Ադրբեջանը միաժամանակ «դռան տեղը ցույց տվեց» USAID-ին և «Ռուսկի դոմ»-ին
«Ռուսկի դոմ»-ը և USAID-ին Ադրբեջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն միևնույն օրը անօրինական է ճանաչել իր տարածքում «Ռուսկի դոմ»-ի (Русский дом — Ռուսական տուն) և ԱՄՆ ՄԶԳ (USAID) գործունեությունը։ Ըստ որոշ փորձագետների՝ «Ռուսկի դոմ»-ին ցույց տալով դռան տեղը՝ ադրբեջանական կողմը փորձում է Ռուսաստանին ստիպել ընդունել AZAL-ին պատկանող մարդատար ինքնաթիռի վթարի մեղքը։
Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ֆարհադ Մամեդովի գնահատմամբ՝ միաժամանակ երկրից վտարելով ամերիկյան USAID-ին «պաշտոնական Բաքուն նույն հարթության վրա է դրել Ռուսաստանին և ԱՄՆ-ին, իսկ «դաշնակցային փոխգործակցությունը» համահարթեցվել է»:
- «Իրանն ու Հայաստանը նույնական դիրքորոշում ունեն»․ ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունները
- Ամերիկյա՞ն, թե՞ թուրքական առաջարկ․ փաստեր և կարծիքներ Մեղրին ԼՂ-ով փոխանակելու մասին
- Ադրբեջանում ևս երկու լրագրող է ձերբակալվել մաքսանենգության մեղադրանքով
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ «Ռուսկի դոմ»—ի և USAID-ի փակման մասին
«Փետրվարի 3-ին ռուսական կողմին գրություն է ուղարկվել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության՝ Ադրբեջանում «Ռուսկի դոմ»-ի գործունեությունը դադարեցնելու մասին՝ որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով։ Այս մասին փետրվարի 6-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
«Ռուսկի դոմ»-ի գործունեությունը դադարեցնելու որոշման հիման վրա ակնկալվում է, որ ռուսական կողմը համապատասխան միջոցներ կձեռնարկի», — հավելել է նա։
«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում ԱՄՆ ՄԶԳ-ի և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նման կազմակերպությունների գործունեությունը պետք է հիմնված լինի ազգային օրենսդրության, երկրների միջև փոխադարձության սկզբունքների և երկկողմ համաձայնագրերի պահանջների վրա»,- նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Նույն օրը ամերիկյան կողմին պաշտոնապես ծանուցվել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Ադրբեջանում գործունեություն ծավալելու իրավական հիմք չունի և պետք է դադարեցնի իր գործունեությունը։
Այս մասին նույնպես հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ 2024 թվականի հունիսի 1-ից Ադրբեջանում ԱՄՆ ՄԶԳ գործունեության համար իրավական հիմքեր դե յուրե չկան։
Արձագանք Ռուսաստանից
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը ռուսական լրատվամիջոցներին ասել է, որ ՌԴ ԱԳՆ-ն, Բաքվում ՌԴ դեսպանատունը և Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը «բազմիցս դիմել են Ադրբեջանի արդարադատության և արտաքին գործերի նախարարություններին և խնդրել օգնել գրանցման հարցում»։ Նա ՌԻԱ Նովոստիին ասել է, որ իրենց բոլոր դիմումներն անպատասխան են թողնվել:
Պրիմակովը նաև նշել է, որ այն տարածքի սեփականատերը, որտեղ գտնվում է «Ռուսկի դոմ»-ը, հայտարարել է իր անշարժ գույքը վաճառելու մտադրության մասին և այդ պատճառով խնդրել է հնարավորինս շուտ ազատել այն։
Ինչպես նշում են որոշ փորձագետներ, «Ռուսկի դոմ»-ին ցույց տալով դռան տեղը՝ ադրբեջանական կողմն ուզում է Ռուսաստանին ստիպել ընդունել AZAL-ին պատկանըող մարդատար ինքնաթիռի խոցման մեջ իր մեղավորությունը։
Այս ակնկալիքներին նախօրեին կտրուկ արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը.
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում AZAL ինքնաթիռի կործանման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ»:
Նշենք, որ օրեր առաջ հրապարակվեց ավիավթարի հետաքննության վերաբերյալ նախնական զեկույցը։ Դրանում ասվում է, որ օդանավի ֆյուզելյաժում հայտնաբերված վնասն արտաքին ազդեցության հետևանք է եղել:
Զեկույցում չկա որևէ տեղեկություն փաստերի առկայության մասին, որոնք կվկայեին ինքնաթիռի՝ թռչունների հետ բախման կամ թթվածնի բալոնի պայթյունի մասին։ Նշվում է, որ ժամը 05:13:32-ին օդանավի կառավարման հիմնական համակարգերը խափանվել են և միայն ժամը 05:21:42-ին է փոխազդեցության դիսպետչերը Գրոզնիին հայտնել «Գորգ» օպերացիայի իրականացման մասին:
Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող AZAL մարդատար ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդկանցից 38-ը մահացել էին, 29-ը՝ ողջ մնացել։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է Ռուսաստանի օդային տարածքում՝ Գրոզնիի հատվածում արտաքին՝ ֆիզիկական և տեխնիկական ազդեցության հետևանքով։
Ի՞նչ կլինի ԱՄՆ ՄԶԳ-ի հետ
Հումանիտար ոլորտի աշխատակիցները, դիվանագետներն ու օրենսդիրները փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ այն բանից հետո, երբ վերջին օրերին նրա գործունեության մեջ լուրջ խափանումներ են նկատվում: Reuters-ին աղբյուրների փոխանցմամբ՝ գործակալության կայքը չի գործում, որոշ աշխատակիցներ կորցրել են աշխատանքային համակարգերին իրենց հասանելիությունը, իսկ ավելի քան 100 մարդ ուղարկվել է հարկադիր արձակուրդի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի երեկոյան լրագրողներին ասել էր, որ USAID-ը «կառավարվում է մի խումբ արմատական խելագարների կողմից», և որ իր վարչակազմը «զբաղվում է» իրավիճակով։ Միաժամանակ Վաշինգտոնում լուրեր են տարածվում այն մասին, որ հնարավոր է՝ գործակալությունն ընդգրկվի ԱՄՆ պետդեպարտամենտի կազմում։
«Սինխրոն և նուրբ ձևով …»
Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ֆարհադ Մամեդովը կարծում է, որ «պաշտոնական Բաքուն նույն հարթության վրա է դրել Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, և «դաշնակցային փոխգործակցությունը» համահարթեցվել է»։
«Ադրբեջանում միաժամանակ փակվում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի փափուկ ուժի ինստիտուտները։
Սկզբունքորեն, եթե Բաքվում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հանդիպումներ նախատեսված չեն, ապա ինչի՞ համար է պետք Ադրբեջանում ունենալ փափուկ ուժի գրասենյակներ:
Ադրբեջանա-ռուսական հարաբերությունների համատեքստում մենք ընթանում ենք հարաբերությունների վատթարացման պարույրով։ Բաքուն դրսևորում է ազնվություն և հետևողականություն, միաժամանակ նախքան քայլեր ձեռնարկելը նախազգուշացումներ է անում: Ամեն բան ազնիվ է:
Ըստ կառուցողական տրամաբանության՝ շուտով Բաքվում պետք է Ռուսաստանից շատ հարգված հյուր հայտնվի, քանի որ ԶԼՄ-ների և ԱԳ նախարարությունների միջոցով տրվող ազդակներն արդյունք չեն տալիս։ Բաքուն Մոսկվա ոչ ոքի չի ուղարկի:
Այս դեմարշը մեկ այլ ենթատեքստ էլ ունի. պաշտոնական Բաքուն նույն հարթության վրա է դրել Ռուսաստանին և ԱՄՆ-ին, իսկ «դաշնակցային փոխգործակցությունը» համահարթեցվել է։
Եվ դա տեղի է ունեցել Ռուսաստանի դիրքորոշման պատճառով, որում ոչ մի գրամ «դաշնակցային փոխգործակցություն» չկա»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«Ռուսկի դոմ»-ը և USAID-ին Ադրբեջանում