«ՌԴ-ն զրկվեց Սիրիայից, գուցե ավելի կատաղի պայքարի Կովկասում ազդեցության համար»․ կարծիք Երևանից
Սիրիայի նոր վարչակարգն ու Հայաստանը
Երկու տասնամյակից ավելի Սիրիան ղեկավարած Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը ևս մեկ հարված էր Մոսկվայի հեղինակությանը, Ռուսաստանի՝ որպես գերտերություն հանդես գալու հնարավորություններին։ JAMnews-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
«ՌԴ-ն զրկվել է Մերձավոր Արևելքում իր հենման կետից, գերտերություն կոչվելու ևս մեկ ատրիբուտից՝ կարևորագույն տարածաշրջաններից մեկում սեփական քաղաքականությունը պաշտպանող կետ ունենալուց։ Դա չի կարող ազդեցություն չունենալ, օրինակ՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության ու դիրքի վրա»,- ընդգծել է Ղևոնդյանը։
Կարծում է՝ սիրիական իրադարձությունները պետք է մտածելու տեղիք տան Երևանին, քանի որ Հայաստանում ռուսական ազդեցությունը դեռևս ահռելի է։
Դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալները հայտարարեցին մայրաքաղաք Դամասկոսի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին: Հաղորդվեց, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է երկիրը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ընտանիքի հետ ապաստանել է Մոսկվայում։
Սիրիայի վարչապետ Մոհամադ Ղազի ալ-Ջալալին հայտարարել է, որ «կառավարությունը պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ»: Ասադի իշխանությունը տապալած ռազմական հարձակումը գլխավորել է 42-ամյա Աբու Մուհամմադ ալ-Ջոլանին։ Նա ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի ղեկավարն է։
Մոսկվան կփորձի՞ պահպանել ազդեցությունը Հարավային Կովկասում
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ Մոսկվայի դիրքերը Հարավային Կովկասում էլ ավելի են թուլանալու։ Չի բացառում, սակայն, որ ՌԴ-ն փորձի ավելի դժվար «դուրս գալ տարածաշրջանից»։
«Գուցե ազդեցությունը պահպանելու պայքարը ավելի կատաղի դառնա»,- արձանագրել է նա։
Կարծում է՝ անհանգստանալու կարիք չկա, քանի որ ՀՀ-ում արդեն իսկ ձևավորվել է այլ իրավիճակ, իսկ երկրի անվտանգային համակարգը կտրվում է ռուսական համակարգից։
JAMnews-ը քաղաքագետից հետաքրքրվել է՝ արդյո՞ք հնարավոր է, որ ՌԴ-ն Ադրբեջանին օգտագործի այդ «կատաղի պայքարում», այսինքն՝ Բաքուն հարձակվի ՀՀ վրա։ Ի պատասխան Ղևոնդյանը նախ արձանագրել է, որ թեև կա ռուս-ադրբեջանական տանդեմ, այն այդքան էլ համասեռ չէ, շատ հարցերում Մոսկվան և Բաքուն կարող են չունենալ հանանման շահեր․
«Շատ քիչ է հավանական, որ միայն ՌԴ դրդմամբ և Ռուսաստանի շահերին հետևելով Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսի ՀՀ նկատմամբ, ինքն էլ պետք է նման շահ ունենա»։
«Դժվար թե Բաքուն կռվի երկու ճակատով»
Ասում է՝ Բաքուն կարող է փորձել ագրեսիայի միջոցով Հայաստանից ստանալ մեկ բան՝ «Զանգեզուրի միջանցք», բայց այդ հարցում կա Արևմուտքի և Իրանի համաձայնությունն ու շահերի համընկնումը․
«Բաքուն միայն ՌԴ-ին ռևերանս կատարելու համար դժվար թե փորձի նման ճակատի դեմ միայնակ գործել։ Ըստ ամենայնի, «միջանցքի հարցում» Թրամփի նախագահությունը ստանձնելուց հետո էլ Արևմուտքի և Իրանի դիրքորոշումները կշարունակեն համընկնել»։
Քաղաքագետը քիչ հավանական է համարում, որ Ադրբեջանը դեմ գնա այդ երկու ուժերին, բայց նաև չի բացառում, որ Բաքուն կփորձի որոշակի համաձայնություններ ձեռք բերել նրանց հետ։
Շեշտում է՝ լուրջ դերակատարություն ունի հայկական կողմը, որն էլ պետք է փորձի Սյունիքով անցնող ճանապարհի հարցում հասնել «Իրանի և Արևմուտքի հետ եռակողմ համաձայնության» ձեռքբերման։ Մյուս կողմից, կարևոր է համարում հայ-թուրքական կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելը, այդ ուղղությամբ ակտիվ քաղաքականություն վարելը։
Սիրիայում Թուրքիայի դիրքերի ամրապնդումն ու «Զանգեզուրի միջանցքը»
Ղևոնդյանի խոսքով՝ Ասադի ռեժիմը տապալելու հարցում թուրքական և քրդական ուժերը գործում էին զուգահեռաբար։ Դա, ըստ նրա, նշանակում է՝ «խաղը ոչ թե Թուրքիայի ձեռքերում էր, այլ ավելի խոշոր դերակատարի՝ Միացյալ Նահանգների»։ Ընդգծում է՝ զարմանալի չէ, որ ԱՄՆ և ԵՄ տարբեր ներկայացուցիչներ արդեն հայտարարել են «Սիրիայի ազատագրման, բռնատիրական ռեժիմի վերացման» մասին։
«Չեմ կարծում, թե Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները կարելի է զուգահեռել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կամ Թուրքիայի՝ դեպի արևելք գործողությունների հետ»,- նշել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ի տարբերություն Սիրիայի հարցի, Արևմուտքը «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ շահագրգռված չէ։ Հիշեցնում է՝ արևմտյան երկրները կողմ չեն ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի տրամադրմանը։ Դեմ է նաև Իրանը, այնինչ ՌԴ-ն ուզում է, որ նման միջանցք գոյություն ունենա, ինքն էլ դառնա դրա վերահսկողը․
«Ինչպես հիմա է Երևանը կարողանում դիմադրել միջանցքի գաղափարին՝ օգտվելով Արևմուտքի և Իրանի շահերի համընկումից, այդպես էլ լինելու է հետո»։
Կարծում է՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի փոփոխությունը նույնիսկ կարող է նոր հնարավորություններ բացել։ Մասնավորապես՝ հայկական կողմը կարող է ավելի բաց խոսել ապաշրջափակման և ՀՀ պայմաններով, այսինքն «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում ճանապարհների տրամադրման մասին։
«Անկարան մինչ այս էլ մարտահրավեր էր»
Ռոբերտ Ղևոնդյանն ընդգծում է՝ Հայաստանի համար Թուրքիայից եկող մարտահրավերներ կային նաև նախքան Սիրիայում Ասադի ռեժիմի տապալումը։ Տեսանելի ապագայում, ըստ նրա, դրանք պահպանվելու են, պարզապես Երևանը պետք է փորձի կառավարել մարտահրավերները։
«Առաջին հերթին, անհրաժեշտ է, որ Երևանն ու Անկարան ունենան ուղիղ երկխոսություն: Շատ լավ կլինի, եթե այդ երկխոսությունը հանգեցնի սահմանների բացմանը, ուղիղ, ոչ թե Վրաստանով առևտրաշրջանառությանը»,- նշել է նա»։
«Պետք է հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր ղեկավարության հետ»
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ՀՀ-ն պետք է նոր մոտեցումներ որդեգրի և փորձի աշխատել Սիրիայի նոր ղեկավարության հետ։
«Հայաստանը պետք է փորձի իր արևմտյան գործընկերների միջոցով Սիրիայի նոր ղեկավարության հետ փոխհարաբերություններ հաստատել։ Առավել ևս, որ ունենք ուղիղ հետաքրքրվածություն՝ կապված Սիրիայում հայկական համայնքի [մի քանի տասնյակ հազար հայեր] հետ»,- ասել է նա։
Ղևոնդյանը հույս է հայտնել, որ իշխանության եկած ուժը հավատարիմ կմնա իր հնչեցրած խոստումներին այն մասին, որ Սիրիան լինելու է բազմազգ պետություն, ազգային կամ մշակութային հիմքով խտրականություն չի լինելու։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Սիրիայի նոր վարչակարգն ու Հայաստանը