Ռուսաստանցի գործիչները՝ անցանկալի անձ Հայաստանում. ինչո՞ւ
Զատուլինը՝ անցանկալի անձ Հայաստանում
Վերջին մեկ օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ պաշտոնական Երևանը անցանկալի անձ է հայտարարել առնվազն երկու ռուսաստանցի գործչի՝ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության՝ Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին: Նրանց մուտքը Հայաստան արգելվել է:
Այս որոշումից հետո Զատուլինը Հայաստանի իշխանություններին մեղադրել է արտաքին քաղաքական կուրսի փոփոխության մեջ: Ի պատասխան Հայաստանի խորհրդարանի խոսնակը նշել է, որ ազնիվ և արդար չէ հայկական կողմի՝ սեփական անվտանգությունն ապահովելը վերագրել կուրսի փոփոխության:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ եթե սրանք առանձին դեպքեր են, ոչ մի ազդեցություն չեն ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա: Բայց եթե Հայաստանի իշխանություններն ուզում են Մոսկվայի հետ հարաբերություններում ճգնաժամ գեներացնել, հակազդեցությունը չի ուշանա:
Հայաստանի կայացրած որոշումները, քննարկումներ արտաքին քաղաքական կուրսի փոփոխության շուրջ, ինչպես նաև փորձագիտական կարծիք
«Իմ այցն անցանկալի է, իսկ իմ հայտարարությունները վնասում են ՀՀ-ին»
Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի Ազգային ժողովը Կոնստանտին Զատուլինին նամակով տեղեկացրել է նրա՝ հանրապետություն մուտքի անցանկալի լինելու մասին։ Լուրը հանրայնացրեց ինքը՝ Զատուլինը՝ որոշումը գնահատելով որպես «վիրավորական քայլ»:
«Անսպասելի էր ինձ համար, նամակ ստացանք Հայաստանի Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետից։ Ասացին, որ իմ այցն անցանկալի է, իսկ իմ հայտարարությունները վնասում են Հայաստանի Հանրապետությանը»,– տելեգրամյան ալիքում գրել էր պատգամավորը:
Զատուլինը մեջբերել էր նաև էլեկտրոնային փոստով ստացած նամակը, որի համաձայն՝ նրա այցերը Հայաստան համարվում են անցանկալի, քանի որ վերջին շրջանում Հայաստանի հասցեին նրա հնչեցրած «հրապարակային հայտարարությունները վնասում են պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»:
Ավելի ուշ Հայաստանի խորհրդարանը հաստատեց տեղեկությունը՝ առանց մանրամասներ հայտնելու:
Իսկ վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» այս լուրը հաղորդեց՝ նշելով, որ Զատուլինը բազմիցս
- մեղադրել է գործող իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար,
- խառնվել է ներքաղաքական կյանքին,
- պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Զատուլինը հասցրել էր անգամ ՀՀ իշխանություններին մեղադրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար։ Իսկ Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցի ընթացքում նա մեղադրել էր վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։ «Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ ստորագրողներին, «միջանցքը» ստորագրել է Փաշինյանը»,- ասվում է թերթի հրապարակման մեջ։
Կոնստանտին Զատուլինը Հայաստան պետք է ժամաներ` մասնակցելու իր հիմնադրած Լազարյան ակումբի` հոկտեմբերի 28-ին կայանալիք նիստին։
Զատուլինն իրեն հայամետ գործիչ է համարում, պարբերաբար հրապարակային ելույթներում հիշեցնում է, որ իր առաջարկով է 1995 թվականին Ռուսաստանի Պետդուման ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Խոսքն իրականում ոչ թե ցեղասպանությունը ճանաչող օրինագծի, այլ ընդամենը այն դատապարտող հայտարարության մասին է:
Նույն օրը, երբ Զատուլինը տեղեկացրեց իր անձը անցանկալի հայտարարելու մասին, ազգությամբ հայ ռուսաստանցի լրագրող Մարգարիտա Սիմոնյանը տելեգրամյան ալիքում գրեց․
«Երկար տարիներ մոլեռանդ կերպով Հայաստանին աջակցող Կոնստանտին Զատուլինին Հայաստանի ներկայիս ղեկավարը արգելել է մուտք գործել Հայաստան։
Ի դեպ` ինձ ևս»:
Ռուսաստան-Հայաստան «երկխոսություն» կուրսը փոխելու մասին
Մեկնաբանելով իրեն անցանկալի անձ հայտարարելու մասին որոշումը` Զատուլինը նշել է, թե Հայաստանի իշխանությունները երկրի համար «պատասխանատու պահին ակնհայտորեն փորձում են փոխել կուրսը` խրախուսելով հակառուսաստանյան արշավն ու ակնարկելով, որ ՌԴ-ն, որպես դաշնակից, չի կատարում իր պարտավորությունները»: Նրա որակմամբ՝ սա Ռուսաստանի հետ հարաբերությունների մերժման վառ և կոպիտ վկայություն է։
«Մեր գործընկերներին կոչ եմ անում Հայաստանին աշխարհաքաղաքական շրջադարձների մեջ մեղադրելուց առաջ հարց տալ իրենց՝ իրենք ամեն ինչ ճի՞շտ են անում և արդյո՞ք նման աշխարհաքաղաքական շրջադարձն իրենց թաքնված ցանկությունը չէ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Խորհրդարանի խոսնակի գնահատմամբ՝ ազնիվ և արդար չէ հայկական կողմին մեղադրել նրանում, որ փորձում է իր անվտանգությունն ապահովել, ու դա վերագրել կուրսի փոփոխության:
Ասում է՝ Հայաստանը չի փչացնում իր հարաբերությունները ոչ մի երկրի հետ, պարզապես «ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, իր սահմանների նկատմամբ վերցված պարտականություններն իրականացնեն»:
«Հայաստանը չի կարող անտարբեր լինել ՀՀ ինքնիշխան տարածքի և Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած յուրաքանչյուր անձի հանդեպ` անկախ նրանից, թե ինչ երկիր կներկայացնի»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը:
Հայաստանի նախկին պաշտոնյաները ներկայիս իշխանության դիրքորոշումը որակում են որպես հարված հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին: Հիշեցնում են՝ Զատուլինի մուտքը տասնամյակից ավելի արգելված է նաև Ադրբեջանում: Պատճառը նրա պրոարցախյան և պրոհայկական դիրքորոշումն է:
Մարգարիտա Սիմոնյանին անցանկալի անձ հայտարարելու պատճառների մասին լրագրողների հարցին ԱԺ նախագահը պատասխանել է, որ տեղեկություններ չունի։ Սակայն չի բացառել, որ անցանկալի անձանց ցանկում կներառվեն ոչ միայն նա, նրա ամուսինը, այլև «հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ», որոնք Հայաստանի հանդեպ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ՝ Զատուլինն ու Ալեն Սիմոնյանը չունեն այն «քաշային կատեգորիան», որ հանդես գան երկրների անունից և ասեն՝ կուրսը փոխվո՞ւմ է, թե՞ չի փոխվում: Ասում է՝ Հայաստանում, առավել ևս Ռուաստանում ամեն բան որոշում է մեկ մարդ: Նրա խոսքով՝ Զատուլինը ՌԴ նախագահ Պուտինի մերձավոր շրջապատից չէ, ուստի հայ-ռուսական հարաբերությունները նրանով չեն որոշվում:
«Այնպես չէ, որ մի գործչի մուտքն արգելելով հայ-ռուսական հարաբերությունները պետք է հայտնվեն ճգնաժամի մեջ, դրան հարակից պրոցեսներն են ինձ անհանգստացնում, երբ ավելի շատ շահարկումներ են, քան իրական քաղաքականություն»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Սուրենյանցը:
Քաղաքագետի գնահատմամբ՝ Զատուլինը միջամտել էր Հայաստանի ներքաղաքական կյանքին, ուստի պետությունը պետք է ձեռնարկեր կոնկրետ գործողություններ: Մյուս կողմից, նկատում է՝ շահարկումներից խուսափելու համար իշխանությունը պետք է նախապես հայտարարեր, որ այս հարցը հայ-ռուսական հարաբերությունների հետ կապ չունի.
«Չեմ բացառում, որ այս խնդիրը խորանա, և հայ-ռուսական հարաբերություններում առանց այն էլ գոյություն ունեցող ճգնաժամը ավելի սուր դրսևորումներ ստանա»:
Սուրենյանցն ասում է՝ եթե սա առանձին դեպք է, ոչ մի ազդեցություն չի ունենա, բայց եթե Հայաստանի իշխանություններն ուզում են Մոսկվայի հետ հարաբերություններում ճգնաժամ գեներացնել, դա «լավ տեղ տանող ճանապարհ չէ»:
«Ենթադրենք Հայաստանն արտաքին քաղաքականության վեկտորալ փոփոխության խնդիր է ուզում լուծել: Եթե իսկապես որոշել է այդ ուղղությամբ գնալ, կասկած չունենաք, որ ՌԴ կողմից հակազդեցություն ենք ունենալու: Հայաստանը ոչնչով չի տարբերվում ո՛չ Ուկրաինայից, ո՛չ Վրաստանից, ո՛չ Մոլդովայից»,- ընդգծել է նա:
Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ՝ Փաշինյանի համար առաջնահերթ է իշխանության պահպանումը, դա է պատճառը, որ հայտնվել է «դիվանագիտական ցայտնոտի» մեջ, քաոտիկ և հակասական քայլեր է անում:
«Փորձում է ժամանակ ձգել, իսկ կոնցեպցիա չունենալու պարագայում մեծ է հավանականությունը, որ հայտնվելու է տարբեր դիվանագիտական ծուղակներում։ Դրա հետևանքով Հայաստանը կարող է հարաբերություններ փչացնել ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի ու Արևմուտքի հետ»,- ամփոփել է քաղաքագետը:
Զատուլինը՝ անցանկալի անձ Հայաստանում