Սառեցված սեզոն։ Թե ինչպես է համավարակն ազդել Վրաստանի ձմեռային հանգստավայրերի վրա
2021 թ-ի փետրվարին Վրաստանի ամենապոպուլյար ձմեռային հանգստավայրերից մեկը՝ Բակուրիանին, գրեթե ամբողջությամբ դատարկ է։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով կառավարությունն ամբողջությամբ փակել է բոլոր ձմեռային հանգստավայրերը 2020-2021թթ․ սեզոնին՝ չնայած տեղի բնակչության դժգոհությանն ու ձեռնարկատերերի և հասարակական կազմակերպությունների համառ խնդրանքներին։
Հանգստավայրերը մասնակի բացելու որոշման մասին հայտարարվել է միայն փետրվարի 24-ին։ Ճիշտ է, ըստ փորձագետների, տնտեսության ու ձմեռային զբոսաշրջության մեջ ներգրավված մարդկանց դա արդեն այնքան էլ չի օգնի։
Սահմանափակումները գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են ոչ միայն միջազգային, այլև ներքին զբոսաշրջությունը Վրաստանում՝ առանց եկամտի թողնելով տասնյակ հազարավոր մարդկանց։
Ուշացած բացում
Փետրվարի 24-ին Վրաստանի կառավարությունը հայտարարել է համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների փուլային չեղարկման մասին։ Այդ թվում՝ ձմեռային հանգստավայրերի աշխատանքի արգելքի։ Փետրվարի 25-ից խիստ սանիտարական միջոցների պահպանմամբ բացվել են հյուրանոցներն ու հանգստավայրերը։ Մարտի 8-ից կսկսեն աշխատել ճոպանուղիները, իսկ ռեստորաններն ու սրճարանները կարող են հյուրեր ընդունել փակ տարածքներում (փետրվարի 15-ից նրանց թույլ էր տրվել հաճախորդներին սպասարկել բացօթյա տարածքներում)։
- Ծովափի տնօրենը, կամ զբոսաշրջությունը Վրաստանում համավարակի օրերին։ Տեսանյութ
- «Լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը»։ Վրացի փորձագետները՝ տնտեսական ճգնաժամից դուրս գալու ուղիների մասին
- Վրաստան․ ի՞նչ է լինելու զբոսաշրջության հետ
Փետրվարի 24-ի դրությամբ՝ Վրաստանն աշխարհում 14-րդ տեղն է զբաղեցնում մեկ միլիոն մարդու հաշվարկով կորոնավիրուսի դեպքերի թվով, ինչն, ընդհանուր առմամբ, կազմում է մոտ 270 հազար մարդ։ Ավելի քան 3 400 մարդ է մահացել։ Վարակման և մահվան դեպքերի թվով Վրաստանն առաջ է անցել հարևան Հայաստանից և Ադրբեջանից։
Համավարակի մեկնարկից ի վեր Վրաստանի սահմանները, որոշ բացառություններով, փակ են եղել, և երկիրն անհասանելի է եղել օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Սակայն ամռանը հանգստավայրերը սկսել են աշխատել ներքին զբոսաշրջության համար։
Հիվանդության բռնկումը Վրաստանում տեղի է ունեցել աշնանը, իսկ նոյեմբերի կեսերից իշխանությունները խիստ սահմանափակումներ և պարետային ժամ են սահմանել։ Հետևաբար, ձմեռային հանգստավայրերի սեզոնը ձախողվել է։
Տնտեսական գիտությունների դոկտոր, ասոցացված պրոֆեսոր Օթար Աբեսաձեն ձմեռային հանգստավայրերի ամբողջական փակումը չարդարացված է համարում, քանի որ, նրա խոսքով, հենց ձմեռային հանգստավայրերում է վարակի տարածման նվազագույն ռիսկը։ Միաժամանակ, նրա խոսքով, դրանից տնտեսությունը մեծապես տուժել է։
«Այժմ այդ հանգստավայրերը բացելն, ըստ իս, արդեն ուշ է և իմաստ չունի», — կարծում է նա։
Լոքդաունն ու տնտեսությունը
Բակուրիանիի այգում, որը սեզոնի ընթացքում սովորաբար լի է լինում երեխաներով և ծնողներով, այժմ հազվադեպ կարելի է հանգստացողների տեսնել։ Կոնֆետների, փուչիկների և խաղալիքների կրպակներն ու վարձակալության տրվող մանկական սահնակների մի քանի շարքերն այցելուներին են սպասում։
Առևտրականները խնդրում են իրենց չնկարահանել։
«Մեկ անգամ մեզ նկարահանեցին, ամեն ինչ է՛լ ավելի վատացավ։ Հաջորդ օրը մեզ այստեղից վռնդեցին», — բացատրում է մոխրագույն ձիու տերը։
«Մենք այնքան անհույս վիճակում ենք, որ նույնիսկ չգիտեմ, թե ինչը կօգնի մեզ։ Սեզոնն ամբողջությամբ ձախողվել է։ Հանգստացողների ոչ թե մեկ երրորդը, այլ մեկ քառորդը նույնիսկ չկա այս տարի, փոխարենը՝ բանկերը մեզ խեղդում են ամեն օր։ Չգիտեմ, թե ինչ անել, հույսը միայն Աստծո վրա է», — բողոքում է փոքր կրպակի վաճառողը։
Վրաստանի վիճակագրության դեպարտամենտի տվյալներով՝ հունվարին Վրաստանի տնտեսությունը, 2020 թ-ի հունվարի համեմատ, կրճատվել է ռեկորդային 11 տոկոսով։
Galt & Taggart հետազոտական կազմակերպության նախնական տվյալներով՝ լոքդաունի հետևանքով տնտեսությունն օրական միջինում 16 միլիոն լարի [մոտ $4,8 մլն] է կորցնում, 2020 թ-ի ընթացքում Վրաստանը կորցրել է մոտ 1 մլրդ լարի [մոտ $300 մլն]։
Ամենամեծ հարվածը հասել է զբոսաշրջային ոլորտին, որի եկամուտները 2020 թ-ին կրճատվել են մոտ 80 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ։ Policy and Management Consulting Group (PMCG)-ի տվյալներով՝ 2021 թ-ի հունվարին օտարերկրյա այցելուների թիվը նվազել է 94,5 տոկոսով՝ նախորդ տարվա հունվարի համեմատ։
2014-2019 թթ-ին Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերի այցելուների թվի աճը կազմել է 21 տոկոս։ Սակայն 2019-2020 թթ-ին նրանց թիվը կրճատվել է 20 տոկոսով, իսկ 2020-2021 թթ-ի սեզոնին՝ գրեթե զրոյի հասել։
Նույն հետազոտության համաձայն՝ նախորդ տարվա հունվարի համեմատ՝ այս տարվա հունվարին երկրում 3, 4 և 5-աստղանի հյուրանոցների գների ցուցիչը նվազել է 18,5 տոկոսով, իսկ ընտանեկան հյուրանոցների գների ցուցիչը՝ 20,7 տոկոսով։
Իսկ նրանք, ովքեր մինչև հիմա տներ և բնակարաններ են վարձակալությամբ տալիս Բակուրիանիում, ստիպված են եղել գներն իջեցնել գրեթե 80 տոկոսով։
Protect Mountain Resorts կազմակերպության հիմնադիր Գիորգի Սալուկվաձեն պատմում է, որ հանդիպել է կառավարության և Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչների հետ և նրանց ներկայացրել բիզնես-ասոցիացիաների ներկայացուցիչների անցկացրած հետազոտությունը, որի համաձայն՝ կանոնների պահպանման դեպքում լեռնադահուկային հանգստավայրերի բացումը բացարձակ անվտանգ կլինի։ Սակայն իշխանությունները հաշվի չեն առել նրանց խորհուրդները։
«Մենք նույնիսկ առաջարկեցինք լրացուցիչ խստացնել կանոնները, օրինակ՝ արգելել ալկոհոլի օգտագործումն ու երաժշտական միջոցառումները լեռներում։ Մենք նաև սպառիչ և փաստարկված պատասխաններ տվեցինք նրանց բոլոր հարցերին։ Մենք ընդգծեցինք նաև, որ այս տարին յուրօրինակ փորձ կլիներ այն դեպքի համար, եթե ստիպված լինենք վարակի դեմ պայքարել նաև հաջորդ տարի։ Սակայն մեզ ոչ ոք չլսեց, և նրանք ամեն ինչ արեցին այնպես, ինչպես ուզում էին»։
Այս փուլում առաջնահերթությունը տրվում է մարդկանց առողջության պահպանմանն ու համաճարակաբանների խորհուրդների պահպանմանը, մեզ հաղորդեցին էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանը կից լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության մամուլի ծառայությունից։
«Ողջ երկիրն է ծանր օրեր վերապրում, և ամենաշատը, ընդհանուր առմամբ, տուժել է զբոսաշրջային ոլորտը։ Սա ոչ միայն լեռնային հանգստավայրերի խնդիրն է։ Մենք անում ենք այն, ինչ ասում են (համաճարակաբանները), և դրանից ավելի՝ ոչինչ անել չենք կարող», — ասում է ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թամթա Յաշագաշվիլին։
Այս պահի դրությամբ՝ աշխարհում, ընդհանուր առմամբ, բաց է 315 լեռնադահուկային հանգստավայր՝ հիմնականում Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Կանադայում և Ավստրալիայում, ևս 80 հանգստավայր կվերաբացվի մոտ ժամանակներս։
Ինչ վերաբերում է Եվրոպային, օրինակ՝ Շվեյցարիային և Ավստրիային, ապա ճոպանուղիներն աշխատում են՝ ըստ կանոնների, սակայն՝ միայն տեղի զբոսաշրջիկների համար։ Չնայած մեծ ակնկալիքներին՝ կարանտինի պատճառով ճոպանուղիները չեն բացվել Ֆրանսիայում և Իտալիայում։
«Հանգստացողները միայն հաց են գնում»
«Մենք ունենք միայն այս սեզոնը, դրանով ենք ապրում, ուրիշ եկամուտ չունենք։ Եթե (մայրաքաղաքում) հանրահավաքներ են անցկացվում, մետրոն բաց է, ավտոբուսները երթևեկում են, ի՞նչ էր լինելու, եթե ճոպանուղի նստեր երկու մարդ՝ հեռավորության պահպանմամբ։ Չէ՞ որ դա մեզ գոնե մի քիչ կօգներ», — ասում է կրպակի վաճառողուհին։
Մյուսը նկատում է, որ հանգստացողների թվից բացի, կրճատվել է նաև նրանց վճարունակությունը․
«Հանգստացողները ոչինչ չեն գնում։ Փող չունեն։ Նրանք գալիս են կլիման փոխելու, այլ ոչ թե՝ փող ծախսելու։ Միայն հաց են գնում»։
Բակուրիանիում այս սեզոնին սակավաթիվ հանգստացողների ժամանցի միակ ձևը զբոսնելն է և ձնագնդի խաղալը։ Սակայն դրանում էլ նրանց բախտը չի բերել․ ձյուն գրեթե չի մնացել։ Արև է, և մի քանի օր առաջ տեղացած ձյունը դանդաղ հալվում է։
Միայն մի քանի երեխա է սահնակները բարձրացնում գրեթե հալած ճանապարհով։
Սալոմեն ու Յակոբը զբաղվում են դահուկների վարձակալությամբ։
«Գյուղից ենք եկել։ Սովորաբար այստեղ ենք աշխատում ողջ սեզոնին, իսկ հետո ապրում ենք այդ փողով։ Անցյալ տարի սեզոնի կեսը բաց ենք թողել այն պատճառով, որ ջուր չկար, իսկ այս տարի գործերը շատ վատ են։ Տեղի բնակչությունը շատ ծանր վիճակում է, և ես չգիտեմ, թե ինչ կարելի է անել», — ասում է Սալոմեն։
Միակ օգնությունը պետությունից, որ ստացել են Սալոմեն ու Յակոբը համավարակի ընթացքում, 300 լարի [մոտ 100 դոլար] միանվագ վճարն է ինքնազբաղներին, որոնք առանց եկամտի են մնացել։
«Մենք վերջերս ենք եկել՝ փետրվարին։ Սակայն հիմա միայն նրա մասին եմ մտածում, թե ինչպես տուն վերադառնալու համար փող աշխատենք», — ասում է Սալոմեն և փորձում կանչել սակավաթիվ հանգստացողներին։
Նրանց դիմաց մի քանի տղա կա՝ ձիերը հեծած, խնդրում են իրենց լուսանկարել․ այսպես են զվարճանում՝ ձիերի հետ լուսանկարվել և զբոսնել ցանկացողների բացակայության պայմաններում։
Տնտեսագետ Օթար Աբեսաձեն հիշեցնում է, որ ձմեռային հանգստավայրերը տուժել են նաև անցյալ տարի․ համավարակի մեկնարկը համընկել էր հենց ձմեռային սեզոնի ավարտի հետ։
«Վրաստանում զբոսաշրջությունից ստացվող եկամուտների 40 տոկոսը բաժին է ընկնում ձմեռային հանգստավայրերին։ Այդ ոլորտում զբաղված է մինչև 120 հազար մարդ, և նրանք արդեն երկրորդ տարին է՝ առանց եկամտի են մնում։ Սակայն սարերում վարակի տարածման վտանգը շատ քիչ է, իսկ լոքդաունի պատճառով տնտեսական վնասը՝ հսկայական», — ասում է Աբեսաձեն։
Աղոտ ապագա
Սակայն 2023 թ-ին Բակուրիանիում պետք է ֆրիսթայլի աշխարհի առաջնություն անցկացվի։ Որպես կանոն, հիմա հանգստավայրում պետք է կայանալիք մրցաշարի նախապատրաստություններ ակտիվորեն ընթանան։
«Երբ նախապատրաստվում ես նման լուրջ առաջնության, անհրաժեշտ են լավ հյուրանոցներ և լավ սպասարկում, քանի որ շատ զբոսաշրջիկներ են գալու, և է՛լ ավելի շատ մարդ է իմանալու Բակուրիանիի մասին, — ասում է Defend Mountain Resorts-ի հիմնադիր Գիորգի Սալուկվաձեն։ — Սակայն, քանի որ սեզոնն այս տարի ամբողջությամբ ձախողվեց, հանգստավայրը չի կարողանալու նախապատրաստվել, և հյուրերը տեսնելու են այն, ինչ մենք ենք հիմա տեսնում՝ անխնամ և չզարգացած ենթակառուցվածքներ։ Դա էլ այն դեպքում, եթե հիմա գոյություն ունեցող փոքր հյուրանոցներն ու հյուրատները կարողանան դիմակայել համավարակին»։
Բակուրիանիի ենթակառուցվածքները մեծ խնդիր էին նաև համավարակից առաջ։ Վերջին տարիների քաոտիկ կառուցապատումը երկար ժամանակ չլուծված խնդիր էր։
Ճարտարապետ-ուրբանիստ, պրոֆեսոր Լադո Վարդոսանիձեն արդեն երկար տարիներ չի այցելում իր սիրած հանգստավայր։
«Ես այնտեղ այլևս չեմ մեկնում, քանի որ վերջին անգամ տեսել եմ այն, ինչ կատարվում է արդեն ամենուրեք․ հող պոկելու, կիսելու և զավթելու անհագուրդ ցանկություն։ Այս վիճակը վայրի կապիտալիզմի իսկական դեմքն է, որն արտահայտվում է բացարձակ չմտածված, քաոտիկ կառուցապատման և հնամաշ ենթակառուցվածքների տեսքով»։
Սակայն համավարակի և լիակատար մեկուսացման ֆոնին պարզ չէ նաև, թե արդյոք առկա ենթակառուցվածքները կարող են պահպանվել ներկայիս վիճակում։
«Դա շատ կարևոր փաստ է, որ մարդիկ իրենք են կառուցել և զարգացրել այս հանգստավայրը բանկային վարկերի հաշվին։ Կարծում եմ՝ պետությունը ձմեռային հանգստավայրերին պետք է նվազագույնը ամբողջական հարկային համաներում առաջարկի մեկ տարով։ Հակառակ դեպքում՝ ոչ պակաս, քան հինգ տարի պետք կլինի, որ այս ոլորտը վերադառնա 2019 թ-ի մակարդակին։ Կարծում եմ, որ բոլորի համար ակնհայտ է, թե ինչ վնաս է դա հասցնում մեր տնտեսությանը», — ասում է Օթար Աբեսաձեն։
Միխոն փոքր ընտանեկան հյուրանոց է բացել 2019 թ-ի վերջին։ Նա գործը սկսել է մեծ հույսերով և ստիպված է եղել մի քանի ամիս անց փակվել կարանտինի պատճառով։ Ամռանը նրա հյուրանոցը վերսկսել է աշխատանքը՝ կարգավորումների համաձայն, սակայն իրականում հանգստացողներ չեն եղել։
«Անհաջող ամառվանից հետո հույսներս այս ձմեռն էր, սակայն ողջ սեզոն փակ ենք եղել։ Ոչ ոք բիզնես չի սկսում խնայած գումարի հաշվին։ Այսպիսի գործերը սկսվում են հույսից և բանկային վարկերից։ Սակայն վարկը մնացել է, իսկ հույսերը չեն արդարացել։ Չգիտեմ, թե որքան երկար կդիմանանք»։
27-ամյա Բաչոն աշխատում է չընկճվել, և այս տարի, ինչպես նախկինում, աշխատում է որպես սնոուբորդի և դահուկների հարցերով հրահանգիչ։ Սակայն, նրա խոսքով, նա այսօր չի վաստակում իր նախորդ տարիների գումարի մի քանի տոկոսն անգամ։
Չաշխատող ճոպանուղու պատճառով երեխաները ստիպված են դահուկներով ոտքով բարձրանալ մինչև սահուղու կեսը։ Նրանցից ոմանք ձնագնաց են վարձակալում, սակայն ոչ հաճախ, քանի որ մեկ անգամ բարձրանալու արժեքը 10 լարի է [մոտ $3]։
Կոխտա լեռան ստորոտին սահուղիներ են ավելի փորձառու դահուկորդների համար, սակայն մարդիկ քիչ են։ Մի քանի համեմատաբար ավելի փորձառու երեխաներ փորձում են բարձրանալ սարը և իջնել։
Երեխաների ծնողները միմյանց պատմում են, թե այս տարի որքան թանկ է իրենց վրա նստել երեխաներին Բակուրիանի բերելը։ Միաժամանակ նրանք կարծում են, որ ճոպանուղիները փակելը ճիշտ որոշում էր․
«Այն ժամանակ ճոպանուղու հերթերում 200 մարդ էր սպասում, իսկ դա լավ չէր լինի»։
Ի ուրախություն երեխաների և ծնողների՝ կրկին ձյուն է տեղում, և Կոխտա լեռան գագաթին ճոպանուղին կորում է մշուշում։ Սակայն այս տարի նույնիսկ ձյունը հազիվ թե բարելավի իրավիճակը Բակուրիանիում։
«Մեդիացանցի» աջակցությամբ