Ռուսաց լեզուն կորցնում է lingua franca կարգավիճակը
Ես երբեք ինձ հարմարավետ չեմ զգում ռուսերեն խոսելիս, չնայած հասկանում եմ այդ լեզուն մանկուց: Անհարմարության զգացողությունն էլ ավելի է սրվում ռուսալեզու ֆորումներին, սեմինարներին ու կոնֆերանսներին, որոնց ինձ հրավիրում են՝ հաշվի առնելով մասնագիտությունս (քաղաքագետ եմ): Հաճախ հենց այդ պատճառով եմ խուսափում մասնակցել միջմշակութային որոշ միջոցառումների:
Սակայն ես բացառություն չեմ: Այսօր Վրաստանի բնկաչության մինչև 30 տարեկանների մեծ մասը վատ է տիրապետում ռուսերենին:
ACT մարքետինգային ընկերության կողմից 2012թ. անցկացված հետազոտության արդյունքներով, Թբիլիսիում հարցվածների ընդամենը 36 տոկոսն է նշել, որ գերազանց տիրապետում է ռուսերենին:
Իհարկե, այս տվյալներն ընդամենը հարցվածների ինքնագնահատականն են, այլ ոչ թե լեզվական կոմպետենտության անաչառ ինդիկատոր, սակայն դա էլ է վկայում, որ մնացած 64%-ն իրեն հարմարավետ չի զգում ռուսերենն օգտագործելիս: Էլ չխոսենք երկրի շրջանների մասին, որտեղ ռուսաց լեզվի իմացությունը շատ ավելի ցածր մակարդակում է:
2011թ.-ից ռուսաց լեզուն Վրաստանի հանրակրթական դպրոցներում ոչ պարտադիր առարկա է: Վրացական ազգային հեռուստաալիքների եթերում արդեն ռուսերենով թարգմանված ֆիլմեր չեն ցուցադրվում:
Բնակչության միայն չնչին հատվածն է դիտում ռուսական հեռուստաալիքներ: Ռուսաց լեզուն որոշակի բացառությամբ չի օգտագործվում նաև էթնիկ վրացիների առօրյա կյանքում: Ճիշտ է, համացանցում՝ .ge դոմենում, դեռևս կարելի է գտնել մեծ քանակությամբ ռուսերեն թարգմանությամբ ֆիլմեր, սակայն այստեղ նույնպես ռուսերենին փոխարինելու են գալիս անգլերենն ու վրացերենը:
Դժվարանում եմ ասել, թե ինչպիսին է իրավիճակը այդ հարցի շուրջ Ադրբեջանում և Հայաստանում, սակայն կողքից որ նայենք, հարևան պետություններում նույնպես նման տենդենց է նկատվում:
Փաստ է, որ ռուսերենը՝ որպես lingua franca (միջէթնիկական շփման միջոց) աստիճանաբար անհետանում է Կովկասյան տարածաշրջանից: Արդյո՞ք մենք պետք է խոչընդոտենք այդ գործընթացին և որ լեզվով պետք է շփվենք հարևանների հետ:
Այն փաստը, որ ռուսաց լեզվի տարածվածությունը փոքրանում է, մի կողմից ընդունելի է, քանի որ նման կերպ նախկին խորհրդային հանրապետությունները, որոնք երկար տարիների ընթացքում ընկալվում էին որպես ռուսական մշակույթի մի մաս, աստիճանաբար վերադարձնում են իրենց ինքնությունը: Դա զգալի գործընթաց է, որը մեր տարածաշրջանի երկրներին հնարավորություն է տալիս իրենց ներկայացնել ու զարգանալ որպես անկախ ինքնատիպ մշակույթներ, այլ ոչ թե Ռուսաստանի կամ ռուսական մշակույթի մաս:
Սակայն, եթե այդ գործընթացին նայենք այլ տեսանկյունից, ապա ռուսաց լեզվի տարածվածության թուլացումը կարող է հանգեցնել մեր երկրների միջև շփումների կրճատմանը:
Նախկինում ռուսաց լեզուն Կովկասյան տարածաշրջանում այսպես կոչված lingua franca էր՝ միջէթնիկական շփման միջոց, հաղորդակցման լեզու: Եթե կովկասյան երկրները մոռանան ռուսերենը, դա կբերի նրանց միջև հաղորդակցության կրճատման, ինչը բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի քաղաքական, տնտեսական ու մշակութային զարգացման վրա: Գործնականում մենք չենք կարողանա շփվել սեփական հարևանների հետ: Հենց այս փաստն են վկայակոչում նրանք, ովքեր կողմ են տարածաշրջանում ռուսաց լեզվի տարածմանը:
Չնայած՝ ռուսաց լեզվի վերակենդանացումը տարածաշրջանում սխալ է նվազագույնը երեք պատճառով:
Առաջինն ու ամենգլխավորն այն է, որ ռուսալեզու դաշտ վերադառնալը Վրաստանի ազգային շահերին վնաս կհասցնի, քանի որ հակասում է դրանց:
Երկրորդը՝ վրաց երիտասարդությունը գումարի սղության պայմաններում անգամ նախապատվությունը կտա անգլերենի ուսուցմանը, այլ ոչ թե ռուսերենի: Այդ ընտրությունը բնական է ու հաշվարկված: Եթե երկիրն ուզում է զարգանալ, այն անպատճառ պետք է խրախուսի միջազգային լեզվի ուսումնասիրումը: Այսօր գիտական գրականության 90%-ը անգլերենով է:
Երրորդ պատճառն այն է, որ անգլերենի ուսուցման համար նախապատվելի պայմանների ստեղծումը մեր տարածաշրջանի երկրներին հնարավորություն կտա հիմնել ու զարգացնել կապերը ոչ միայն հետխորհրդային, այլ նաև աշխարհի մնացած երկրների հետ:
Կովկասյան տարածաշրջանն այսօր ավելի ակտիվ քաղաքական, մշակութային, կրթական ու տնտեսական կապերի կարիք ունի միջազգային մակարդակում: Ի դեպ, ապագայում հնարավոր կլինի Ռուսաստանի քաղաքական, գործնական ու մշակութային շրջանակների ներկայացուցիչների հետ անգլերենով շփվել, քանի որ Ռուսաստանում այս միջազգային լեզուն մեծ տարածում է ստանում:
Բնականաբար, ռուսերենը մեր տարածաշրջանի համար որպես lingua franca անգլերենով փոխարինելը ոչ մի դեպքում չպետք է նշանակի, որ մենք մեր շփումներում պետք է խուսափենք ռուսերենի կիրառման ցանկացած հնարավորությունից: Դա պրագմատիկ չէր լինի: Պարզապես պետք է կոտրել այն կարծրատիպը, որ Վրաստանում կամ խորհրդային այլ երկրներում ռուսերեն չիմանալն ամոթ բան է:
Շատ կարևոր է, որ կովկասյան երիտասարդության համար ռուսալեզու միջոցառումներին զուգահեռ կազմակերպվեն նաև անգլերենով միջոցառումներ: Ադրբեջանցու կամ հայի հանդիպելիս մենք դեռևս, արմատավորված գաղութային կարծրատիպերից ելնելով, նախապատվությունը տալիս ենք ռուսերենով շփմանը: Առաջին հերթին, նկատի ունեմ հենց այս կարծրատիպից ազատվելը:
Մեկ տարի առաջ միջազգային հասարակական կազմակերպություններից մեկի հրավերով ես դասախոսություն կարդացի վրացի և հայ ուսանողների համար: Դասախոսությունն անգլերենով կարդացի, դրան հետևած հարցուպատասխանը նույնպես անգլերենով էր: Ես հասկացա, որ այդ շփումը հայ ուսանողների հետ շատ ավելի արդյունավետ էր, քան իմ նախկին շփումները ռուսերենով:
Ռուսերենն lingua franca անգլերենով փոխարինելը մեր տարածաշրջանում պետք է խրախուսել, հատկապես ընթացող տենդենցների համատեքստում:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 20.09.2016