Ի՞նչ անել հայ-ադրբեջանական խաղաղության պահը բաց չթողնելու համար․ Թոմաս դը Վաալի հոդվածը
Վաալը՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին
Հայ-ադրբեջանական բանակցություններում արձանագրված առաջընթացը հիմնականում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համառության շնորհիվ է, որը «գործարքի հասնելու համար մի շարք զիջումների է գնացել»։ Մասնավորապես՝ ընդունել է չհամաձայնեցված երկու դրույթների վերաբերյալ Բաքվի առաջարկները։ Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը նվիրված հոդվածում նման արձանագրում է արել ղարաբաղյան հիմնախնդրի փորձագետ, «Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը։
Շեշտել է՝ ադրբեջանցի պաշտոնյաները բացահայտ ասում են, որ չեն շտապում Հայաստանի հետ պայմանագիր կնքել, համարում են, որ այն ավելի շատ օգուտ կբերի ՀՀ-ին, քան Ադրբեջանին: Բացի այդ, ըստ նրա, Իլհամ Ալիևը շարունակում է հակամարտությունն օգտագործել որպես գործիք՝ երկիրը միավորելու համար։
Թոմաս դը Վաալը թվարկել է այն քայլերը, որոնք հնարավոր է ձեռնարկել «խաղաղության պահը բաց չթողնելու» համար։ Շեշտել է՝ Բրյուսելն ու Վաշինգտոնը կարող են ավելի նախաձեռնող լինել, սակայն առանցքային դերակատարն Անկարան է։ Նրա գնահատմամբ՝ թուրք պաշտոնյաները գիտեն՝ Փաշինյանի հետ հնարավորությունների պատուհանը կարող է փակվել։ Կարծում է՝ ՀՀ վարչապետի նախաձեռնությունները պետք է Թուրքիայի կողմից ավելի դրական արձագանքի արժանանան։
«Անշուշտ ժամանակն է՝ ավելի համարձակ լինելու և հայտարարելու քայլերի մասին, որոնք կխթանեն Հայաստանի հետ տնտեսական կապերը և որոշակի օգուտներ կբերեն Փաշինյանի կառավարությանը, նույնիսկ եթե որոշվի ամբողջությամբ չբացել [հայ-թուրքական] սահմանը»,- գրել է փորձագետը։
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով
- «Բաքուն ուզում է պայմանագրի վերաբերյալ կասկած առաջացնել հայ հանրության մոտ»․ կարծիք
- «Եթե ՀՀ-ն հրաժարվի իր կարմիր գծերից, միայն թղթի վրա կմնա պետություն»․ կարծիք
- «Հայ գերիների ճակատագիրը կարող է մնալ Բաքվի քմահաճույքների տիրույթում»․ կարծիք Երևանից
- Ինչո՞ւ է Բաքուն մերժում Երևանի առաջարկները․ Փաշինյանի հոդվածը ապաշրջափակման մասին
Երևան-Բաքու համաձայնությունը մեծ քայլ է, կնվազեցնի Մոսկվայի ազդեցության լծակները
«Մարտի 13-ին առանձին հայտարարություններով Ադրբեջանն ու Հայաստանը հայտնեցին, որ վերջապես հարթել են իրենց տարաձայնությունները հարաբերությունների կարգավորման համաձայնագրի տեքստի շուրջ՝ առաջին անգամ ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարությունը «պատմական» որակեց, Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ «վճռական քայլ» անվանեց։ Երկրորդ հայտարարությունն ավելի մոտ է իրականությանը: Սա մեծ քայլ է Հարավային Կովկասը կայունացնելու ուղղությամբ, բայց լիարժեք խաղաղության համար անհրաժեշտ են ևս մի քանիսը:
Կարևորագույնը միջազգային համատեքստն է։ Մինչ Մոսկվան և Վաշինգտոնը բանակցում են Ուկրաինայի ապագայի շուրջ, հայերը հատկապես վախենում են սցենարից, երբ Ռուսաստանը, պատերազմի բեռը թոթափած, իր ագրեսիվ հայացքը կրկին կուղղի Հարավային Կովկասին: Խաղաղության համաձայնագրի տեքստին սկզբունքային համաձայնությունը նվազեցնում է Մոսկվայի միջամտելու լծակները»։
Փաստաթուղթ կարգավորման, ոչ թե հաշտեցման մասին
«Սա փաստաթուղթ է պետությունների միջև կարգավորման, ոչ թե հասարակությունների հաշտեցման մասին։ Դրանում բացակայում են այն տարրերը, որոնք սովորաբար ուղեկցում են պատմական խաղաղության համաձայնագիրը և վերաբերում են հակամարտության հետևանքներին, ինչպես օրինակ՝ պատերազմական հանցագործությունների համար արդարադատության մեխանիզմներ կամ տեղահանվածների վերադարձի իրավունքի վերաբերյալ խոստումներ:
Չի նշվում այն հարցը, որի շուրջ երկու ժողովուրդները երկու պատերազմ են մղել, հազարավոր կյանքեր զոհել և անասելի վիշտ կրել՝ Լեռնային Ղարաբաղի հայաշատ շրջանը, որը միջազգայնորեն ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս:
Այդ հարցը բռնի ուժով կարգավորվեց 2023 թ․-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը գրավեց Ղարաբաղը, և դրա ողջ 100 հազարանոց հայ բնակչությունը փախավ։ Փաշինյանն այժմ ընդունում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, և ոչ ոք չի ակնկալում, որ ղարաբաղցի հայերը շուտով տուն կվերադառնան»։
ՀՀ Սահմանադրության հարցը կարելի է շտկել «ստեղծագործ դիվանագիտությամբ»
«Վկայակոչելով իր անցյալ տրավմաները՝ Բաքուն լուրջ նախապայման է դնում վերջնական խաղաղության համաձայնագրի համար՝ պնդելով, որ այն կարող է ստորագրվել, միայն երբ Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ: Ադրբեջանական կողմը մատնանշում է Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը վերաբերում է ՀՀ՝ 1990 թվականի Անկախության հռչակագրին, որը, իր հերթին, հղում է կատարում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին 1989 թվականի բանաձևի վրա։ Ադրբեջանն ասում է՝ սա թաքնված տարածքային պահանջ է, որը պետք է վերացվի:
Սահմանադրության հարցը, անշուշտ, կարելի է շտկել ստեղծագործ դիվանագիտությամբ, հատկապես, որ Փաշինյանն ինքը ցանկանում է նոր Սահմանադրություն 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո:
Սակայն Փաշինյանը շատ բան արդեն տվել է, և նրա գրպաններն այժմ գրեթե դատարկ են: Նա ուզում է գնալ ընտրությունների՝ հանրությանը ասելով, որ խաղաղության պայմանագիր է ապահովել, ոչ թե պարզապես հանձնվել Ադրբեջանին, ինչպես պնդում են նրա քննադատները: Եվ որքան մեծ ճնշում գործադրի Ադրբեջանը Սահմանադրության հարցում, այնքան դա դժվար կլինի անել։
Փաշինյանը այս որոշումը հայերին ներկայացնում է որպես հիմնարար փիլիսոփայական ընտրություն, իր բառերով՝ «Իրական Հայաստանի» և «Պատմական Հայաստանի» միջև։ Ըստ էության, նա ասում է ընտրողներին, որ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանից խոշոր ռազմական պարտություններ կրելով՝ Հայաստանն այժմ պետք է ընդունի նոր իրողությունը. պետք է փորձի հաշտություն հաստատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, զարգացնի կապերը Եվրոպայի հետ և ազատվի Ռուսաստանից վտանգավոր կախվածությունից»։
ՌԴ-ն ուզում է, որ Փաշինյանը ձախողի
«Շատերն են ուզում, որ նա [ՀՀ վարչապետը] ձախողի, մասնավորապես՝ ընդդիմադիրները, հայկական սփյուռքի կազմակերպությունները, Ռուսաստանը։
Ադրբեջանն էլ օգնական չէ այս գործում։ Ադրբեջանցի պաշտոնյաները բացահայտ ասում են, որ չեն շտապում [պայմանագիր ստորագրել] և համարում են, որ խաղաղության համաձայնագիրն ավելի շատ օգուտ կբերի Հայաստանին, քան Ադրբեջանին:
Նախագահ Իլհամ Ալիևը հրապարակայնորեն երբեք չի անդրադառնում խաղաղության օգուտներին, որևէ դրական բան չի ասում Փաշինյանի մասին։ Հայաստանի հետ հակամարտությունը դեռևս նրա գործիքն է՝ երկիրը միավորելու համար իր իշխանության ներքո։
Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից բանակցություններում առաջընթացի մասին հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ առաջ Ալիևը հանդես եկավ ագրեսիվ ելույթով և ՀՀ հասցեին ուղղեց իր մաքսիմալիստական պնդումները, դժգոհություններն ու մեղադրանքները, որոնք կրկնում է արդեն մի քանի տարի»։
Անկարան միաժամանակ երկու բան է ուզում, պետք է ընտրություն կատարի
«Ի՞նչ կարելի է անել խաղաղության այս պահը բաց չթողնելու համար: Բրյուսելն ու Վաշինգտոնը կարող են ավելի նախաձեռնող լինել՝ աջակցելով ճանապարհային կապի օրակարգին և հատկապես սահմանների բացմանը: Բայց առանցքային դերակատարը Անկարան է, որը միաժամանակ երկու բան է ուզում, և վաղ թե ուշ պետք է ընտրություն կատարի։
Թուրք զրուցակիցներն ասում են, որ գիտեն․ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիային դարձնում է ավելի ուժեղ խաղացող Հարավային Կովկասում, թուլացնում է Ռուսաստանի պատմական վերահսկողությունը ՀՀ նկատմամբ և լավ է արևելյան Թուրքիայի աղքատ սահմանամերձ շրջանների համար։ Ասում են, որ Փաշինյանն իրենց համար կատարյալ գործընկեր է։
Այդուհանդերձ, նրանք նաև ասում են, և սա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական դիրքորոշումն է, որ Ադրբեջանը եղբայրական պետություն է, նրանք պետք է սպասեն Բաքվի առաջին քայլին:
Թուրք պաշտոնյաները գիտեն, որ Փաշինյանի հետ հնարավորությունների պատուհանը կարող է փակվել, և որ նրա նախաձեռնությունները իրենց կողմից ավելի դրական արձագանքի են արժանի։
Թուրք առաջնորդները կարող են իրենց ադրբեջանցի ընկերներին ներկայացնել փաստարկ, որ դինամիկ քաղաքականությունը բխում է իրենց ընդհանուր շահերից և ձեռնտու է բոլորին՝ բացառությամբ ուժ հավաքող Ռուսաստանի և հայկական ընդդիմության»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Վաալը՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին