Սպիրտով լի պահեստներ, և դեղատներ, որտեղ չկան ախտահանող միջոցներ
Հյուսիսային Օսիա-Ալանիան՝ հանրապետություն, որը գտնվում է Հյուսիսային Կովկասում, ունի եզակի հնարավորություններ, որպեսզի հենց հիմա սկսի արտադրել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ամենուր պահանջն ունեցող ախտահանող միջոցներ՝ ինչպես իր բնակչության, այնպես էլ Ռուսաստանի այլ շրջանների համար:
Այստեղ կան սպիրտի և օղու մի քանի գործարաններ, հանրապետությունը ժամանակին Ռուսաստանի ալկոհոլային շուկայի առաջատարն էր, էթիլային սպիրտի և ալկոհոլ պարունակող սննդային արտադրանքի խոշորագույն արտադրողն ու մատակարարը երկրում:
Պահեստներն այժմ էլ լի են էթիլային սպիրտով, թեև սպիրտի գործարանները չեն աշխատում։ Դրանց մի մասը սնանկացել է, մյուսներն ապամոնտաժվել են, իսկ որոշները վերահսկող մարմինների պատժամիջոցների տակ են։
Իսկ գլխավոր խնդիրն այն է, որ Հյուսիսային Օսիան՝ մի հանրապետություն, որն ունի ղեկավար, խորհրդարան և սահմանադրություն, չի կարող ինքնուրուն որոշում կայացնել ոչ գործարանները գործարկելու, ոչ էլ էթիլային սպիրտի առկա հսկայական քանակության հիման վրա սանիտարական արտադրանքի ապահովում սկսելու վերաբերյալ։
Դրա համար անհրաժեշտ է Մոսկվայի համապատասխան կառույցի որոշումը։ Իսկ որոշում չկար ընդհուպ մինչև այս պահը։
Մարտի 31-ին հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ սպիրտ արտադրողներին թույլատրվել է հումք տրամադրել ախտահանող հեղուկների արտադրության համար՝ բնակելի բազմաբնակարան շենքերում ընդհանուր օգտագործման հատվածների ախտահանում իրականացնելու նպատակով։
Նույն օրը Հյուսիսային Օսիայում հայտարարվեց կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված առաջին երկու դեպքերի մասին։
Սակայն ինչո՞ւ է ընդհանրապես նման իրավիճակ ստեղծվել, որը տեղի փորձագետները պարադոքսալ են համարում։
Ի՞նչ է պատահել սպիրտի օսական գործարաններին
«Ողջ աշխարհը բոլոր ռեսուրսներն օգտագործում է կորոնավիրուսի դեմ պայքարում, իսկ մեզ մոտ սպիրտի գործարանները կանգնած են։ Օսիայում հնարավոր չէ ախտահանող միջոցներ գտնել, իսկ գործարանների պահեստները լի են սպիրտով։ Մենք աղբյուրի մոտ ծարավ մեռնում ենք», — ասում է ֆինանսական վերլուծաբան, լրագրող և բլոգեր Ալիկ Պուխաևը։
Հյուսիսային Օսիայում բժշկական սպիրտի արտադրության արտոնագիր ունեին «Ֆայուր-Միություն» և «Մարատ ՍՊԸ» ձեռնարկությունները։ Սակայն դրանց Մոսկվայի ղեկավար կառույցը, որը կոչվում է «Ռոսալկոգոլռեգուլիրովանիե» (ՌուսԱլկոհոլԿարգավորում), վերջին տարիներին խանգարել է նրանց աշխատել ՝ նվազագույն խախտումներ գտնելով։
«Օրինակ՝ նրանց մեղադրել են, որ բժշկական սպիրտի արտադրությունը իբր օգտագորվել է կեղծված օղու արտադրության համար, թեև դա ոչ ոք չի փորձել ապացուցել», — ասում է Ալիկ Պուխաևը։
Վերջին անգամ Մոսկվայից ղեկավարներ են եկել Վլադիկավկազ 2019-ի դեկտեմբերին և բառացիորեն ստիպել են ձեռնարկություններին կանգնեցնել աշխատանքը։
Այդ օրվանից ձեռնարկությունների պահեստները լեփ-լեցուն են սպիրտի ցիստեռններով, որոնք կարող են օգտագործվել բժշկական նյութերի արտադրությունում։
Նրանցից մեկը փորձում էր դատի տալ Ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայությանը, մյուսը պարզապես փոփոխությունների է սպասում։
Մոսկովյան կոռուպցիա
«Չկա հստակ մեխանիզմ՝ վերացրիր խախտումները, շարունակում ես աշխատել։ Որովհետև ողջ այդ համակարգը կոռումպացված է», — ասում է Ալիկ Պուխաևը։
«ՌուսԱլկոհոլԿարգավորման» ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Գոլոսնայայի դեմ քրեական գործ է հարուցվել լիազորությունների չարաշահման մեղադրանքով։
«Ռոսալկոգոլռեգուլիրովանիե» կազմակերպության նախկին ղեկավար Իգոր Չույանն ընդհանրապես միջազգային հետախուզման մեջ է բազմամիլիարդանոց խարդախությունների մեղադրանքով։
Նրա ղեկավարության ժամանակահատվածում սպիրտի օսական և կաբարդական գործարաններից խլել են սարքավորումները և «ֆրանկենշտեյններ»՝ ապօրինի արտադրություններ են հավաքել Ռուսաստանի կենտրոնական հատվածում։
Դրանցից ստացված փողերը լվացվել են «ՕՖԿ բանկ»-ի միջոցով և դուրս բերվել Ռուսաստանից։
Պուխաևը վստահաբար ասում է, որ հենց կոռուպցիան է ոչնչացրել ալկոհոլային արտադրանքի օսական ձեռնարկությունները։
«Որքա՜ն հարկեր չեն հասել բյուջե այն բանից հետո, երբ ձեռնարկությունները ստիպված են եղել փակվել։ Իսկ ի՜նչ հաջողությամբ այժմ նրանք կարող էին գումար վաստակել բժշկական և ախտահանող նյութերի արտադրության շնորհիվ՝ արտահանելով դրանք, այդ թվում արտասահման՝ Չեխիա, Լեհաստան»։
«Հանրապետության տնտեսությունը կարող էր ոտքի կանգնել, մեղմել կորոնավիրուսի հարվածը և ուրիշներին օգնել», — ասում Պուխաևը։
Նա նույնիսկ հստակ առաջարկ ունի։
Նրա կարծիքով՝ իրավիճակը կարող է հանգուցալուծել Հյուսիսային Օսիայի ղեկավար Վյաչեսլավ Բիտարովը, եթե դիմի Ռուսաստանի նախագահին։ Պետք է պատմել ռիսկերի, սոցիալական լարվածության աճի, գործազրկության մասին, առաջարկել օգնել կարգավորել արտադրությունը, և այդպիսով ավելացնել նաև հարկային վճարումները, կարծում է Պուխաևը։
«Նախագահին մոտ միլիարդատեր Ռոտենբերգ եղբայրները, որոշ տեղեկությունների համաձայն, վերահսկում են սպիրտային արդյունաբերությունը։ Պետք է նրանց խնդրել օսական գործարաններին աշխատելու հնարավորություն տալ։
Այնտեղ կարող են մտավախություն ունենալ, որ սպիրտի օսական գործարանները մրցակցություն կկազմեն Ռուսաստանի կենտրոնական շրջանների գործարաններին։ Սակայն այժմ՝ դեֆիցիտի պայմաններում, աշխատանքը բոլորին կհերիքի», — կարծում է Ալիկ Պուխաևը։