Սեռական ոտնձգությունն աշխատավայրում․ ինչո՞ւ է անպատժելի Հայաստանում
Սեռական ոտնձգություն աշխատավայրում
Աշխատավայրում սեռական ոտնձգությունը համաշխարհային խնդիր է: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Եվրոպական միությունում կանանց 40-50 % իրենց աշխատավայրում առնչվում են անցանկալի սեռական առաջարկների, հպումների կամ սեռական ոտնձգությունների այլ ձևերի։ Սակայն եվրոպական երկրներում նրանք պաշտպանված են օրենքով։
Իսկ Հայաստանում աշխատավայրում սեռական բռնությունը սահմանված չէ օրենսդրությամբ, և, հետևաբար, կարգապահական տույժի կիրառման կամ աշխատանքային պայմանագրի դադարեցման հիմք չէ:
Իրավիճակը Հայաստանում. անձնական պատմություն, հետազոտական տվյալներ և փորձագիտական կարծիք:
- «Ծնողներն ամաչում են խոսել». մուլտֆիլմեր Վրաստանում դեռահասների սեռական դաստիարակության համար
- «Հիմա իմ մեջ ավելի շատ քնքշություն կա, քան երիտասարդ տարիներին»․ նրանք միասին են գրեթե կես դար
- Հայրության արձակուրդ. օրենքն ու իրականությունը հետխորհրդային երկրներում
«Ես նախընտրեցի լռել ու գնալ»
Մարինեն նոր էր գերազանցությամբ ավարտել համալսարանը, երբ դասախոսներից մեկից աշխատանքային առաջարկություն ստացավ: Պայմաններն այնքան գրավիչ էին, որ նա չերկմտեց։
«Դասախոսս այդ տարիներին բավականին լավ պաշտոն ուներ: Առաջին ամիսը ամեն ինչ շատ լավ էր: Ես ընտելանում էի նոր աշխատավայրին, գործընկերներիս, երբեմն անգամ առավոտյան աշխատանքի էի գալիս դասախոսիս և նրա ընտանիքի հետ՝ նույն մեքենայում: Ճանապարհին, բնականաբար, շփվում էի նրա կնոջ, երեխաների հետ, և հենց դա էր պատճառը, որ երբեք մտքովս չէր անցնի, որ նման բան հնարավոր է»,- հիշում է Մարինեն:
Երազանքների աշխատանքը գտնելու մասին պատկերացումները, սակայն, հօդս ցնդեցին, երբ մի օր երեկոյան տնօրենը նրան խնդրեց մի փոքր երկար մնալ գրասենյակում։
«Մի ամբողջ կույտ թուղթ տվեց և խնդրեց պատճենել: Արդեն բավականին ուշ էր, գրասենյակում մարդ չկար՝ մեզանից բացի: Ես պատճենահանման սարքի մոտ կանգնած՝ աշխատում էի, երբ զգացի, որ մեջքից ինչ-որ մեկը գրկում է ինձ։ Վեր թռա, բայց վախից բղավել էլ չկարողացա, չնայած՝ իմաստ էլ չուներ։ Ամբողջ հարկաբաժնում միայնակ էինք: Արձագանքս տեսնելով, նա փոքր-ինչ հետ գնաց, խնդրեց, որ հանգստանամ, ու սկսեց ինչ-որ բաներ ասել»,- պատմում է Մարինեն։
Տնօրենն առաջարկեց երիտասարդ աղջկան իր սիրուհին դառնալ: Մերժում ստանալուց հետո, սկսեց համոզել, որ այդպիսով նա բոլորովին այլ մեկնարկային պայմաններ կունենա աշխատավայրում, նաև որոշակի արտոնություններ: Հարաբերությունների միակ նախապայմանն էլ լինելու էր Մարինեի լռությունը։
«Մինչ օրս հիշում եմ այդ գռեհիկ զրույցը: Ասաց․ «Աղջիկ ջան, ուզում ես հաջողության հասնել, ընդունիր առաջարկս, ես քեզ որևէ բան չեմ ստիպելու անել: Դա ո՛չ ինձ կխանգարի, ո՛չ էլ քեզ: Ես իմ ընտանիքն ունեմ, որից բաժանվել չեմ պատրաստվում: Դու էլ ազատ կլինես քո կյանքը դասավորելու»: Բացատրում էր, որ այս առաջարկը ոչ մի թերություն չունի, եթե լավ մտածեմ»,- հիշում է աղջիկը:
Հաջորդ օրերին նա շարունակեց աշխատանքի գնալ՝ հույս ունենալով, որ անախորժ պատմությունն այլևս անցյալում է, բայց օրեր անց տնօերնը կրկնեց իր առաջարկը: Մարինեն հասկացավ, որ գրասենյակում մնալն անտանելի է դառնում, նույն օրը աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց.
«Մի քանի օր անց տեղի ունեցածի մասին պատմեցի մտերիմ ընկերուհուս։ Միամտաբար կարծում էի, թե դա միայն ինձ հետ է պատահել: Եվ որքան մեծ էր զարմանքս, երբ ընկերուհիս ասաց՝ դա շատ նորմալ է, ինձ հետ էլ է նույն բանը տեղի ունեցել: Ողբերգություն սարքելու փոխարեն, կարող ես ուղղակի ջերմ լինել նրա հետ, և վայելել այն, ինչ կարող ես ունենալ»:
Այժմ Մարինեն բնակվում է ԱՄՆ-ում: Ասում է՝ առաջին բանը, որ իրեն ասել են աշխատավայրում, վերաբերել է հենց սեռական ոտնձգության անթույլատրելիությանն ու իր պաշտպանության մեխանիզմներին.
«Ես հետո միայն իմացա, որ Հայաստանում սեռական ոտնձգությունը աշխատավայրում անգամ օրենսդրական սահմանում չունի: Բայց անգամ, եթե ունենար, չգիտեմ՝ այդ տարիքում, այդ պայմաններում, կկարողանայի՞ ինքս ինձ պաշտպանել: Այսպես եմ ասում, որովհետև ես, նախ և առաջ, վախենում էի խարանվելուց, նրանից, որ ինձ այդ տղամարդու ընտանիքը քայքայող անառակ կհամարեին, եթե այդ մասին բարձրաձայնեի: Ես սա ցավով եմ ասում, բայց գրեթե վստահ եմ, որ այդպես էլ լինելու էր: Այդ պատճառով էլ ուղղակի նախընտրեցի լռել»:
Ի՞նչ է սեռական ոտնձգությունն աշխատավայրում
Սեռական ոտնձգությունն անցանկալի սեռական բնույթի վարքագիծ է, որը ոտնձգության ենթարկված անձին վիրավորում, նվաստացնում կամ վախեցնում է: Աշխատավայրում գործընկերների միջև կարող են լինել այնպիսի խոսակցություններ, շփումներ, կատակներ, որոնք ընդունելի են բոլոր կողմերի համար: Այս վարքագիծը խնդրային է դառնում, երբ այն անցանկալի է կողմերից մեկի համար:
Աշխատավայրում սեռական ոտնձգության երկու տեսակներ կան․
- Quid pro quo, կամ «ծառայություն ծառայության դիմաց». երբ գործատուն, վերադասը կամ այլ աշխատակից պարբերաբար անում է սեռական բնույթի առաջարկներ, որոնք չընդունելու դեպքում անձին կարող են մերժել աշխատանքի ընդունել, նա կարող է կորցնել աշխատանքը կամ կորցնել պաշտոնի բարձրացման հնարավորությունը:
- Նվաստացուցիչ աշխատանքային միջավայր. երբ սեռական բնույթի անցանկալի արտահայտությունները կամ վարքագիծը խանգարում են աշխատանքը, ստեղծում են անբարենպաստ կամ նվաստացուցիչ աշխատանքային միջավայր:
Առաջին հետազոտության արդյունքները
Աշխատավայրում սեռական ոտնձգությունների հարցը Հայաստանում քիչ ուսումնասիրված հարց է: Այդ իսկ պատճառով նախորդ տարի Կանանց ռեսուրս կենտրոնը նախաձեռնել է այս թեմայով հետազոտություն: Սա առաջին նման հետազոտությունն է Հայաստանում:
Իրականացված առցանց հարցմանը մասնակցել են 590 հոգի Հայաստանի տարբեր մարզերից և մայրաքաղաքից: Նրանց գերակշիռ մասը՝ 94 %-ը կազմում են մինչև 39 տարեկան կանայք:
- Ընդհանուր առմամբ, հարցվողների 42.7 %-ն առնչվել է սեռական ոտնձգության այս կամ այն տեսակին, կամ միաժամանակ մի քանիսին:
- Սեռական ոտնձգության դեպքերի 32.2 %-ը տեղի է ունեցել սպասարկման ոլորտում: Այնուհետև համեմատաբար շատ դեպքեր հանդիպել են հանրային կառավարման համակարգում, կրթության և ՏՏ ոլորտներում, ՀԿ սեկտորում:
- Հարցվողների 51.4 %-ը ոտնձգության է ենթարկվել ղեկավարի կողմից, 37.7 % դեպքերում ոտնձգությունը տեղի է ունեցել մեկ այլ աշխատողի կողմից, իսկ 9.3 % դեպքերում՝ հաճախորդի:
- 95.2 %-ի դեպքում սեռական ոտնձգության դեպքերը տեղի են ունեցել հենց աշխատավայրում:
- Սեռական ոտնձգության դեպքերի 41.3 %-ը տեղի է ունեցել մինչև 20, 25.0 %-ը՝ 20-50 աշխատակից ունեցող կազմակերպություններում:
- Սեռական ոտնձգության դեպքերի 94.7 %-ը տեղի է ունեցել ցերեկային հերթափոխում աշխատող մարդկանց շրջանում:
- Աշխատողների 55.8 %-ն իրենց հետ պատահած դեպքից/դեպքերից հետո սեփական նախաձեռնությամբ ազատվել են աշխատանքից: 26.9 %-ը մինչև օրս շարունակում են աշխատել նույն կազմակերպությունում: 9,6 % դեպքերում աշխատանքից ազատումը տեղի է ունեցել գործատուի նախաձեռնությամբ:
- Հենց ղեկավարի կողմից ոտնձգության ենթարկվածների 62.9 %-ն է աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, 19.7 %-ը շարունակում է աշխատել նույն կազմակերպությունում, իսկ 12.1 %-ը՝ ազատվել է աշխատանքից գործատուի պահանջով:
- Հարցվողների 11.2 %-ը նշել է, որ իրենցից ուղղակի կամ անուղղակի ձևով սեռական բնույթի գործողություններ են պահանջել աշխատավայրում:
- Սեռական ոտնձգության ենթարկված անձանց 87.0 %-ը չի դիմել գործատուին, 98.6 %-ը՝ որևէ պետական կամ հասարակական մարմնի:
- Հարցվողների 42.2 %-ն ասել է, որ իրենց գործընկերները ևս ենթարկվել են սեռական ոտնձգության:
- Ըստ հարցման՝ սեռական ոտնձգության տարածված տեսակներն են անցանկալի հպումները մարմնին, որին առնչվել է հարցվողների 23.1 %-ը:
- Տարածված են նաև խոսքային բռնության տեսակները՝ սեռական բնույթի կատակները, տեսքի և մարմնի մասին սեռական բնույթի անցանկալի մեկնաբանություններն ու անպարկեշտ առաջարկները:
Օրենքը ո՛չ սահմանում է, ո՛չ էլ պաշտպանում
ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի պարունակում անդրադարձ սեռական ոտնձգության հիմնախնդրին: Այն չի սահմանում աշխատանքում սեռական ոտնձգությունը, չի արգելում այն և չի ամրագրում որևէ պատասխանատվության միջոց:
Այս պայմաններում աշխատավայրում սեռական ոտնձգության ենթարկվող անձինք, մեծամասամբ կանայք, չունեն իրավական պաշտպանության որևէ մեխանիզմ, որով կկարողանան պաշտպանել իրենց աշխատանքային իրավունքները, ներառյալ արժանապատիվ աշխատանքի սահմանադրական իրավունքը:
Աշխատանքային օրենսդրությամբ սեռական ոտնձգությունը կարգապահական տույժի կիրառման կամ աշխատանքային պայմանագրի դադարեցման հիմք չէ:
Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան, փաստաբան Նվարդ Փիլիպոսյանն ասում է, որ իրականացրած հետազոտության արդյունքներով կենտրոնը օրենսդրական առաջարկներ է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ Աշխատանքային օրենսգրքի փոփոխության համար.
«Թեև կա ընդհանուր դրույթ, որ աշխատանքում բռնությունն արգելվում է, սակայն, քանի որ չկան հստակ սահմանումներ, այս դրույթը ինչ–որ հռչակագրային բնույթ է ստանում։ Ո՛չ գործատուի, ո՛չ աշխատողի համար հստակ հասկանալի չէ, թե ինչ երևույթների մասին է խոսքը։ Մենք առաջարկել ենք, որպեսզի Աշխատանքային օրենսգրքում ներառվեն Աշխատանքի միջազգային կազմակերպության համապատասխան կոնվենցիայի սահմանումները, ինչպես նաև՝ հստակ նշվի, որ թե՛ բռնությունը, թե՛ ոտնձգությունը աշխատավայրում արգելվում են»:
Ըստ Փիլիպոսյանի՝ իրենք առաջարկում են ոչ միայն սահմանել և արգելել սեռական ոտնձգությունը, այլև կարգապահական տույժ սահմանել դրա համար։ Բացի այդ, գործատուները պետք է ունենան սեռական ոտնձգությունների կանխարգելման քաղաքականություններ, նաև՝ պետական վերահսկողություն այս մասով, որը կիրականացնի Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինը:
Իսկ մինչ այդ, ըստ հարցման արդյունքների, սեռական ոտնձգության հեղինակները, որպես կանոն, անպատիժ են մնում։
«Եվս մեկ խնդիր ենք առանձնացրել, որը հատկապես կրթական ոլորտում է ակնհայտ։ Երբեմն անձինք, ում նկատմամբ անգամ քրեական գործեր են հարուցված, օրինակ՝ բռնաբարության փորձի կամ անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողությունների համար, շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունը՝ մինչև դատարանի կողմից վճռի կայացումը։
Ստացվում է, որ քանի դեռ չկա դատարանի վճիռը, գործատուն հիմք չունի նրա աշխատանքը ժամանակավորապես կասեցնելու համար, չնայած, որ նման վարքագիծը կարող է վտանգավոր լինել նաև մյուսների համար։ Այս մասով առաջարկում ենք, որպեսզի Աշխատանքային օրենսգրքում սահմանվի գործատուի իրավունքը՝ նման դեպքերում աշխատանքը կասեցնելու»,- ասում է իրավաբանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Սեռական ոտնձգություն աշխատավայրում