Սրտի կաթվա՞ծ: Դա ձեր խնդիրն է:
Անցյալ տարվա ընթացքում աչքիս առաջ երկու անգամ մարդիկ մետրոյում գիտակցությունը կորցրել են: Առաջինը՝ միջին տարիքի տղամարդը, մահացավ: Իսկ մոտ 8 տարեկան աղջիկն, ըստ ամենայնի, ողջ է:
Ակտիվ մասնակցելով օգնության ցուցաբերմանը՝ ես պարզեցի հետևյալը.
1. Մարդիկ, հիմնականում հավաքվում են ընկածի շուրջն ու նույնիսկ չեն փորձում օգնել, այլ հակառակը, խանգարում են:
2. Մետրոյում, պարզվում է, բուժկետ կա, այն կայարանում է, շարժասանդուղքի մոտ:
3. Այն նախատեսված է մետրոյի աշխատակիցների համար, այլ ոչ թե ուղևորների:
4. Բուժկետի աշխատակիցները պնդում են, որ անհրաժեշտության դեպքում օգնում են ուղևորներին, սակայն դա սուտ է:
5. Նույն այդ բուժաշխատողները ոչ միշտ են իմանում՝ ինչպես առաջին օգնություն ցուցաբերել:
6. Նրանք ինձ ասացին, որ հերթափոխով են աշխատում, և կրկին ստեցին, քանի որ իրականում բուժկետը փակվում է ուղիղ ժամը 6-ին, ճիշտ այն պահին, երբ մետրոյում ամենաակտիվ ժամն է սկսվում՝ դժոխային հրմշտոցով ու տոթով: Եթե շտապօգնությունը խցանման մեջ ընկնի կամ փողոցները փակած լինեն, ապա սրտի կաթվածը կարող է կյանք արժենալ:
7. Մետրոյում մահանալը նորություն գրելու պատճառ չէ, այնպես որ, այդ մասին ոչ ոք էլ չի իմանա:
8. Ուշագնաց եղած աղջկա մասին ոստիկաններն ասում էին. «Ժամանակ է գտել ընկնելու, չէ՞ որ մարդիկ են նայում»: Այսինքն դա ամոթ էլ է:
Եվ պարզվեց, որ ադրբեջանական մամուլում հաճախ միևնույն նորությունն է հայտնվում՝ մետրոյի կայարաններում այժմ բուժկետեր կլինեն:
2009 – Բաքվի մետրոն բուժօգնություն կցուցաբերի ուղևորներին
2014 – Բաքվի մետրոյում կարող է կարևոր նորամուծություն հայտնվել
2015 – Իմանալով այս կանոնները՝ դուք կարող եք մարդու կյանք փրկել
Այստեղ արդեն պարզապես փաստում են, որ ուղևորների համար բուժկետեր չկան:
«Եթե միայն սրտի մերսում և արհեստական շնչառություն անել, ապա ողջ մնալու շանսերը բավականին քիչ են, դրանք մեծանում են, եթե խոսքը գնում է խեղդվելու մասին կամ, ասենք, շնչառության հետ կապված խնդիրների, — ասում է առաջին բուժօգնության մասնագետ Գաիբ Ալիևը: — Իսկ եթե խոսում ենք սրտային խնդիրների մասին, ապա առանց բժիշկների շանսերը շատ քիչ են:
Եթե խոսենք այն մասին, թե երբ կգան բժիշկները, ապա ամեն ինչ կախված է նրանից, որքան ճիշտ նրանք ամեն ինչ կանեն: Ըստ վիճակագրության, էլէկտրախթանիչի (դեֆիբրիլյատորի) առկայությունը սրտային աշխատանքը վերականգնելու 80 տոկոս հնարավորություն է ապահովում, եթե օգտագործել այն սրտի կանգից հետո 4 րոպեների ընթացքում, դրանից ուշ շանսերը շատ են կրճատվում»:
Ստացվում է, որ եթե կայարանում բժիշկներ լինեին, եթե նրանց մոտ էլէկտրախթանիչ լիներ, մարդը կարող էր ողջ մնալ:
Երբ ես սկսեցի գրել այդ դեպքի մասին ֆեյբուքյան իմ էջում, պարզվեց, որ ուրիշները նույնպես տեսել են, թե ինչպես են մարդիկ ուշագնաց լինում և նույնիսկ մահանում մետրոյում:
«Ամռանը ես նույնպես ականատես եմ եղել նման դեպքի, — պատմում է Անժելիկան: — «Մեմար Աջեմի» կայարանում 60-ին մոտ մի կին ուշագնաց եղավ: Ես գործում էի ըստ ցուցումների. համոզվեցի, որ նա շնչում է, բարձրացրի ոտքերը: Մետրոյի աշխատակիցներն ու ոստիկանությունն ընդհանրապես չգիտեին՝ ինչպես են առաջին օգնություն ցուցաբերում: Ինձնից առաջ ոստիկանը զարկերակը ստուգեց և ասաց, որ նա մահացել է: Բայց ես տեսա, որ նա շնչում է: Անուշադրի սպիրտ չկար ոչ ոստիկանների, ոչ մետրոյի աշխատակիցների մոտ: Բացի այդ ես նրանց ստիպեցի անմիջապես շտապօգնություն կանչել: Այն 20 րոպեների ընթացքում, ինչ ես այնտեղ էի, շտապօգնությունն այդպես էլ չեկավ: Հետո կինը ուշքի եկավ: Եվ ես գնացի աշխատանքի: Հետո արդեն նորություններ կարդալիս իմացա, որ այդ կայարանում այդ նույն օրը կին է մահացել: Ըստ ամենայնի, շտապօգնությունն այդպես էլ չէր եկել»: