, ճանապարհային ոստիկանությունը»։
«Հաստատ լավ գաղափար է»։
«Շատ ճիշտ որոշում է։ ԱՄՆ-ում նույնպես աշխատում է այս համակարգը։ Քաղաքացիների կողմից վերահսկողությունն ի վերջո կբերի նրան, որ Հայաստանի վարորդները կսկսեն կանոններին հետևել»։