Ստամբուլը փոխել է իր գույները
Թուրքիայի ընդդիմությունն արդյունքում հասավ իր ուզածին, թեկուզև՝ երկրորդ փորձից։ Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն դարձավ Ստամբուլի՝ Թուրքիայի խոշորագույն մեգապոլիսի և քաղաքական ու տնտեսական առումով երկրի կարևորագույն քաղաքի ղեկավարը։
Սակայն փորձագետներից շատերն ասում են, որ ընդդիմությունն ավելիին հասավ, քան գլխավոր քաղաքի գլխավոր պաշտոնը։
Ընդդիմությունը լուրջ հարված հասցրեց նախագահ Թայիփ Էրդողանի անհաղթ իմիջին և ցուցադրեց, որ Թուրքիայում բնակչության մեծ մասը համաձայն չէ նրա կոշտ կառավարմանն ու քաղաքականությանը։
Ընտրությունների արդյունքում՝ Էքրեմ Իմամօղլուն հավաքեց 54,21 տոկոս ձայն։ Նրա մրցակից, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ 44,99 տոկոս։
Մնացած բոլոր թեկնածուները միասին հավաքել են 0,80 տոկոս ձայն։
• Տնտեսական ճգնաժամ Թուրքիայում. ոստիկանությունը վերահսկում է հացի գները
Առանց չափազանցման կարելի է ասել, որ ողջ Ստամբուլը ցնծում էր, երբ հունիսի 23-ի ուշ երեկոյան հայտարարվեցին նախնական արդյունքները։
JAMnews-ի թղթակիցները մեկնել էին լսելու նոր քաղաքապետի ելույթն ու ավտոբուսում այսպիսի տեսարանի են ականատես եղել․
«Դուք հասաք ժողովրդավարության հաղթանակի այսօր այստեղ՝ մեր քաղաքում։ Շնորհակալություն, Ստամբուլ», — դիմեց Էքրեմ Իմամօղլուն իր կողմնակիցներին իր առաջին մամուլի ասուլիսին։
Նրա հազարավոր կողմնակիցները ողջունում էին նրան և վերև բարձրացնում ձեռքերն՝ ափերով սիրտ ցուցադրելով․ դա Իմամօղլուի նախընտրական արշավի տարրերից մեկն էր, որը շատ պոպուլյար էր դարձել հատկապես երիտասարդության շրջանում։
49-ամյա Էքրեմ Իմամօղլուն գործարար է, որն ընտանեկան գործը հորից է ժառանգել, և այն նրա հիմնական զբաղմունքն էր բառացիորեն մինչև 2014թ-ը, երբ նա քաղաքականություն մտավ։
Այն ժամանակ Էքրեմ Իմամօղլուն ընտրվեց Ստամբուլի շրջաններից մեկի ղեկավար։
Թեև նա ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ է 2009թ-ից, մեգապոլիսի քաղաքապետի պաշտոնում նրա թեկնածության առաջադրումն անակնկալ էր փորձագետների համար։ Մինչև այդ Իմամօղլուն հեղինակավոր քաղաքական ֆիգուր չէր համարվում։
Ստամբուլի քաղաքապետ դառնալու իր առաջին փորձը նա ձեռնարկեց մարտի 31-ի ընտրություններին։ Իմամօղլուն դրանցում հաղթեց հենց Բինալի Յըլդըրըմին ձայների նվազագույն տարբերությամբ՝ 48.80 տոկոսը 48.50-ի դիմաց։ Սակայն նա պաշտոնավարեց ընդամենը 19 օր։ Իշխող կուսակցությունը բողոքարկեց ընտրությունների արդյունքներն ու ԿԸՀ-ն սկսեց ձայների վերահաշվարկ, որի ընթացքում խախտումներ գտավ․ արդյունքները չեղարկվեցին և նոր ընտրություններ հայտարարվեցին, որոնք էլ այժմ ավարտվեցին ջախջախիչ հաղթանակով։
Ստամբուլի փողոցներում փոփոխություններն անհավանական էին ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո։ Իշխղ կուսակցության դրոշները, պաստառներն ու կողմնակիցները բառացիորեն անհետացան։ Երկբևեռ նախընտրական տրամադրությունները փոխվեցին մոնոլիտով։
Դա պատկերավոր երևում էր գույներից․ գերիշխող կարմիրը («Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության գույնը) փոխվեց հաղթանակած ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության կապույտով։
Մեքենաների վրա այդ կուսակցության և պետական դրոշներ էին, դրանց վրա՝ Աթաթուրքի և Իմամօղլուի դիմանկարները։
Բնակչության դժգոհության հնարավոր պատճառների թվում են միանձնյա իշխանության ամրապնդումը, որով վերջին տարիներին զբաղվում էր նախագահ Էրդողանը, և այդ դժգոհության արդյունքը դարձավ ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը։ 2017թ-ի ապրիլի հանրաքվեին Էրդողանը սահմանադրական փոփոխություններ էր նախաձեռնել, որոնք ուժեղացնում էին նախագահիի լիազորություններն ու փաստացի անցում էին նշանակում կառավարման խորհրդարանական ձևից դեպի նախագահական։ Հանրաքվեն անցկացվում էր արտակարգ դրության պայմաններում, ընդդիմությունը բողոքարկում էր դրա արդյունքը։
Շարունակվող տնտեսական ճգնաժամը նույնպես կարևոր պատճառներից մեկն էր։ Այս տարի Թուրքիան աշխարհում արժեզրկման մակարդակով փաստացի առաջատարն էր։ Թանկացումները տարածվել են սննդամթերքի բոլոր հիմնական տեսակների վրա և լուրջ ճգնաժամ առաջացրել հասարակությունում։ Երկրում 2019թ-ի հունվարին սպառողական գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 20.35%-ով։
Սակայն իշխանությունները հերքում են նույնիսկ արժեզրկման փաստը և մթերքի թանկացումը սաբոտաժի արդյունք համարում։ Խնդիրը լուծելու համար կառավարությունը փորձում է կարգավորել մթերքի գները։
Ռահմին Թաքսիմ փողոցի անկյունում սմիթ (թուրքական օղաբլիթներ) է վաճառում։ Թարմ սմիթով սայլակի վրա աչքի է ընկնում մեծ աչքի հուլունքը։ Այն մի ժամանակ կախված էր նրա սրճարանի դռնից, որը նա ստիպված էր վաճառել սնանկացման պատճառով։
«Տնտեսական ճգնաժամն, առաջին հերթին հարվածել է մանր ու միջին գործարարներին։ Այս հուլունքը միակ բանն է, որ մնացել է իմ սրճարանից։ Ես այն ի հիշատակ եմ վերցրել, երբ բանալիները նոր տիրոջն էի փոխանցում։ Եթե իշխանությունը չփոխվի, չեմ կարծում, որ մարդիկ լավ ապրուստ ունենան»։
Ամրահը, որի հետ մետրոյում ծանոթացանք, աշխատում է Զոնգուլդաղի հանքում՝ երկրի հյուսիս-արևմուտքում։ Նա պատմում է, որ Ստամբուլ է եկել հենց քվեարկելու համար, քանի որ այնտեղ է ապրում։ Ամրահը դժգոհ է քաղաքային իշխանություններից և ընդհանրապես երկրի կառավարությունից։
«Եթե հայրենի քաղաքում աշխատանք գտնեի, ստիպված չէի լինի Զոնգուլդաղ գնալու։ Հանքում աշխատանքային ծանր պայմաններ են։ Եվ աշխատակիցների անվտանգությունը չի ապահովվում։ Ճիշտ է՝ սկզբից AKP-ն շատ բան արեց երկրի զարգացման համար, սակայն վերջին տարիներին ամեն ինչ գնալով վատթարանում է։ Կարծում եմ, Էրդողանի և նրա թիմի հեռանալու ժամանակն է»։