Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան գնային պատերազմ են սկսել նավթի շուկայում։ Ո՞վ աշխարհում բոլորից շատ կտուժի և որքա՞ն արագ
Նավթի համաշխարհային շուկայում և ֆինանսական շուկաներում մարտի 9–ին աննախադեպ անկում է գրանցվել, որի պատճառն այն էր, որ Ռուսաստանը հրաժարվել է համագործակցել նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ+ ( OPEC — The organization of the petroleum exporting countries) և դրա առաջնորդ Սաուդյան Արաբիայի հետ։
Կորոնավիրուսի բռնկման հետևանքով համաշխարհային տնտեսությունն արդեն հսկայական վնասներ է կրում․ կորուստների կանխատեսումը 2020 թ–ի համար 2.7 տրլն դոլար է։ Հետևաբար, նավթի պահանջարկը կրճատվում է, հաղորդում է Բի–Բի–Սի–ն։
Այս իրավիճակում ՕՊԵԿ–ը նավթ արտահանող բոլոր երկրներին առաջարկել էր կրճատել արդյունահանումը՝ նավթի գների կտրուկ անկումից խուսափելու համար, ինչն, իր հերթին, կարող է հանգեցնել միջազգային մեծ ֆինանսական ճգնաժամի։
Սակայն մարտի 7–ի հանդիպմանը Ռուսաստանն ու Ղազախստանը հրաժարվել են երկարաձգել ՕՊԵԿ–ի հետ համաձայնագիրը նավթի արդյունահանման սահմանափակման վերաբերյալ։
Ի պատասխան Սաուդյան Արաբիան՝ աշխարհում նավթ արդյունահանող ամենախոշոր երկիրը, հայտարարել է արդյունահանման ավելացման, միաժամանակ նաև իր նավթի գների կտրուկ նվազման մասին։
Համաշխարհային տնտեսության արձագանքն ակնթարթային էր։
Նավթի համաշխարհային գներն անկում ապրեցին ավելի քան 20 տոկոսով։ Մարտի 9–ի առավոտյան էտալոն համարվող Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը կազմեց $35.98։
Միանգամից տեղի ունեցավ նաև ռուսական ռուբլու փոխարժեքի մեծ անկում, որը մասնագետները շոկային են համարում՝ 83 ռուբլի՝ մեկ եվրոյի դիմաց, 73 ռուբլի՝ մեկ դոլարի դիմաց մարտի իննի առավոտվա դրությամբ։
Համաշխարհային ֆոնդային բորսաները հայտարարեցին, որ ֆինանսական աշխարհում ամենավատ իրավիճակն է ստեղծվել 2008 թ–ի ֆինանսական ճգնաժամից ի վեր։ Առաջատար ընկերությունները միլիարդներ են կորցրել արժեթղթերի գների անկման հետևանքով։
•ԱՄՆ–ն ցանկանում է Եվրոպային ազատել Ռուսաստանից նրա էներգետիկ կախվածությունից
Ի՞նչ հետևանքների սպասել Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև «նավթային պատերազմից»
Նավթի արդյունահանման սահմանափակման մասին ՕՊԵԿ+ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2016 թ–ին, դադարում է գործել 2020 թ–ի ապրիլի 1–ին։
Սաուդյան Արաբիան գնային պատերազմ է սկսել․ այն առաջարկում է աննախադեպ $6-8 զեղչ իր նավթի սպառողներին։
Ամենաբարձր զեղչերն առաջարկվել են Եվրոպային՝ ռուսական նավթի սպառման ավանդաբար գլխավոր շուկային։
Նախորդ նման բախումը Սաուդյան Արաբիայի հետ 30 տարի առաջ ավարտվեց Խորհրդային Միության տնտեսության փլուզմամբ, հիշեցնում են միջազգային փորձագետները։
Ռուսաստանի համար նավթի գների անկման հետևանքները շատ վտանգավոր են։ Նրա բյուջեն 60 տոկոսով կախված է նավթի և գազի արտահանումից և այն պայմանի վրա է կառուցած, որ նավթի գինը կազմելու է գոնե $42,4, միայն այդ պարագայում բյուջեն առանց պակասուրդի կլինի։
Ֆոնդային շուկայում կորուստներ է կրում նաև Սաուդյան Արաբիան, որի բյուջեն նույնպես կախված է նավթի արդյունահանումից։ Արդեն զգալիորեն նվազել է նրա գլխավոր նավթ արտադրող ընկերության՝ Saudi Aramco–ի արժեթղթերի գինը։
Սակայն այս բոլոր կորուստները դեռ վերջնակետը չեն։ Նավթի շուկայում գնային պատերազմը կարող է հանգեցնել լիակատար անարխիայի, երբ նավթ արդյունահանող բոլոր երկրներն այն դուրս բերեն շուկա ցանկացած քանակով և պայքարեն սպառողների համար՝ գցելով առանց այդ էլ ցածր գները։
Դա, ըստ փոձագետների, կարող է նավթի գինը նվազեցնել մինչև 30 և անգամ 20 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Փորձագետները մեկնաբանում են, որ կատարվածից անսպասելիորեն շահեկան վիճակում է հայտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ–ում արագ զարգանում է թերթաքարային լեռնատեսակից նավթի արդյունահանումը, և այդ համակարգն ապացուցել է իր առևտրային արդյունավետությունն ու ճկունությունը։ Ամերիկյան տնտեսությանը կարճաժամկետ կտրվածքով շահեկան են վառելիքի ցածր գները։ Եվ եթե դրանք պահպանվեն մինչև 2020 թ–ի նոյեմբեր՝ երբ ԱՄՆ–ում նախատեսված են նախագահական ընտրություններ, Թրամփի վերընտրվելու շանսերը զգալիորեն կավելանան։
Ինչո՞ւ է անկումը ֆոնդային շուկաներում և նավթի գների նվազումը վտանգավոր բոլորի համար
Ֆոնդային շուկաներում ճգնաժամի մասին հաղորդագրությունները ի սկզբանե չեզոք արձագանք են առաջացրել։ Չէ՞ որ շատերն արժեթղթերի մեջ գումար չեն ներդնում և բորսային առևտրով չեն զբաղվում։
Սակայն, օրինակ, միլիոնավոր մարդիկ կենսաթոշակային ֆոնդեր գումարներ են փոխանցում։ Այդ խնայողությունները ներդրվում են՝ ֆոնդի աճը խթանելու համար։ Եվ ավանդատուները սովորաբար չեն միջամտում այն որոշումների կայացմանը, թե հատկապես որտեղ ներդնել այդ գումարներն՝ աճ ապահովելու համար։
Այս իրավիճակում շատ ընկերությունների արժեթղթերի գների անկումը վատ նորություն է բոլոր թոշակառուների համար։
Բացի այդ, ֆոնդային բորսայում փոփոխություններն անմիջականորեն ազդում են ազգային արժույթների փոխարժեքի վրա։