Վակուում
լուսանկարը՝ Այնուր Ալիևի
Թբիլիսիից երթուղայինով ընդամենը 35 րոպե է անհրաժեշտ: Սակայն տեղեկություն չունեն, թե ինչ է տեղի ունենում իրենց սեփական երկրում:
Որոշակի չափաբաժնով այստեղ ամեն ինչ կա՝ հեռուստատեսություն, ինտերնետ, թերթեր: Երկու հարց է առաջանում. ի՞նչ լրատվամիջոցներ են դրանք, ովքե՞ր կարող են դրանք կարդալ կամ դիտել:
Անկախ Վրաստանը 5, 10, 20, 25 տարեկան է, բազմաթիվ պետական և ոչ պետական նախագծեր ու ծրագրեր, հսկայական գումարներ են ծախսվել, սակայն տեղեկատվական վակուումի խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում, որում ապրում են երկրի ազգային փոքրամասնությունները, այս պարագայում՝ Քվեմո Քարթլիում ապրող ադրբեջանցիները:
Գլխավոր ու հիմնական պատճառը նույնն է և նույնքան պարզ է. այստեղ խիտ բնակեցված մոտ 200 հազար ադրբեջանցիներ, որոնք տարածաշրջանում մեծամասնություն են կազմում, վրացերեն չգիտեն:
Մարդիկ այս խնդիրն ինչքնուրույն չեն կարող լուծել
29-ամյա Ամիլ Մամեդովն ապրում է Մառնեուլիի Քութլիարի գյուղում: Նրա գյուղը շրջկենտրոն Մառնեուլիից մոտ 20 կմ հեռավորության վրա է գտնվում: Նրան 15 րոպե է անհրաժեշտ շրջկենտրոն հասնելու համար: Ճանապարհը վերջերս են վերականգնել. նախկինում այդ 15 րոպեն փոսերի հալարիր էր, որի հաղթահարման վրա 1 ժամ էր ծախսվում:
Այսօր ճանապարհը բարեկարգված է, միջշրջանային տրանսպորտը հստակ ժամանակացույցով է աշխատում, ավտոբուսները երեք ժամը մեկ մեկնում են: Սակայն միայն մինչև երեկոյան 6-ը: Բայց գյուղացիների մեծ մասն ասում է, որ շատ ուրախ է, քանի որ դրանից առաջ այդ էլ չկար:
Ամիլն ամուսնացել է մեկ ամիս առաջ: Առաջինն, ինչ նա արել է հարսանիքից հետո, սկսել է վազվզել և երիտասարդ կնոջ փաստաթղթերը կարգավորել: Շատ է ուզում, որ նա մասնագիտություն ունենա: Ինքը շաբաթը երեք անգամ գյուղից Մառնեուլի է գալիս՝ «Վրացերենի տուն»: Ուզում է վրացերեն սովորել:
Նա միշտ զգացել է պետական լեզուն իմանալու անհրաժեշտությունը: Սակայն սովորելու հնարավորություն միշտ չէ, որ եղել է: Դպրոցում, ասում է, դասավանդման մակարդակը ծայրահեղ ցածր էր: «Դպրոցում սովորելու տարիներին միակ բանն, ինչ սովորել ենք վրացերենի դասերին՝ այբուբենն է», — ասում է Ամիլը:
Մեծ նշանակություն ունի նաև շրջապատը: Դպրոցից հետո նա ավարտել է Մառնեուլի բժշկական քոլեջը: Դա շատ դժվար էր. ուսուցումը վրացերենով էր, որը նա չգիտի, դասախոսություններ կային, որ ադրբեջաներենով էին և ռուսերենով: Բարձրագույն կրթության մասին երազելու իմաստ չկար: Սակայն նա շատ էր ուզում:
Մառնեուլի քաղաքը վրացական շրջանների մեջ առանձնանում է իր բազմազգությամբ: Այստեղ 73 գյուղ կա, 137,314 բնակիչ, նրանցից 8,1%-ն ադրբեջանցիներ են: Մնացածը՝ վրացիներ, հայեր, հույներ, ռուսներ:
«Երբ ես դպրոցն ավարտեցի, վրացերեն լեզվի մասին պատկերացում անգամ չունեի: Եվ իմ կրտսեր եղբայրն ինձնից հետո նույն ճանապարհն անցավ: Մեր դպրոցում կրթության որակն այժմ էլ չի փխվել: Վերջերս ստիպված եղա փաստաթղթերի համար պետական ռեեստր դիմել և չկարողացա բացատրել, թե ինչ է ինձ պետք, ահա այդպիսի նվաստացում», — ասում է Ամիլ Մամեդովը:
Շնորհակալություն ադրբեջանական հեռուստաալիքներին
Ամիլն իր ընտանիքի և համագյուղացիների համար տեղեկատվության կարևոր աղբյուր է, քանի որ հաճախ է Մառնեուլի մեկնում: Ամեն անգամ վերադառնալիս նա հարևաններին կենտրոնից բերած արդիական նորություններ է փոխանցում: Բոլորը հավաքվում են նրան լսելու, նա հեռուստացույցն ու թերթերն է փոխարինում, քանի որ վրացական ազգային հեռուստաալիքներն ու հիմնական ինտերնետային պարբերականները միայն վրացերեն լեզվով են և դրանով իսկ որպես տեղեկատվության աղբյուր տեղացիների համար անօգուտ են:
Նույն բանը շրջանի բոլոր գյուղերում է: Որքան հեռու է գյուղը քաղաքից, այնքան այն ավելի մեկուսացած է տեղեկատվություն ստանալու տեսանկյունից:
«Գյուղի կենտրոնում մի խանութ ունենք: Տղամարդիկ դրա մոտ հավաքվում և զրուցում են այն մասին, ինչ լսել են մյուսներից: Այդպես ողջ նախընտրական փուլում, քննարկել են կուսակցությունների թեկնածուներին: Լրացուցիչ տեղեկատվություն ենք ստանում ադրբեջանական հեռուստաալիքներից: Շնորհակալ ենք նրանց. նախընտրական փուլում նրանք շատ ռեպորտաժներ էին եթեր տալիս Վրաստանի մասին», – ասում է Ամիլը:
Թեյարանները որպես տեղեկատվության աղբյուր
«Ադրբեջանական համայնքը մոռացված է վրացի լրագրողների կողմից: Խմբագիրները միանգամից ասում են. «Դե ի՞նչ անենք, նրանք վրացերեն չգիտեն»: Սակայն դա ընդամենն արդարացում է, որը հորինվել է տեղեկատվություն թաքցնելու համար», — ասում է փորձագետ Զվիադ Կորիձեն:
«Քաղաքական կուսակցությունները հիանալի գլուխ հանեցին իրավիճակից, երբ ցանկանում էին ընտրություններին նրանց ձայները ստանալ. նրանք իրենց բոլոր գովազդային նյութերն ու թռուցիկները թարգմանել էին ադրբեջաներեն ու հայերեն լեզուներով: Լրատվամիջոցները նույն բանը կարող են անել, նրանք պարտավոր են իրականության հետ հաշվի նստել»:
Սակայն չեն անում: Այդ պատճառով էլ նրանց փոխարեն Մառնեուլիում չայխանաներն են աշխատում: Քաղաքում դրանք շատ են և տղամարդկանց հանդիպումների և զրույցների հիմնական վայրերն են:
Մառնեուլիի ամենահայտնի թեյարաններից մեկում դոմինոյի խաղաքարերի չխկչխկոցն է լսվում, անցած ընտրություններն են քննարկում:
Ճերմակ վերնաշապիկով միջին տարիքի մի տղամարդ հեշտությամբ համատեղում է դոմինոն ու թեյախմությունը: Նա Սուլեյման Չոբանովն է, թեյարանի մշտական հաճախորդներից մեկը: Մի քանի տարի առաջ Չոբանովն ինքն էր թեյարանի այցելուների համար որպես տեղեկատվության աղբյուր ծառայում, նա այն ժամանակ ադրբեջանալեզու «Զեկա» («Ինտելեկտ») թերթի խմբագիրն էր: Սակայն թերթն արդեն երկար տարիներ լույս չի տեսնում, և այժմ ոչ թե նա է թեյարանին տեղեկացնում անցուդարձի մասին, այլ այն՝ իրեն: Ինչպես նաև տեղի մնացած բնակիչներին:
«Շրջանում ադրբեջաներենով ոչ մի թերթ չկա: Համազգային հեռուստաալիքները չեմ նայում, ոչինչ չեմ հասկանում վրացերեն: Ստիպված եմ հավատալու այն ամենին, ինչ թեյարանում եմ լսում: իսկ այստեղ ամեն մեկն այնպես է նորությունը պատմում, ինչպես ինքն է հասկանում: Յուրաքանչյուրն իր կողմից մի բան ավելացնում է», – ասում է Չոբանովը:
«Չայխանան տեղեկատվության մեր միակ աղբյուրն է», – ավելացնում է սեղանի մոտ նստած կարմիր սպորտային հագուստով երիտասարդը:
Մառնեուլում սեփական տեղական հեռուստաընկերություն կա, այն կոչվում է «Մառնեուլի Թի-Վի»: Յուրաքանչյուր երեկո մոնտաժի փոքրիկ սենյակում և ստուդիայում աշխատակիցները նորությունների 15-րոպեանոց թողարկում են պատրաստում վրացերենով ու ադրբեջաներեով: Հեռուստաընկերության գրասենյակի առաջին հարկում «նյուզրումն» է՝ թեյարանը:
«Մենք թվային հեռարձակում ենք իրականացնում, սակայն բնակչությունն ամբողջապես արբանյակայինից է օգտվում: Այնպես որ, քչերի համար ենք աշխատում: Իս արբանյակային հեռարձակման չենք կարող անցնել, միջոցներ չունենք», – ասում է «Մառնեուլի Թի-Վիի» ալեհեր խմբագիր Շալվա Շուբլաձեն՝ 9 երեխաների հայրը:
Կինն ու նորությունները
Մառնեուլիում կանայք թեյարաններ չեն մտնում: Չգրված օրենք է. կանանց արգելված է թեյարան գնալ: Դա անընդունելի է ոչ միայն տղամարդկանց, այլ հենց կանանց համար:
46-ամյա Գյուլդեքին Աբասովան խանութում վաճառող է աշխատում: Բոլոր հարցերին ժպիտով է պատասխանում: Խանութի տերը նրա համար փոքր հեռուստացույց է բերել: Ողջ օրն ադրբեջանական Ա-Թի-Վի-ն է միացրած: Նա այդ հեռուստաալիքի հավատարիմ հեռուստադիտողն է: Սիրված հաղորդում էլ ունի:
«Անընդհատ միայն ադրբեջանական ալիքներ եմ նայում: Իսկ թե ինչ է Վրաստանում տեղի ունենում, ամուսինս երեկոյան կպատմի, թեյարանի նորությունները կփոխանցի», – ասում է Գյուլդեքինը:
Վերջերս ևս մեկ հնարավորություն է հայտնվել՝ «Մառնեուլի» համայնքային ռադիոն: Հեռարձակումը համացանցում է՝ ադրբեջաներենով: 10 աշխատակից ունի: Տնօրենը երիտասարդ Կամիլա Մամեդովան է:
«Ռադիոյում ադրբեջանցի և վրացի լրագրողներ են աշխատում: Խոսում ենք խնդիրների մասին, կյանքի պատմություններ ենք պատմում: Օրինակ, Մառնեուլիում մի մարդ է ապրում, որն արդեն 40 տարի է՝ պաղպաղակ է վաճառում: Նրա մասին մառնեուլցիներն առաջին անգամ լսել են մեր եթերում: Ռադիոհաղորդումների 90%-ը նվիրված է հենց մեր համայնքին», – ասում է Կամիլա Մամեդովան:
Այնպես որ, երիտասարդ սերունդը փորձում է ինչ-որ բան փոխել, միացնել Քվեմո Քարթլին մնացած Վրաստանին: Սակայն նրանց հնարավորությունները շատ քիչ են: Այնպես որ, հազիվ թե մոտ ապագայում ինչ-որ բան փոխվի: