Սևանի ափին 8 հազար սոճի է չորացել՝ բզեզների՞, թե՞ մարդկանց մեղքով
Սևանի ափին գտնվող սոճիները չորացել են
Սևանա լճի ափին գտնվող 8 000 սոճի ամբողջությամբ չորացել է, ևս 10 000-ը չորանալու եզրին են։
Այս մասին ահազանգել են ոչ թե բնապահպանները կամ էկոակտիվիստները, այլ հենց շրջակա միջավայրի նախարարությունը։ Ըստ գերատեսչության՝ ծառերը վարակված են նեմատոդոզ հիվանդությամբ, որը «համարվում է ամենավտանգավորներից մեկը և տարածվում է բզեզների միջոցով»։
Փորձագիտական կարծիքներն իրավիճակի վերաբերյալ շատ տարբեր են։ Ոմանք այն գնահատում են աղետալի, ոմանք էլ նշում են, թե սա բնական է, անհանգստանալու կարիք չկա։
JAMnews-ը զրուցել է մասնագետների հետ՝ պարզելու համար, թե ինչու և ինչպես են չորացել ծառերն ու ինչ պետք է արվի։
- Ոստիկանները խոշտանգել են Սոյուդլուի դեպքերը լուսաբանող լրագրողին
- «Ջերմուկն ու Սևանա լիճը վտանգված են»․ Ամուլսարի շահագործման մասին
- Արևային էներգետիկայի զարգացման ճանապարհին․ արդյո՞ք Հայաստանը կհրաժարվի ատոմակայանից
«Խնդիրն աչքաթող է արվել, դրա համար էլ հիվանդությունը տարածվել է»
Բնապահպան Սիլվա Ադամյանը հիշում է, որ անձամբ ինքը խնդիրը նկատել է դեռ 2017 թվականներից, երբ այցելել է Սևան։ Այն ժամանակ, նրա խոսքով, չորացած, դեղնած սոճիների թիվը Սևանի տարածքում փոքր էր, բայց արդեն իսկ ուներ ուշադրության կարիք.
«Խնդիրն աչքաթող է արվել, տարածքը անտեր է մնացել, դրա համար էլ հիվանդությունը տարածվել է: Ծառը հիվանդանալուց մի քանի օր հետո չի կարող վերից վար չորանալ, դեղնել, դրա համար տարիներ են պետք։ Եթե ժամանակին զբաղվեին հարցով, այսօր չէինք ունենա նման պատկեր»:
Ըստ Սիլվա Ադամյանի՝ հարցին պետք է շուտափույթ լուծում տրվի, որպեսզի մնացած առողջ ծառերը չվարակվեն: Թեև նեմատոդոզ հիվանդությունը վարակված ծառի մոտ զարգանում է դանդաղ, բայց այն փոխանցվում ու տարածվում է բավական արագ:
«Պրոցեսը պետք է կանգնեցնել։ Բուսաբաններ ունենք, որոնք պետությունից գումար են ստանում, դա իրենց աշխատանքն է, պետք է լուծեն այս ծառերի հարցը։ Տարիներ առաջ ասում էին, որ Սևանը կինքնամաքրվի, երևի դրա համար չէին միջամտում, բայց տեսանք, որ դա այդպես չէ։ Լուրջ աշխատանք է պետք տանել, հակառակ դեպքում սա կհանգեցնի աղետալի հետևանքների։ Դա կազդի ընդհանուր շրջակա միջավայրի վրա, կլիմայի վրա, այդ ծառերը հատելու պարագայում սպառնալիքի առաջ կկանգնի նաև կենդանական աշխարհը»,- շեշտում է բնապահպանը։
«Անհանգստանալու կարիք չկա, այս ծառերը ծերացած են»
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վահե Գուլանյանն էլ կարծում է, որ անհանգստանալու կարիք չկա․ այս ծառերը տասնամյակների պատմություն ունեն ու ֆիզիոլոգիական ծերացման պրոցեսում են: Ծերացած ծառերն ունեն թույլ իմունիտետ ու ավելի զգայուն են դառնում հիվանդությունների նկատմամբ, ինչպես թույլ իմունիտետ ունեցող մարդիկ։
«Այս ծառերը արհեստականորեն տնկվել են դեռ 50-ականներին: Նրանց կյանքը 50 տարի է, առանձնահատուկ դեպքերում՝ 100 տարի: Կա ծառի ֆիզիոլոգիական ծերացում հասկացություն: Այս ծառերը ծերացել են: Չորացման առաջին ազդակները մենք ստացել ենք 2006-2007 թվականներին, երբ լճի մակարդակը բարձրացել էր։ Արմատները լվացվել էին, ու, բնական է, որ այդ ծառերը պետք է մեռնեին:
Ձմռանը ծառը չէր քնում, թաց արմատները նեխում էին, ծառը ցրտահարվում էր։ Դրան էլ գումարած վիրուսները, որոնք չեն կարող չլինել։ Ծառերն էլ մարդկանց պես են։ Հիվանդ, թույլ մարդն էլ ավելի շուտ է վարակվում գրիպով, բայց գրիպը չի վերանում չէ՞։ Ծառը պիտի ի վիճակի լինի պայքարել հիվանդության դեմ»,- մանրամասնում է Գուլանյանը:
Ասում է, որ կան տարածքներ, որտեղ ԽՍՀՄ-ից հետո անտառտնտեսական աշխատանքներ չեն կատարվել։ Հենց այդ տարածքներում էլ սկսվել են խնդիրները, ու ծառերը ծերացել են ժամանակից շուտ։ Իսկ պատճառը, նրա համոզմամբ, այն է, որ «քաղաքական իշխանությունները վախեցել են մասայական հատումներից»։
«Չունենալով ժողովրդի վստահությունը՝ իշխանությունները վախենում էին ծառերը հատել։ Մտածում էին, որ մարդիկ կասեն, թե իրականում ուրիշ բանի համար է դա արվում։ Բայց, մյուս կողմից, մենք էլ չէինք պնդում, որովհետև երաշխիք չկար, որ դա կօգնի։ 50 տարեկան ծառեր էին»,- ասում է «Սևան» ազգային պարկի» նախկին տնօրենը։
Նա խորհուրդ է տալիս հիմա էլ չվախենալ ու հատել այդ չորացած ծառերը։ Բացատրում է՝ 18 000 ծառը մեծ թիվ չէ Սևանի համար, նման քանակի հատումը թույլատրելիի սահմաններում է։
«Ժամանակին սոճիները շատ խիտ են տնկվել, ինչը բնության կանոններին դեմ է»
Ծառահատման կողմնակիցներից է նաև շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Վարդան Մելիքյանը։ Ասում է, որ ժամանակին սոճիները շատ խիտ են տնկվել, հետագայում անտառը չի նոսրացվել, ինչը բնության կանոններին դեմ է․
«Կան հատվածներ, որտեղ մեկ հեկտարի վրա ավելի քան 10 000 ծառ կա տնկված։ Ծառը մեծանում է, արմատն էլ է մեծանում, պարզ է, չէ՞, որ խանգարում են իրար աճել։ Խնդիրը միանշանակ լուծելի է, ողբերգություն չէ, պարզապես պետք է չթողնել լուծումն ապագայի վրա, պետք է լուծման տարբերակներ մտածել ու գործել հիմա»։
Ի վերջո ի՞նչ լուծում կտրվի հարցին՝ պատկան մարմինը դեռ չի որոշել։ Կազմվել է փորձագիտական խումբ, որը կշարունակի ուսումնասիրությունները։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Սևանի ափին գտնվող սոճիները չորացել են