Ռուսաստանի դեսպանության նոտան Հայաստանի ԱԳՆ-ին․ մարդկանց արձագանքը և վերլուծաբանի գնահատական
Ռուսաստանի դեսպանության նոտան ՀՀ ԱԳՆ-ին
Հայաստանում շարունակում են քննարկել ՌԴ դեսպանատան կողմից Հայաստանի ԱԳՆ-ին ներկայացված նոտան։ Ռուս դիվանագետները վրդովմունք են հայտնել ռուսաստանյան կառույցների հասցեին հնչած «հայհոյախառն և կեղծ մեղադրանքների կապակցությամբ»։ Ասվում է՝ իբր այդ կառույցներին հայաստանյան տեղեկատվական դաշտում մեղադրել են օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությանն առնչություն ունենալու մեջ:
Հայաստանի ԱԳՆ-ն խոստացել է «պատասխանել սահմանված կարգով», այս պահի դրությամբ նոտային դեռ պաշտոնական արձագանք չի տրվել։
Սակայն սոցիալական ցանցերի հայ օգտատերերը ակտիվ մեկնաբանում են իրավիճակը, վերլուծաբաններն էլ փորձում են հասկանալ, թե մասնավորապես ինչ գրառում է առաջացրել ՌԴ դեսպանության զայրույթը։ Առայժմ դա ոչ ոք չի կարողանում հասկանալ։
Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Նախնական վարկածի համաձայն՝ բռնկվել է հրավառության համար նախատեսված ապրանքների պահեստը։ Կա 16 զոհ, մեկ մարդ անհետ կորած է համարվում:
Ռուսաստանի դեսպանությունը Facebook-ի իր պաշտոնական էջում գրառում էր կատարել Հայաստանի ԱԳՆ-ին նոտա ներկայացնելու մասին օգոստոսի 17-ին։ Այդ օրը ՀՀ-ում սգո օր էր հայտարարված զոհերի հիշատակին։
Էլ ինչ է ասվում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ, ինչպես են դրան արձագանքել Հայաստանի բնակիչները, նաև վերլուծաբանի մեկնաբանություն այն մասին, թե ինչով է բացատրվում նոտա հղելու փաստը, ինչ է իրականում թաքնված դրա հետևում։
- Վերջին տվյալները «Սուրմալուի» պայթյունի ու որոնողական աշխատանքների մասին
- «Հրավառություններ՝ միայն պետական տոների ժամանակ»․ Հայաստանի նախկին փոխվարչապետ
- Պուտին-Էրդողան հանդիպում. պայմանավորվածություններ տարածաշրջանի և ռիսկեր՝ Հայաստանի համար. կարծիք
«Սադրանք՝ ուղղված դաշնակցային հարաբերությունների խաթարմանը»
Դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է առևտրի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին «տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերի մասին», որոնք կապում են ռուսական կառույցները առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբեգության հետ․
«Մենք սա համարում ենք սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Դրանց նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն, ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»։
Գրառման մեջ ասվում է, որ համապատասխան նոտան ուղարկվել է Հայաստանի ԱԳՆ։ Նաև հաղորդվում է, որ «ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, ներգրավվել է ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներին առաջին իսկ րոպեներից»։
Մեկնաբանություններ սոցիալական ցանցերում
«Իրենք իրենց հորինել, իրենք էլ վիրավորվել են: Հայկական ոչ մի լրատվամիջոցում նման բան չի հանդիպել»:
«Ամեն ինչ տանելի կլիներ, եթե չլինեին որոշ անհեթեթություններ։ «Մենք ակնկալում ենք քայլեր Հայաստանի իշխանություններից՝ ուղղված հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները խաթարող նման ոչ բարեկամական դրսևորումները ճնշելուն»։ Նախ, Հայաստանում խոսքի ազատություն է, և ժողովրդավարական երկրներում որևէ «դրսևորման ճնշում» հնարավոր չէ։ Թեև դուք որտեղի՞ց իմանաք ազատության ու ժողովրդավարության մասին, եթե ձեզ մոտ նման բան չկա։
Երկրորդ, «հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ» տերմինը ցավալիորեն ծիծաղելի է, ձեզ նման դաշնակիցների դեպքում թշնամիներ էլ պետք չեն։ Եվ վերջապես, Հայաստանում սգո օրը կարելի էր գոնե հարգանք ցուցաբերել մարդկային վշտի նկատմամբ։ Ես կցանկանայի հավատալ, որ կգա ազատ Ռուսաստանի ժամանակը, բայց, ըստ երևույթին, այդ օրը մոտ չէ»։
«Փառք և պատիվ այն ռուս տղաներին, որոնք օգնում են պայթյունի վայրում աշխատողներին։ Ինչ վերաբերում է մնացածին, ապա հենց ռուսական պաշտոնական կառույցներն են անում ամեն ինչ հայ-ռուսական հարաբերությունները վատացնելու համար»։
«Շուրջ վեց ամիս աշխարհը «վրդովված է» Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքից։ Երբվանի՞ց է Ռուսաստանին հետաքրքրում, թե ինչ է մտածում իր մասին ողջ աշխարհը»։
«Շատ տարօրինակ տեքստ։ Ով և երբ է մեղադրել Ռուսաստանին, պարզ չէ։ Առավել անհասկանալի է, թե ինչ է պահանջվում Հայաստանի իշխանություններից։ Չեղարկե՞լ խոսքի և մամուլի ազատությունը, անջատե՞լ ինտերնետը։ Հայտարարե՞լ, որ Ռուսաստանը չէր պայթեցրել է «Սուրմալան»։ Լո՞ւրջ»։
Վերլուծաբանի մեկնաբանություն
Քաղաքական մեկբաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ ռուս դիվանագետների և քաղաքական գործիչների մտահոգությունը Հայաստանում ռուսաֆոբիայի, հակառուսականության վերաբերյալ թերեւս ծիծաղելի կլիներ, եթե չվերաբերեր Հայաստանի անվտանգությանը։ Եթե դա չվերաբերեր Հայաստանի դեմ մշակված քաղաքական տեխնոլոգիային՝ Հայաստանին պարբերաբար ռուսաֆոբիայի մեղադրանք ներկայացնել․
«Հայաստանում ռուսոֆոբիայի, հակառուսականության «տպավորություն» ստեղծելու առաջին շահառուն հենց Ռուսաստանն է: Սա կարող է թվալ տարօրինակ, բայց տարօրինակ չէ՞, երբ ՌԴ կովկասյան քաղաքականությունը ամենից հակադիր է Կովկասում ՌԴ միակ ռազմա-քաղաքական դաշնակից ու բարեկամ դիտվող Հայաստանի շահին: Տարօրինակը դա է, եթե խոսենք տարօրինակություններից:
Բայց, հենց այստեղ է «շան գլուխը»: […] Կա երկու խնդիր, որ «ռուսաֆոբիայի» միջոցով լուծում է Մոսկվան: Մեկը՝ զգայական, հոգեբանական տիրույթ բերել Ռուսաստանի քաղաքականությանն առնչվող խոսակցությունը, այդ կերպ առավելագույնս խուսանավելով փաստարկված և փաստերի լեզվով խոսակցությունից, որովհետև այդ կերպ Հայաստանի փաստարկները լինելու են բավականին ուժեղ:
Եվ երկրորդ, ռուսաֆոբիայով արդարացնել իր թղթի վրա Հայաստանի, իրականում, խորքային առումով Թուրքիայի և Ադրբեջանի հետ գործընկերային ու դաշնակցային հարաբերության վրա կառուցված կովկասյան քաղաքականությունը, որն էլ, իր հերթին, բնականաբար, այսպես ասած Մեծ խաղի ռուսական ռազմավարության կարևոր օղակներից է:
Այն, որ Հայաստանում չկա ռուսաֆոբիա, չունի նույնիսկ հերքելու անհրաժեշտություն: Կա՛ն դրանով ապրող խմբեր: Իհարկե կան: Շատ փնտրելու դեպքում, գուցե ամենամեծ տեսակարար կշռով ռուսաֆոբներ հայտնաբերվեն հենց Ռուսաստանի քաղաքացիների շրջանում:
[…] Հայաստանում պետք է պարզապես պարբերաբար «կայծ» տալ և թեժացնել «ֆոբիան», այդ կերպ ստվերելով այլ երեւույթ՝ հանրային խիստ բացասական եւ միանգամայն հիմնավոր վերաբերմունքն ու գնահատականը Ռուսաստանի վարած պաշտոնական քաղաքականությանը: Հենց դա նենգափոխելու համար է, որ պետք է «տոն տալ» «ֆոբիային»:Իսկ այդ հարցում, ցավոք սրտի, մեր հասարակական-քաղաքական վերնախավերը իրենց հասունության դինամիկայով և աստիճանով ցավոք շատ հետ են մնացել այսպես ասած շարքային հանրությունից, խաղալով առավելապես այն կանոններով՝ որոշները իհարկե կամա, շատերն ակամա, որ թելադրում է հենց մոսկովյան տեխնոլոգիան:
[…] Հայաստանյան քաղաքական համակարգը կամ համակարգերը պետք է հենց զուտ մարտավարական նկատառումներից ելնելով փորձեն դուրս գալ Արևմուտք, թե Ռուսաստան դիլեմայից, որովհետեւ իրադարձությունների ընթացքը ցույց տվեց․ Ռուսաստանը բավարար ուժ ունի այն մեր դեմ աշխատեցնելու համար: Այդ ուժը կա առ այսօր, հետևաբար խաղի մեր տակտիկան փոխելու խնդիրը մնում է արդիական»: