Ստալինը կրկին կենդանի է Հարավային Օսիայում և Արևելյան Ուկրաինայում
Ապրիլին միմյանցից բավականաչափ հեռու երկու հետխորհրդային շրջաններում՝ Հարավային Օսիայում և Արևելյան Ուկրաինայում, միանման որոշում է կայացվել, որը թելադրված է Ստալինի նկատմամբ սիրով։
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, որը միջազգային հանրությունն Ուկրաինայի մաս է համարում, որոշում է կայացրել Դոնեցկ քաղաքին ևս մեկ անվանում տալ՝ Ստալինո։
Իսկ Հարավային Օսիայում որոշում է կայացվել, որ մայրաքաղաք Ցխինվալը երկրորդ անունն է ունենալու՝ Ստալինիր։
Ինչպե՞ս է օգտագործվելու Ստալինիր անվանումն, ու ինչպե՞ս է այն հայտնվել
Այս լուսանկարն արել է ՕՍինֆորմ գործակալությունը 2013 թ–ին Սատիկար գյուղում։
Տեղի բնակիչներն իրենց նախաձեռնությամբ վերականգնել են Ստալինի հուշարձանը։
2020 թ–ի ապրիլի 26–ին Հարավային Օսիայի նախագահը հրամանագիր է ստորագրել մայրաքաղաքի երկրորդ՝ Ստալինիր անվան մասին։
Որոշման մեջ ասվում է, որ այն ընդունվել է «պատմական հիշատակի պահպանման նպատակով և 1941-1945 թթ–ի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ»։
Մոտենում է Հաղթանակի օրը՝ Մայիսի 9–ը, և տեղական կառավարման մարմիններին հանձնարարվել է միջոցառումներ կազմակերպել, որոնք կհանրայնացնեն Ստալինիր անվանումը։
Տեղանվան պատմությունը
1931 թ–ի փետրվարի 5–ին Վրացական ԽՍՀ Հարավային Օսիայի ինքնավար մարզի Խորհուրդների IX համագումարի ժամանակ բոլշևիկ Ռազդեն Կոզաևն առաջարկել էր Ցխինվալ քաղաքը վերանվանել Իոսիֆ Ստալինի անունով։
1934 թ–ի մարտի 17–ին կենտրոնական խորհրդային կառավարությունը համապատասխան որոշում էր կայացրել։ Այդ օրվանից մինչև 1961 թ–ը քաղաքը պաշտոնապես կրում էր Ստալինի անունը։
Իսկ այդ վերանվանման նախաձեռնողի ճակատագիրը ողբերգական էր։ Ռազդեն Կոզաևը 1937 թ–ին ստալինյան ռեժիմի բռնաճնշումների զոհ է դարձել։
Ընդ որում, Կոզաևը Բոլշևիկյան կուսակցության առաջին անդամն էր Օսիայում, անդամակցել էր 1898 թ–ին, ակտիվորեն մասնակցել էր պայքարին՝ հանուն խորհրդային իշխանության տարածման։ Սակայն 1937 թ–ին դա չէր փրկել նրան բռնաճնշումների գործադրումից իր նկատմամբ։
Ստալինը՝ հին հերոս և ժողովրդի հայր
Սոցցանցերում Ստալինիրի վերադարձը բուռն էմոցիաներ է առաջացրել, բայց տարատեսակ։
Տեղի բնակիչներից շատերը հիացմունքով ողջունել են այդ որոշումը։ Facebook–ում խումբ է ստեղծվել, որին անդամակցում են իրենց ստալինիրցիներ անվանողները։
Նրանք այնտեղ տեղադրում են Ստալինիրի հին լուսանկարներն ու հիշում անցյալը, թեև հաճախ՝ իրենց անդառնալիորեն հեռացած երիտասարդությունը։
Այդ խմբի մասնակից Լյուդմիլա Ալբորովան գրում է․
«Շատ լավ է, ճիշտ որոշում է։ Հիշում եմ, թե ինչպես 2012 թ–ին մաքսատանը հորեղբորս մեղադրեցին, որ նրա անձնագրում ծննդյան վայրը նշված է Ստալինիր։
Ինձ ընկերակցության համար նրա հետ միասին պահեցին բանտախուց–սենյակում մոտ երկու ժամ։ Սարսափելի էր»։
Ստալինը մարդասպան է, որը ոչնչացրել է օսական ինտելիգենցիան
Տեղացիների մյուս մասն այդ որոշումը վիճելի է համարում, իսկ ոմանք այն վիրավորական են անվանել։
«Տրամաբանություն չեմ տեսնում այդ հրամանի մեջ։ Այո, մի քանի տարի քաղաքը կոչվել է Ստալինիր, սակայն Հարավային Օսիայի մայրաքաղաքի պատմական անվանումը Ցխինվալ է», — JAMnews–ին ասել է Հարավային Օսիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռոլանդ Կելեխսաևը։
«Ստալինը օս է, մենք նրան օս ենք համարում, սակայն նա Օսիայի համար օգտակար ոչինչ չի արել։ Մենք ականատես ենք եղել այն բանի, որ Հարավային Օսիան անցել է վրացերեն լեզվի, իսկ Հյուսիսային Օսիան՝ ռուսերենի։ Օսական ինտելիգենցիայի լավագույն ներկայացուցիչները բռնաճնշումների են ենթարկվել։ Օսիան բաժանվել է հյուսիսային և հարավային մասերի»։
Եվ շատ են նաև մարդիկ, որոնք հիշեցնում են ստալինյան ռեժիմի ժամանակ գնդակահարվածների և բռնաճնշումների ենթարկվածների մասին։
Հանրային գործիչ Աղունդա Բեկոևան առաջարկում է հիշել Մատե Սանակոևի և Ալեքսանդր Թիբիլովի մասին, որոնց անունով է կոչվում Հարավային Օսիայի համալսարանը։
«Հնարավոր է, որ չեք հիշում, թե ովքեր են նրանք», — գրում է նա իր մեկնաբանություններում։
Աղունդա Բեկոևան հայտնի թատերական դերասան Գեորգի Բեկոևի թոռն է։ 1930-ական թվականներին նա տեղի «Ռեստձինադ» ընդդիմադիր կազմակերպության ակտիվիստ էր, այնուհետև քաղբանտարկյալ էր, ստալինյան ճամբարներում էր եղել օսերենի օգտին ագիտացիա անելու համար։
«Ի՞նչն էիք ուզում տոնել։ Որ քաղաքը, թեկուզև հատուկենտ օրերին, կոչվելու է օս ժողովրդի ԴԱՀՃԻ անունո՞վ։ Ինչո՞ւ ես պետք է ամաչեմ հորս ու պապիս հասակակիցների համար», — գրում է Բեկոևան։
Ստալինն այն մարդն է, որը օսերին Վրաստանի կազմ մտցրեց և սկսեց վրաց–օսական հակամարտությունը
Ստալինի հիշատակի հավերժացմամբ վրդովվածների մյուս խումբը դրա ուրիշ պատճառներ է տեսնում՝ վրաց–օսական հակամարտությունը։
Facebook–ի ակտիվ օգտատեր Սվատի Ֆարնան քննարկում է սկսել՝ այսպիսի գրառում կատարելով․
«Ներկայիս վրաց–օսական հակամարտության արմատները խորհրդային դարաշրջանից են գալիս։ Այն ժամանակ օսերի բնակվելու տարածքը կիսվել էր Ռուսաստանի խորհրդային հանրապետության (ՌԽՖՍՀ) և Վրաստանի խորհրդային հանրապետության միջև։ Պատմությունը կարող էր էլ ավելի դրամատիկ լինել, եթե 1920-ականներին Ստալինին հաջողվեր Վրաստանին միացնել ոչ միայն Հարավային, այլև Հյուսիսային Օսիան»։
Ստալինի նկատմամբ զանգվածային սիրո ֆենոմենը Հարավային Օսիայում
Իոսիֆ Ստալինի մասին տեղի հասարակությունում շատ են խոսում, հաճախ և սովորաբար՝ սիրով։
Քաղաքագետ Ալան Մամիևն այդ ֆենոմենը բացատրում է ուժեղ և մասշտաբային պատմական անհատականության նկատմամբ օսերի կարոտով։
«Ստալինը դասական հին առաջնորդ է, որի համար սեփականությունը կարող է լինել միայն կոլեկտիվ և մասնավոր չի կարող լինել, ընդհանուրը մասնավորից բարձր է։ Նա երկիրն ընկալում է «ծովից ծով պետություն» ձևաչափով, որը սահմաններ չունի։
Օս ժողովրդի կոլեկտիվ անգիտակցականը կարոտում է այդ մարդկային տեսակը, որը պահանջարկն ունի։ Ստալինն իրեն համեմատում էր [վրացական էպոսի հերոս] Ամիրանիի, Պրոմեթևսի հետ։ Նա իրեն «ժողովուրդների հայր» էր անվանում։ Իսկ հիմա ոչ թե ժողովուրդներ են, այլ տերեր և ծառաներ։ Եվ մարդիկ կարոտում են այն ժամանակները»։
Հանրային գործիչ Բադրի Գազատին հիշեցնում է, որ Ստալինը պոպուլյար է ոչ միայն Օսիայում, այլև Ռուսաստանում, Վրաստանում և շատ այլ երկրներում։
«Նա օս է, և օսերի համար ամենանշանավոր անձը։ Եվ նրանով հպարտանում են։ Եվ բռնաճնշումների նկատմամբ վերաբերմունքը նույնպես ոչ միանշանակ է։ Ոմանք դրանք հիմնավորված են համարում, իսկ մասշտաբներն՝ ուռճացված»։