Հայաստանի հարավի բնակիչները վարչապետին թույլ չեն տվել մարզ մտնել․ ինչո՞ւ է ապստամբել Սյունիքը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել այցելել երկրի հարավում գտնվող խոշոր քաղաքները։ Սյունիքի մարզի բնակիչները փակել են ճանապարհները, մասնավորապես՝ Երևան-Գորիս մայրուղին, ու վարչապետին թույլ չեն տվել մարզ մտնել։ Նա ստիպված է եղել ուղղաթիռով հաղթահարել փակ ճանապարները։
Նախօրեին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ պատրաստվում է երկուշաբթի աշխատանքային օրն անցկացնել Սյունիքում, այցելել Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներ, հանդիպել տեղացիներին և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին։
Սակայն վարչապետի այցը սահմանափակվել է միայն Սիսիանով և Սառնակունք գյուղով։
Բոլոր մանրամասները․ ի՞նչ է կատարվում Սյունիքում, ինչո՞ւ է վարչապետը որոշել ընդհատել այցը, իսկ հոգևորականը նրան ձեռք չի մեկնել։
- Սուգ Հայաստանում՝ ի հիշատակ արցախյան պատերազմում զոհվածերի․ երթ, ցույց, հայտարարություններ
- Լեռնային Ղարաբաղ․ ի՞նչ է սպասվում «նոր» ու «հին» փախստականներին
Իրավիճակը Սյունիքում
Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Ադրբեջանին է փոխանցվել Արցախի Զանգելանի շրջանը, որը սահմանակից է Հայաստանի Սյունիքի մարզին։ Այժմ այստեղ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ են տարվում՝ խորհրդային ժամանակների վարչական սահմանների համաձայն։
Արդյունքում՝ Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքների միջև ճանապարհը մի քանի հատվածում հատում է ադրբեջանական տարածքը։ Ավելին՝ Կապանի օդանավակայանի մի մասն, ըստ նոր սահմանների, նույնպես Ադրբեջանի տարածքում է։
Մարզում բողոք է սկսվել այն պահից, երբ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության հրահանգի մասին՝ մինչև դեկտեմբերի 18-ի երեկոն ազատել քաղաքի մատույցներում գտնվող ռազմական դիրքերը, որոնք շահեկան բարձունքներում են։
Քաղաքապետը հայտարարել է, որ այդպիսով ադրբեջանական ԶՈՒ-ն կմոտենա Հայաստանի սահմաններին և մեկ կիլոմետրից պակաս հեռավորության վրա կլինի, իսկ Կապանից դեպի մոտակա Խդրանց, Կապան, Եղվարդ և Ուժանիս բնակավայրեր տանող ճանապարհը «կանցնի թշնամու տարածքով»։
Դեկտեմբերի 20-ի երեկոյան Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Սյունիքի բնակիչներին կոչ է արել թույլ չտալ մարզ մտնել մի մարդու, որը «հայոց հողերն է օտարում»։
«Սա քաղաքական կողմնորոշում չէ և ոչ էլ որևէ կուսակցության նախաձեռնություն, սա սյունեցիների արժանապատվության, անվտանգության և ֆիզիկական գոյության պայքարն է, համահայկական ընդվզումի արտահայտումը», — գրել է քաղաքապետը Ֆեյսբուքի իր էջում։
Ինչպե՞ս էին զարգանում իրադարձությունները
Դեկտեմբերի 21-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Գորիսի քաղաքապետը ձերբակալվել է, տեղեկություն հայտնվեց նաև, որ Առուշ Առուշանյանի դեմ քրեական գործեր են հարուցվել։
Ընդ որում, փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտարարել է, որ Առուշանյանի փաստաբանները չեն կարողանում ոստիկանությունից նրա մասին որևէ տեղեկություն ստանալ։
Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը Սյունիք մեկնելիս Ֆեյսբուքում ուղիղ եթեր է մտել և հայտարարել, որ գնում է հարգանքի տուրք մատուցելու մարզի բնակիչներին և անկեղծ խոսելու նրանց հետ․
«Մտադիր եմ պատասխանել ձեր հարցերին, այլ ոչ թե աղ լցնել ձեր վերքերին։ Ես լիարժեք կատարել եմ և կատարում եմ ձեր առջև ստանձնած պարտավորությունները […]։ Ուզում եմ ընդգծել, որ Սյունիքի տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվելու»։
Սակայն վարչապետի խոսքերը չհուզեցին Սյունիքի բնակիչներին, ճանապարհը փակ մնաց։ Սյունիքում էին ոստիկանների ավելի քան տասնյակ ավտոբուսներ։ Ժամանակ առ ժամանակ այստեղ բախումներ էին տեղի ունենում ճանապարհը փակած բնակիչների և ոստիկանների միջև։
Արդյունքում՝ կառավարության ղեկավարը «խոչընդոտը» հաղթահարեց ուղղաթիռով։
Ո՞ւր է այցելել վարչապետն ու ի՞նչ է ասել
Նիկոլ Փաշինյանը սկզբից մտել է Սառնակունք գյուղ և տեղի բնակիչների հետ խոսել Ադրբեջանի հետ սահմանին կատարվող գործընթացների մասին․
«Այնպես է ստացվել, որ Գորիս-Կապան ճանապարհն անցնում է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային սահմաններով։ Այժմ այնտեղ տեղակայված են մեր սահմանապահ զորքերը, ճանապարհի անվտանգությունն ու գործառնությունն ապահովելու են նաև ռուս սահմանապահները»։
Սիսիանում վարչապետը ծաղիկներ է դրել պատերազմում զոհված զինվորների գերեզմաններին։ Այստեղ նա նույնպես շփվել է բնակիչների հետ և պարզաբանել սահմանների հետ կապված իրավիճակը։
Նրա խոսքով՝ սահմանազատումն այժմ իրականացվում է վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի օրենքի համաձայն, որն ընդունվել է նախորդ իշխանությունների կողմից դեռ 2010 թ-ին։
Սիսիան քաղաքի բնակիչների մի մասը ջերմ է ընդունել վարչապետին։ Նրանց հետ զրույցում Փաշինյանը հաղորդել է, որ որոշել է ընդհատել իր այցը Սյունիքի մարզ։ Իր որոշումը Նիկոլ Փաշինյանը բացատրել է նրանով, որ մտադիր չէ սադրանքների տրվել, հատկապես՝ հաշվի առնելով երկրում դեկտեմբերի 19-21-ը հայտարարված սուգը․
«Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Բայց ոչինչ, եթե ոչ այսօր, ապա հաջորդ անգամ։ Գորիսը, Կապանը, Մեղրին իրենց տեղում են մնալու։ Նրանք հատուկ են փակել ճանապարհները, որպեսզի իմ հանդիպումն այդ քաղաքների բնակիչների հետ չկայանա, որովհետև այնտեղ էլ էր նույն ընդունելությունը լինելու»։
Հոգևորականի հետ կապված միջադեպը
Սակայն Սիսիանում էլ, այնուամենայնիվ, ոչ բոլորն էին ուրախ, որ վարչապետը եկել է։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վանահայր Պարգև Զեյնալյանը վարչապետի ձեռքը չսեղմեց և հայացքով հասկացրեց, որ նա լքի տաճարը։ Միջադեպի տեսանյութը շատ արագ հայտնվեց համացանցում։