Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա. պատերազմ, օր երկրորդ։ Թարմացվող
-
Ուկրաինայի մասին` հակիրճ 21.00-ի դրությամբ։ Ռուսաստանն ընդդեմ Facebook-ի, լուսաքողարկում Կիևում
🔘 Կիևում մասնակի լուսաքողարկում է, Դնեպրի կամուրջների վրա և բազմաթիվ փողոցներում լուսավորությունն ամբողջությամբ անջատված է։ Ավելի են հաճախացել տագնապի շչակների զգուշացումները։ Սոցցանցերում գրում են, որ դա կարող է վկայել քաղաքի հնարավոր մոտալուտ ռմբակոծության մասին։
🔘 «Չնայած ուկրաինական բանակի հուսահատ ջանքերին, ցավոք սրտի, դեպի Խերսոն տանող ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը կորսված է», — հայտնել են Խերսոնի շրջանից։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս հաղորդագրությունը։
🔘 ՌԴ նախագահ Պուտին. Կիևը պետք է ճանաչի Ղրիմը և հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալուց.։ Արեւմուտքը պետք է դադարեցնի զենք մատակարարել Ուկրաինային։ Պուտինի խոսնակ Պեսկովն ասել է, որ «Ուկրաինան, ի պատասխան Մինսկում բանակցություններ անցկացնելու գաղափարին, առաջարկել է Վարշավան, իսկ հետո կապից դուրս է եկել»։ Նա ասաց, որ ուկրաինական իշխանությունները բանակցությունների պատրաստակամության մասին Մոսկվայի պատասխանից հետո ընդմիջում են վերցրել, և իրենք «շարունակել են միաժամանակ զենք տեղակայել բնակելի թաղամասերում․ սա վտանգավոր իրավիճակ է»։
🔘 Ռուսաստանը հայտարարել է Facebook մուտք գործելու մասնակի սահմանափակման մասին։ Սա պատասխան միջոց է այն բանի համար, որ Facebook-ը սահմանափակել է ռուս կրեմլամետ չորս լրատվամիջոցների՝ «Զվեզդա» հեռուստաալիքի, «ՌԻԱ Նովոստի»-ի, «Լենտա.ռու»-ի և «Գազետա.ռու»-ի հաշիվները:
🔘 Ռուսաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կասեցվել է։ Սա նշանակում է, որ Ստրասբուրգի դատարանը հասանելի է մնում ռուսաստանցիների համար՝ որպես բարձրագույն դատարան։
🔘 Ռուսաստանը հանվել է այս տարվա Եվրատեսիլի մասնակիցների ցանկից։
🔘 Ռուսական S7 ավիաընկերությունը ստիպված է մինչև մարտի 13-ը չեղարկել հարյուրավոր չվերթներ դեպի Եվրոպա, քանի որ եվրոպական երկրները փակել են իրենց օդային տարածքը դրա համար։
-
Ուկրաինայի մասին` հակիրճ 19.00-ի դրությամբ։ Պուտինը՝ «թմրամոլների հանցախմբի», ԵՄ-ը՝ «ամենախիստ պատժամիջոցների» մասին
🔘 ԵՄ գագաթնաժողովում համաձայնություն է ձեռք բերվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենախիստ» փաթեթի շուրջ: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։ Պատժամիջոցների ցանկը չի ներառի ամենաքննարկվող կետը՝ Ռուսաստանին SWIFT-ից անջատելը, էներգետիկ անվտանգության ոլորտում Եվրոպայի մտավախությունների պատճառով, գրում է Bloomberg-ը։
🔘 ԵՄ ֆինանսական պատժամիջոցները կազդեն ռուսական բանկերի մոտ 70%-ի վրա: Նախագահ Պուտինի և արտգործնախարար Լավրովի ակտիվները կսառեցվեն, սակայն նրանց մուտքը Եվրոպա չի արգելվի։
🔘 Պատժամիջոցները կազդեն նաև Ռուսաստան ինքնաթիռների պահեստամասերի մատակարարման վրա: Սահմանափակումներ կլինեն նաև ռուսական դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։
🔘 Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում. «Ես համաձայնություններ չեմ ակնկալում թմրամոլների և նեոնացիստների հանցախմբի հետ, որոնք հաստատվել են Կիևում և պատանդ են վերցրել ողջ ուկրաինացի ժողովրդին»: Պուտինը կոչ է արել ուկրաինացի զինվորականներին իշխանությունը վերցնել իրենց ձեռքը։
🔘 Մինչ այդ նրա մամուլի քարտուղար Պեսկովն ասել էր, որ «Պուտինը պատրաստ է ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։ Զելենսկին ասել է, որ պատրաստ է չեզոք կարգավիճակի մասին բանակցությունների։ Սկզբում նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ գործողության նպատակն է օգնել ԼԺՀ-ին և ԴԺՀ-ին, այդ թվում՝ Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնացման միջոցով: Դա էլ, ըստ էության, հանդիսանում է չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչը։
🔘 Ֆինլանդիան հայտարարեց Russia Today-ի հեռարձակման ամբողջական դադարեցման մասին։
🔘 Լատվիայում, Էստոնիայում, Լիտվայում և Լեհաստանում տարբեր ժամանակահատվածներով արգելվել է ռուսական առաջատար հեռուստաալիքների հեռարձակումը։
🔘 ՌԴ ԱԳՆ. Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր մուտքը ՆԱՏՕ կբերի Ռուսաստանի փոխադարձ քայլերի։
🔘 Լեհաստանը կեսգիշերից կփակի իր երկինքը ռուսական ավիաընկերությունների համար։
🔘 Չեխիան նույնպես նախատեսում է փակել օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Պրահան նույնպես դադարեցնում է ռուսաստանցիների համար կացության թույլտվությունների տրամադրումը, ասել է վարչապետ Պետր Ֆիալան։
🔘 Միջազգային օլիմպիական կոմիտեն աշխարհի մարզական ֆեդերացիաներին կոչ է արել բոլոր մրցումները տեղափոխել Ռուսաստանի և Բելառուսի տարածքից։
🔘 Շախմատի համաշխարհային օլիմպիադա 2022-ը Ռուսաստանում չի անցկացվի, հայտարարել է Շախմատի միջազգային ֆեդերացիան։
🔘 «Ռուսական գործողության նպատակն է Կիևի խամաճիկ ռեժիմին պատասխանատվության ենթարկել կատարված հանցագործությունների համար», — ասվում են ՌԴ ԱԳՆ-ից։
🔘 Ռուսաստանի պաշտպանության նախարարություն.
- Ռուսական զորքերը առանց կորուստների գրավեցին Կիևի արվարձանում գտնվող Գոստոմելի օդանավակայանը և սպանեցին 200 «ուկրաինացի ազգայնականների»։
- Կիևը արգելափակված է արևմուտքից. Չերնիգովն ամբողջությամբ արգելափակված է:
- Ուկրաինացի զինվորականները Գրադներ են տեղադրել Շևչենկոյի հրապարակում։ Պաշտպանության նախարարությունում կարծում են, որ հարվածելու են Գոստոմելին, որպեսզի պատասխան հարված հրահրեն բնակելի թաղամասերին։
- Ռուսական բանակը չի հրետակոծի Կիևի բնակելի թաղամասերը։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն CNN-ի Կիևից եթեր է մտել ավտոմատը ձեռքին և «Պուտինը գալիս է մեզ սպանելու» բառերով.
Լուսանկարներ Կիևի փողոցներից
-
Ուկրաինայի մասին` հակիրճ 16.30-ի դրությամբ։ Զելենսկին դիմել է Պուտինին
🔘 Հենց այս պահին Մայդանում հնչում են տագնապի շչակների ազդանշանները։ «Քաղաքը թեւակոխել է պաշտպանության փուլ, թշնամին ներթափանցել է Կիև և ուզում է մեզ ոչնչացնել»,- քաղաքաբնակներին դիմել է Կիևի քաղաքապետ Կլիչկոն։ Տեղական լրատվաիջոցները հայտնում են, որ ուկրաինական զորքերը մտնում են Կիև։
🔘 ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ ռուսական զորքերը չեն հրետակոծելու Կիևի բնակելի թաղամասերը.
🔘 ՌԴ ՊՆ. ռուս դեսանտայինները գրավել են Կիևի արվարձանում գտնվող Գոստոմելի օդանավակայանը, «Ուկրաինայի հատուկ նշանակության ջոկատից 200 ազգայնական է սպանվել»։
🔘 Ուկրաինայի նախագահ Զելենսկի. «Կցանկանայի ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին. Ուկրաինայում մարտեր են ընթանում։ Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ. Սա կկանխի կյանքերի կորուստը»:
🔘 ՌԴ նախագահ Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ զրույցում. Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակով բանակցությունների։ Տեղեկությունը տարածում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
🔘 ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նույնպես Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու կոչ է արել և պայման է հնչեցրել․ ուկրաինական բանակը պետք է վայր դնի զենքը։
🔘 ՄԱԿ. առնվազն 25 խաղաղ բնակիչ սպանվել է, ևս 102-ը վիրավորվել է Ուկրաինայում ռուսական ներխուժման ժամանակ, այսինքն՝ երկու օրվա ընթացքում։ Պաշտոնապես Ուկրաինան հաղորդել է 137 մարդու մահվան մասին, այդ թվում՝ զինվորականների։
🔘 Չեչնիայի ազգային գվարդիայի մինչև 10 հազար զինծառայող Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի անձնական հրահանգով պատրաստվում է մեկնել Ուկրաինա։ Այս ջոկատները ժողովրդականորեն կոչվում են «պատուհան-դռներ», քանի որ նրանք պատրաստված են քաղաքում ռազմական գործողություններ իրականացնելու և շենքերը «մաքրելու» համար։ Ենթադրաբար, «Հարավ», «Հյուսիս» և «ՕՄՕՆ» չեչենական գումարտակների մոտ 2000 անդամներ արդեն գտնվում են Ուկրաինայում։
🔘 Ռամզան Կադիրովը Զելենսկիին հրավիրել է ներողություն խնդրել Պուտինից, «քանի դեռ (Զելենսկին) նախկին նախագահ չի դարձել».
-
Ուկրաինայի մասին` հակիրճ 14.30-ի դրությամբ
🔘 Պայթյուններ Կիևի «Zhulyany» օդանավակայանի մոտ:
🔘 Associated Press. Կիևի կառավարական թաղամասի մոտ կրակոցների ձայներ են լսվել:
🔘 Ուկրաինայի ՆԳՆ-ն զենք է բաժանել Գերագույն Ռադայի պատգամավորներին:
🔘 ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի 2022 թվականի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխել է Փարիզ։
🔘 Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարություն. երկիրը կարգելափակի պատժամիջոցների տակ գտնվող բոլոր ռուսաստանցիների հաշիվները:
🔘 Ֆինլանդիան Ուկրաինային 50 մլն դոլար կհատկացնի պաշտպանության համար:
🔘 Ռոսավիացիան արգելել է բրիտանական ինքնաթիռներին թռիչքներ կատարել դեպի Ռուսաստան՝ ի պատասխան բրիտանական պատժամիջոցների։
🔘 Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլի. Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին:
🔘 Ռուսական VTB բանկը, որը գտնվում է բազմաթիվ երկրների պատժամիջոցների տակ, կշարունակի իր գործունեությունը Վրաստանում։ Վրաստանի Ազգային բանկը հայտնել է, որ ՎՏԲ-ի հետ միասին իրենք նախկինում մշակել են պատժամիջոցների դեպքում գործողությունների ծրագիր, ուստի բանկը վճարունակ է, ավանդատուների շահերը պաշտպանված են։
ՖՈՏՈ. Խարկովի փողոցի մեջտեղում գտնվող մի քանի բնակավայրերում չպայթած զինամթերք է հայտնաբերվել.
-
Ուկրաինայի մասին` հակիրճ առավոտյան 10.00-ի դրությամբ
Ուկրաինայի Գլխավոր շտաբի օպերատիվ տեղեկատվությունն առավոտյան ժամը 8-ին.
🔘 Առավոտյան ժամը 4-ին հակաօդային համակարգերը հետ են մղել «եղբայրների» երկու մահացու հարված Կիևի ուղղությամբ» (մեջբերում)։
🔘 Ուկրաինացի զինվորականները գրանցել են ռուսական ուղղաթիռների ակտիվությունը Վիլկովոյի և Տիրասպոլի մոտ (երկուսն էլ գտնվում են Մոլդովայի սահմանի մոտ):
🔘 Ռուսական ռազմական տեխնիկայի ամենամեծ կենտրոնացումը Դիմերի և Իվանկովի շրջանում (Կիևի մարզ): Մարտեր են ընթանում։ «Ուկրաինսկա պրավդան» գրում է, որ ուկրաինական ուժերը պայթեցրել են կամուրջը՝ ռուսական տանկերի առաջխաղացումը խոչընդոտելու համար։
🔘 Գլխավոր շտաբը հաստատում է Ժիտոմիրի շրջանում Տետերև գետի վրայով անցնող կամրջի պայթյունի մասին տեղեկությունը։
🔘 Կիևի մերձակայքում գտնվող Անտոնով (Գոստոմել) օդանավակայանի շուրջ մարտեր են ընթանում։ Այն կրկին գտնվում է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ՝ երեկ ռուսական ուժերի կողմից գրավվելուց հետո:
🔘 Ուկրաինայի ՆԳՆ. Կոնոտոպը շրջապատված է ռուսական զորքերով, Սումիում փողոցային մարտեր են ընթանում։
🔘 Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Գերաշչենկո. «Ամենադժվար օրը կլինի այսօր։ Զավթիչի պլանը տանկային հարձակումն է Կիևի վրա»:
🔘 Ուկրաինայի արտգործնախարար. «Վերջին անգամ նման բան Կիևի հետ տեղի է ունեցել 1941 թվականին, երբ այն ենթարկվել է նացիստական Գերմանիայի հարձակմանը։ Ուկրաինան հաղթեց այն չարիքին։ Սա էլ կհաղթահարի։ Կանգնեցրեք Պուտինին։ Մեկուսացրեք Ռուսաստանը։ Կտրեք կապերը նրա հետ»:
🔘 Ուկրաինայի նախագահ Զելենսկին դիմել է ռուսներին. «Այս գիշեր սկսվել է Կիևի բնակելի թաղամասերի ռմբակոծումը, այս ամենը հիշեցնում է 1941թ.։ Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիներին, որոնք դուրս են գալիս բողոքի ցույցի, ուզում եմ ասել՝ մենք տեսնում ենք ձեզ։ Պայքարեք մեզ համար, պայքարեք պատերազմի դեմ».
🔘 Ուկրաինայում պատերազմի առաջին օրվա ընթացքում ռուս գործարարները կորցրել են 39 միլիարդ դոլար, գրում է Bloomberg-ը։ Նրանց թվում են Պուտինի մերձավոր շրջապատից միլիարդատերեր։
-
Ուկրաինայի մասին` հակիրճ առավոտյան 08.00-ի դրությամբ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնել է Ուկրաինա և միացել չեչեն մարտիկներին, որոնք մասնակցում են Ուկրաինայի տարածքում ռուսական գործողությանը։ Սոցցանցերում տեղեկություններ կան, որ Չեչնիայի հատուկ ջոկատայինները «որս են սկսել» ուկրաինացի պաշտոնյաների և անվտանգության ուժերի աշխատակիցների վրա: Հաղորդվում է, որ նրանց տրվել են «քարտեր»՝ այն մարդկանց լուսանկարները, ում պետք է գտնել և առևանգել: Այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադիրովը ինքնաթիռում մինչև Ուկրաինա վայրէջք կատարելը, Չեչնիայի պետական հեռուստաալիք.
-
Ուկրաինայի մասին` հակիրճ առավոտյան 07.30-ի դրությամբ
🔘 Առավոտյան ժամը հինգին մոտ Կիևում երկու հզոր պայթյուն է որոտացել. Ականատեսի տեսագրությունը.
🔘 Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկո. «Կիևի ուղղությամբ հարվածները բալիստիկ հրթիռներով շարունակվում են»։ Երեկ ուշ երեկոյան CNN-ը հայտնել է, որ Կիևի օդային հրթիռակոծումը կարող է սկսվել գիշերը։
🔘 Ուկրաինայում համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարված։
🔘 Ուկրաինայի նախագահ Զելենսկի. Ռուսաստանի հարձակումից ի վեր 137 ուկրաինացի է զոհվել, 316 մարդ վիրավորվել է։
- 🔘 Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների մասին.
- Պատժամիջոցները կվերաբերեն ռուսական բանկային հատվածի 70%-ին և խոշորագույն պետական ընկերություններին, այդ թվում՝ պաշտպանական ոլորտին։
ԵՄ-ի թիրախը էներգետիկ ոլորտն է, հարված նավթային հատվածին. «Ռուսաստանը չի կարողանա արդիականացնել իր նավթավերամշակման գործարանները»:
Ռուսական ավիաընկերություններին ինքնաթիռների և սարքավորումների վաճառքի արգելք։
Սահմանափակվում է Ռուսաստանի հասանելիությունը կարևոր տեխնոլոգիաներին, ներառյալ առաջադեմ ծրագրային ապահովումը:
Ռուս դիվանագետներն ու հարակից խմբերն ու գործարարներն այլևս չեն ունենա արտոնյալ մուտք դեպի Եվրամիություն։
🔘 Կանադան պատժամիջոցներ է սահմանել ռուս մի քանի առաջատար պաշտոնյաների և պետական ընկերությունների ղեկավարների դեմ։ Ցուցակում են նաև Սբերբանկը, ՎՏԲ-ն, Ալֆա-Բանկը, Սովկոմբանկը, Գազպրոմը, Տրանսնեֆտը և այլն:
🔘 CNN. «ԱՄՆ տնտեսական պատժամիջոցները կարող են ոչնչացնել Ռուսաստանի արդյունաբերական բազան՝ զրկելով նրան առօրյա բիզնեսի համար անհրաժեշտ հիմնական բաղադրիչներից»։ Սա ամենամեծն է այս չափի տնտեսություն ունեցող և համաշխարհային շուկաներին այդքան ինտեգրված երկրի համար։ Պատժամիջոցների տակ էին բանկերը, որոնց ընդհանուր ակտիվները գերազանցում են մեկ տրիլիոն դոլարը: Միևնույն ժամանակ, Արևմուտքը դեռ հնարավորություն ունի անջատել Ռուսաստանը SWIFT-ից, սակայն մինչ այժմ որոշ եվրոպական երկրներ այնքան էլ վստահ չեն, որ դա արժի անել, քանի որ իրենք էլ կարող են տուժել նման անջատումից։
🔘 CNN. «Պուտինի դեմ անձնական պատժամիջոցները դժվար թե շոշափելի ազդեցություն ունենան նրա ֆինանսների վրա, որոնք կա՛մ խնամքով թաքցված և պաշտպանված են, կա՛մ ընդհանրապես չկան՝ բառի սովորական իմաստով: Բայց այդ քայլում զգալի սիմվոլիզմ կա, և Բայդենը կրկնեց, որ այն մնում է բանակցային օրակարգում: Մինչ այժմ ԱՄՆ-ը թիրախավորել է Պուտինի բարձրաստիճան կողմնակիցներին, նրա շրջապատին և նրանց հարազատներին»։
🔘 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն. «Ռուսաստանը կփորձի տապալել Ուկրաինայի ղեկավարությունը»։
🔘 Սպիտակ տուն. Չեռնոբիլի ատոմակայանի աշխատակիցները, որոնք երեկ կատաղի մարտից հետո հայտնվեցին ռուս զինվորականների հսկողության տակ, պատանդ են պահվում։
🔘 Մոլդովայի կառավարությունը հայտարարել է ուկրաինացի փախստականներին տեղավորելու համար երկու ճամբար ստեղծելու մասին։
🔘 Լեհաստանը շարունակում է փախստականներ ընդունել Ուկրաինայից։ Լրատվամիջոցները հայտնում են, որ մարդիկ սահմանին հերթ են կանգնում մինչև 10 ժամ։
🔘 Հայտնի հաքերային Anonymous խումբը «կիբերպատերազմ» է հայտարարել Ռուսաստանի դեմ։ Այդ մասին նրանք հայտնել են Twitter-ի իրենց միկրոբլոգում և հայտնել, որ խափանել են Russia Today կայքը։
-
ՈՒՂԻՂ․ փետրվարի 24, Ուկրաինայի դեմ պատերազմի առաջին օրը
ՈՒՂԻՂ․ Փետրվարի 24-ի հաղորդագրությունները՝ Ուկրաինայի դեմ պատերազմի առաջին օրվա իրադարջությունների մասին՝ այստեղ