Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք (35-40 մահճակալ)»։
Վարչապետը հիշեցրել է նաև, որ մինչ այժմ արդեն իսկ գործարկվել էր մոտ 2 հազար մահճակալ այս խնդրի համար։
Մինչ այժմ Հայաստանում 10 բուժկենտրոն էր իրականացնում կորոնավիրուսով հիվանդների ստացիոնար բուժում:
Դրանք են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, «Սուրբ Աստվածամայր» ծննդատունը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, Վանաձորի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցները, Արտաշատի բժշկական կենտրոնը:
Այս բուկենտրոններին պետությունը գումար է հատկացնում, որ կորոնավիրուսով հիվանդներին անվճար բուժեն:
Բայց համավարակի դեպքերի քանակի աճի պատճառով այլ հիվանդանոցներ ևս սկսեցին կորոնավիրուսով հիվանդների ընդունել, թեև ընդգրկված չեն պետպատվերով բուժում իրականացնող բուժհաստատությունների ցանկում: Դրանք են «Աստղիկ» և «Էրեբունի» մասնավոր բժշկական կենտրոնները: