«Սիրելով արտադրել գինին քո աճեցրած խաղողից»․ հայ գինեգործների մոտեցումը
Որակյալ հայկական գինիների արտադրություն
Հայաստանի գինեգործները որակյալ գինի ստանալու համար այլևս նախընտրում են տնկել սեփական այգիները։ Այսպիսով ազատվում են ֆերմերներից կախվածությունից: Պարզվում է նաև, որ ոչ բոլոր խաղողագործներն են իրենց մշակությամբ գոհացնում Հայաստանում գինի արտադրող նոր ընկերություններին։ Իսկ դրանք վերջին շրջանում կարողացել են էականորեն բարձրացնել իրենց արտադրության որակը և դուրս գալ արտասահմանյան տարբեր շուկաներ։ Կարևորը՝ գինեգործները պատրաստվում են ամրապնդել իրենց հաջողությունները։
Ինչպիսի իրավիճակ է ոլորտում ու զարգացման ինչ ճանապարհ են ընտրել հայ գինեգործները՝ պատմում են հենց իրենք։
- Յուրահատուկ փնջով գինիների գաղտնիքը՝ Հայաստանի արտադրողներից
- Վրացական գինի․ ի՞նչ է կանգնած հաջողության հետևում
- Բիզնեսի նոր ձև Հայաստանում, որն օգնում է մարդկանց խնդիրները լուծել
- Հայաստանի սահմանը «պահող» զբոսաշրջային բիզնեսները
«Լավ գինին ստանում են լավ խաղողից»
13 տարի խաղողագործությամբ և գինեգործությամբ զբաղվող «Տրինիտի կանյոն» ընկերության 10 հկ խաղողի այգիները գտնվում են Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում։
«Մենք աշխատում ենք՝ պահպանելով ու վերականգնելով հայկական ավանդական խաղողագործության սկզբունքները։ Հիմնվում ենք տեռուարային գինեգործության սկզբունքի վրա։ Տեռուարը այն միջավայրն է, որտեղ աճում է խաղողը, տեղանքի, հողի և կլիմայի առանձնահատկությունները։ Մենք գնում ենք խիստ մշակման, այսինքն էտման ընթացում կառավարում ենք բերքի քանակը։ Ինչո՞ւ, որովհետև որակով խաղողից կարող ես ստանալ որակով գինի։
Մինչդեռ ֆերմերները նյութապես շահագրգռված են ստանալ շատ խաղող, քանի որ իրենք վերջնական պրոդուկտի հետ գործ չունեն։
Արդյունքում, մեծ չափի անորակ խաղող է ստեղծվում։ Մեր էտման ձևով մեկ հկ-ից ստանում ենք 6-8 տոննա խաղող։ Ֆերմերներ կան, որ մինչև 20-24 տոննա են ստանում, դրանից էլ գալիս է որակի տարբերությունը։ Վատ խաղողից կարելի է լավ սպիրտ ստանալ, բայց լավ գինի դժվար»,- ասում է «Տրինիտի կանյոն» ընկերության գործադիր տնօրեն և համահիմնադիր Հովակիմ Սաղաթելյանը։
Գինեգործը համոզված է. գինգործությունը հիմնված է սիրո գաղափարի վրա, իսկ խաղողի վազին ու այգու աշխատանքին պետք է վերաբերվել ինչպես սեփական երեխային։
«Պետք է սիրելով արտադրես գինին։ Ու այդ սերը արտահայատվում է հենց գինու որակի մեջ։ Բայց երբ առաջ է գալիս տնտեսական գործոնը` գյուղացին, լինելով արտադրող, բնականաբար, ասում է. շատ անեմ, շատ վաճառեմ, շատ շահույթ ստանամ։ Դա այն հակասությունն է, որը մենք ստացել ենք՝ որպես ժառանգություն խորհրդային միությունից։ Աշխարհում հիմնականում լուրջ գինեգործությամբ զբաղվողներն ունեն իրենց սեփական այգին, գիտեն՝ ինչ որակի խաղող ստանան ու ինչպես»,- բացատրում է Սաղաթելյանը։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանն էլ ասում է. գինու արտադրության համար նախատեսված խաղողի նրբությունները շատ են, և դրանք պետք է պահպանել։ Նրա խոսքով, այսօր շատ ընկերություններ պայմանագրեր են կնքում ֆերմերների հետ և վերահսկում նրանց աշխատանքի ողջ գործընթացը։ Բայց ոչ բոլոր ֆերմերներն են համաձայնվում այդպես աշխատել։
«Երբ չկա վերահսկողություն, ֆերմերն իր ձևով է մշակում։ Խնդիրը լուրջ է, հիմա խաղողագործների ասոցիացիա ենք ստեղծում, փորձելով նպաստել դրա լուծմանը։ Երբ իրենց հետ խոսում ենք, խաղողագործները միայն մթերման թեմայով են մտահոգված։ Չեն նայում, թե գինեգործին ինչ խաղող է անհրաժեշտ, ինչպես է պետք այն մշակել, որ գինեգործն էլ պատրաստ լինի բերքի համար լավ գին վճարել։
Խաղողագործները անգամ բերքահավաքը չեն համաձայնեցնում գինեգործների հետ։ Հավաքում են, լցնում մեքենան ու գնում կանգնում հերթի մեջ, հետո էլ բողոքում, որ չեն մթերում։ Ընդհանրապես հիմա գնում է տենդենց ունենալ սեփական այգիները։ Ես հիմա չգիտեմ մի ընկերություն, որ ներդրում անի ու չսկսի խաղողի այգիներից։ Այս վերջին երեք տարին ակտիվ խաղողի այգիներ են հիմնում »,- ասում է Զարուհի Մուրադյանը։
2016 թվականից գինեգործությունը կառավարության կողմից ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղ։ 2016-2022թթ. 21 գինեգործական ընկերության կողմից կատարվել է մոտ 35 մլրդ դրամի ներդրում, ինչը տասնապատիկ ավելին է նախորդող ժամանակաշրջանից։
Ավելացել են նաև գինեգործական ընկերությունները։ Եթե 2016թ-ին գործում էր 25 ընկերություն, ապա 2022թ-ի դրությամբ գինի արտադրող ընկերությունների քանակը հասել է 111-ի։
Նրանցից 5-ը տարեկան արտադրում է 1 միլիոն շիշ և ավելի, 4-ը՝ 500 հազարից մինչև 1 միլիոն շիշ, ևս 4-ը՝ 200—500 հազար շիշ, 23 ընկերություն՝ 50—200 հազար շիշ, 29-ը՝ 5-50 հազար շիշ, 46-ը՝ 5 հազար շշից քիչ։
Պայքար որակյալ բերքի համար
Վարուժան Մուրադյանը 2008 թվականին սկսեց խաղողի այգիներ տնկել Արագածոտնի նախալեռնային քարքարոտ մի տարածքում։
«Ինձ համար կարևոր էր տեռուարը, այստեղ կար խաղողագործության հազարամյակների պատմություն։ Իհարկե, ձեռնտու չէր, միայն երկու տարի հողը մաքրում էինք քարերից։ 2008-ին տնկեցինք առաջին 6 հկ-ը, այսօր ունենք արդեն 18 հկ տնկած այգիներ, սորտերը հիմնականում տեղական են`Արենի, Հաղթանակ, Կախեթ, Ոսկեհատ։ Մասնագիտությամբ հաշվապահ եմ, ֆինանսիսիտ, բայց վերջին քսան տարում փոխակերպվել եմ գինեգործի»,- ասում է «Վան Արդի» ընկերության հիմնադիր տնօրեն Վարուժան Մուրադյանը։
Տարեկան 150 հազար շիշ գինի արտադրող ընկերության գինիների գրեթե կեսը սպառվում է ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, Կանադայում, Ռուսաստանում։
«Հիմնականում մեր այգիների խաղողից ենք ստանում մեր գինին, բայց գնում ենք նաև այլ ֆերմերներից, քանի որ չի բավականացնում։ Տեսնում եմ բազմաթիվ գյուղացիների, որոնք սկսել են նոր այգիներ հիմնել։ Միայն այս հատվածում արդեն 6-7 հկ այգիներ են տնկել։ Ես գնում եմ իրենց խաղողը, բայց նախապայմաններ եմ դրել․ պետք է այս սորտերը լինեն, այս մշակությամբ։ Այգիների մշակության մեր մոտեցումը բարձրացնում է խաղողի ինքնարժեքը, բայց մենք կենտրոնանում ենք, ոչ թե մեկ հեկտարից հնարավորինս շատ խաղող ստանալու, այլ որակի վրա»,- ասում է գինեգործը։
«Տրինիտի կանյոն» ընկերությունն էլ տարբեր ծրագրերով աջակցում է ֆերմերներին, որ ավելի որակով բերք ստանան, նաև օժանդակում, որ իրենց արտադրած խաղողից գինի արտադրեն։
«Համագործակցեցինք ֆերմերներից մեկի հետ, նրա գինին այնքան հաջող ստացվեց, որ սկսեց արտահանել, մինչդեռ չէր էլ մտածում գինեգործությամբ զբաղվելու մասին։ Ֆերմերների համար դա հոգեբանական ու տնտեսական խնդիր է։ Եթե աջակցություն լինի, նոր այգիներ կտնկեն, կգնան դեպի գինեգործություն, այլապես շատերը վաճառում են իրենց հողերը։
Խոշոր արտադրողները առնում են մեծ հողակտորներ, ինչը շուկայից դուրս է մղում փոքր ֆերմերին։ Դա ճիշտ չէ, որովհետև նույն Ֆրանսիայում գինեգործական գյուղեր կան, որտեղ կա և փոքր արտադրող, և մեծ, որտեղ համբավը, պատիվը երկրին բերում է հաճախ փոքր գինեգործը»,- ասում է Հովակիմ Սաղաթելանը։
Խնդիրների հաղթահարման ու զարգացման փուլ
Ըստ ոլորտի ներկայացուցիչների՝ չնայած ներքին խնդիրներին, հայկական գինին ապրում է իր վերածննդի շրջանը։
«Վան Արդի» ընկերության տնօրեն Վարուժան Մուրադյանը կարծում է, որ հայկական գինեգործությունը դեպի վեր բարձրանալու ճանապարհին է, սպասվում է աճ և՛ որակական, և՛ քանակական, և՛ նոր խաղացողների․
«Իմ կարծիքով՝ շատ կարևոր է, որ հայկական գինու ողնաշարը կազմեն փոքր և միջին գինու գործարանները, գինեգործները, դա կարևոր է բազմազանությունը և որակը պահպանելու համար։ Ես բաց եմ իմ բոլոր փորձառություններով կիսվել իրենց հետ։ Այս ամենին զուգահեռ հարկավոր է բարձրացնել մեր գինու ճանաչելիությունը աշխարհում։ Վերընթացն ավելի կարճ ժամանակում կունենանք, եթե ցուցահանդեսներ ու այլ միջոցառումներ կազմակերպենք տարբեր թիրախային երկրներում»։
2021թ. դեկտեմբերի վերջին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ջանքերով գործարկվել է Wines of Armenia էլեկտրոնային հարթակը, որի շնորհիվ հայկական գինիները հասանելի են դարձել եվրոպական շուկայի համար։
«Սա հնարավորություն ընձեռեց ընկերություններին, առաջին հերթին, ներկայացված լինել լայն տեսականիով, երկրորդ՝ իրենց կապում ենք գնորդի հետ, և նրանք ստանում են ուղիղ վաճառքի հնարավորություն, առանց միջնորդի։ Բացի դրանից, ստեղծել ենք հայկական գինիների Wines of Armenia բջջային հավելվածը։ Գինու սիրահարները, եթե ներբեռնեն այն, կունենան ամբողջական ինֆորմացիա միջոցառումների մասին, գինու գործարանների, տուրերի։ Առանց տուրօպերատորի մարդը կարող է գրանցվել ու հյուրընկալվել գինու գործարանում։ Կարող են տեղեկանալ, թե որ գինին, որ ուտեստի հետ կարելի է համադրել։ Կրթում ենք, ուղղորդում ենք մարդկանց այս հավելավածի միջոցով»,- ասում է Զարուհի Մուրադյանը։
Հիմնադրամի տնօրենը նշում է, որ հայկական գինին գնալով մեծացնում է իր աշխարհագրությունը։ Սպառման առաջնային շուկաներն են` Ռուսասատանը, Եվրոպան։ Հայկական մրգային գինիների պահանջարկ կա Ղազախստանում Ուկրաինայում, Չինաստանում։
Խաղողի գինու արտահանումը 2016-ին կազմել է 1,85 մլն լիտր։ 2021-ին այն կրկնակի աճել է՝ հասնելով 3,06 մլն լիտրի։ Մրգային գինիների արտահանումը 2016-2021թթ․ գրեթե քառապատկվել է։
«Մեզ ճանաչում են Արենիով, Ոսկեհատով, Կախեթով, Լալվարով, Թոզոտով, Կանգունով, Հաղթանակով։ Դրանք հայկական սորտեր են։ Շատ երկրներ չունեն իրենց սորտերը, միջազգային սորտեր են օգտագործում։ Մեր սորտերով ենք առանձնանում ու դրանցով ենք ուժեղ։ Ունենք վեց հազար տարվա պատմություն, ունենք տեռուար, ավանդական տեխնոլոգիաներ։ Այս բոլորը մեզ դարձնում է հետաքրքիր»,- ասում է Զարուհի Մուրադյանը։
«Եվրոպայում հիմա խմում են հայ արտադրողների գինին և փորձում նոր համեր գինու աշխարհում, մեր գինիները աստիճանաբար դառնում են ճանաչելի։ Հետաքրքիր պրոցես է․ տեսնում են գինի, որն աճում է սեփական արմատներով։ Եվրոպայի ամբողջ խաղողը աճում է պատվաստված ամերիկյան արմատների վրա։ Հայտնի հիվանդություն կա ֆիլոկսերա, որը կոտորեց Եվրոպայի հին աշխարհի բոլոր այգիները։ Մեզ մոտ ունիկալ տեռուար է, որտեղ տարբեր պատճառներով պահպանվել է խաղողը իր արմատներով։ Եվրոպացին գնահատում է սեփական արմատով աուտենտիկ խաղողի տեսակը»,- հավելում է գինեգործ Հովակիմ Սաղաթելյանը։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն իր առաքելությունն է համարում խաղողագործության զարգացումը` որպես գինու արտադրության որակի գրավական։ Գլխավոր նպատակն է բարձրացնել Հայաստանի վարկանիշը և մրցունակությունը միջազգային ասպարեզում՝ որպես գինեգործական երկիր, հասնել «Հայկական գինիներ» ապրանքանիշի ստեղծմանն ու առաջմղմանը։
«Որպեսզի Հայաստանը հաջողի՝ որպես գինեգործական երկիր, շեշտադրումը պետք է դնել միայն ու միայն որակի վրա, տերուարների, հայկական բնիկ տեսակների, քանի որ ծավալով Հայաստանը չի կարող մրցել այլ երկրների հետ»,- կարծում է Զարուհի Մուրադյանը։
Որակյալ հայկական գինիների արտադրություն