1000 փաթեթ՝ 120 հազար մարդու․ ՌԴ օգնությունը շրջափակված ԼՂ-ին
Ռուսաստանը հումանիտար օգնություն է ուղարկել ԼՂ
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար բեռը հասել է Ստեփանակերտ։ Խոսքը ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատարի մասին է, որն Արցախ էր ուղևորվել Աղդամ-Ասկերան ճանապարհով։ Արցախից հայտնում են, որ ռուսական հումանիտար օգնության մուտքը թույլ են տվել պայմանով, որ կբացվի նաև ԼՂ-ը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Ադրբեջանական կողմը, սակայն, հերթական անգամ պնդել է՝ Լաչինով բեռների փոխադրումը հնարավոր կլինի, եթե բացվի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում էր, թե միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից: Բաքվից արձագանքել էին՝ նշելով, որ ռուսականի բեռի մուտքն առանձին պայմանավորվածություն է, պետք չէ դա չշփոթել Աղդամն ու Լաչինը միաժամանակ բացելու իրենց առաջարկի հետ:
Հայաստանի խորհրդարանական ընդդիմության կարծիքով՝ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ռուսաստանը պետք է Ադրբեջանին պարտադրեն բացել Լաչինի միջանցքը։ Տեղեկություններ ունեն, որ միջանցքի վերագործարկման թեմայով արդեն իսկ բանակցություններ են ընթանում։
Ռուսական օգնության փոխանցումը, հայտարարություններ Երևանից և Բաքվից, մեկնաբանություններ
«Աղդամ-Ասկերան ճանապարհը պայմանով է բացվել»
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և կազմակերպության մեքենայով Արցախ է մուտք գործել «իշխանությունների թույլտվությամբ»։
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը լրագրողներին ասել է, որ «Տանկ» հուշակոթողի մոտ հավաքված քաղաքացիները սկզբում չեն թույլատրել բեռնատարի մուտքը, այնուհետև համաձայնության են եկել։ Ասում է՝ ՌԴ Կարմիր խաչի բեռնատարը Ստեփանակերտ է հասել ոստիկանության ուղեկցությամբ։
Ասկերանի շրջվարչակազմից հայտնել են՝ շարունակում են փակ պահել Աղդամ-Ասկերան ճանապարհը ադրբեջանական Կարմիր մահիկի բեռնատարների համար, իսկ ռուսական օգնության մուտքը «թույլ են տվել պայմանով»։
«Պայմանով, որ կպահպանվեն ռուսական կողմի պարտավորվածություններն առ այն, որ միայն անցնելու է ռուսական բեռնատարը և բացվելու է նաև Լաչինի միջանցքը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է շրջվարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը։
Աղդամի ճանապարհով ԼՂ-ին հումանիտար օգնություն տրամադրելու ՌԴ նախաձեռնության մասին հաղորդվել էր սեպտեմբերի 9-ին՝ Արցախի նախագահի ընտրությունից ժամեր անց։ Ադրբեջանական Կարմիր մահիկը հայտարարել էր, թե փոխադրումն իրականացվում է Կարմիր մահիկի և Ռուսաստանի Կարմիր խաչի միջև ստորագրված համագործակցության հուշագրով։
Արցախի իշխանությունները որոշել էին թույլ տալ Աղդամով ռուսական բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ պարզաբանելով, որ նման քայլի են դիմում՝ ելնելով «Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից»։
Ավելի վաղ նույն ճանապարհով 40 տոննա ալյուր էր ուղարկել Կարմիր մահիկը։ Արցախցիները բետոնապատնեշներով փակել էին դեպի Ասկերան մտնող ճանապարհն ու հրաժարվել ընդունել այն՝ նշելով, որ դա ոչ թե 40 տոննա ալյուր է, այլ «40 տոննա արյուն»։
Ի՞նչ է եղել բեռնատարի մեջ
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության փոխանցմամբ՝ Ստեփանակերտ հասած բեռնատարը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ՝ 1000 փաթեթ, այդ թվում՝ սնունդ, անկողնային, հիգիենայի պարագաներ։
Ինը ամիս շրջափակման մեջ գտնվող 120 հազար մարդու ուղարկվել է 1000 փաթեթ, այն դեպքում, երբ մեկուկես ամիս է, ինչ Հայաստանի կառավարության 400 տոննա օգնությունը սպասում է Կոռնիձորի մոտակայքում՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում։ Ադրբեջանը թույլ չի տալիս այս ճանապարհով ոչ միայն Հայաստանի, այլև Ֆրանսիայի աջակցության մուտքը ԼՂ։
Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն էր ուղարկել հուլիսի 26-ին։ Օգոստոսի 30-ին Ֆրանսիայից ներկայացուցչական պատվիրակություն էր եկել Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ իր հետ բերելով 10 բեռնատար։ Փարիզի քաղաքապետը հայտնել էր, որ դրանք «պարունակում են պարենային ապրանքներ, երեխաների համար սնունդ, կաթի փոշի, բայց նաև գեներատորներ, արևային պանելներ, այն ամենը, ինչ հնարավորություն կտա դիմադրել»։ Բաքուն արգելել էր նաև այս բեռների մուտքը, դրանց մի մասը պիտանելիության պայմանները պահպանելու նկատառումներից ելնելով պահեստավորվել է Սյունիքի մարզում։
«Կարևոր առաջընթաց Աղդամի ճանապարհի բացման ուղղությամբ»
Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով ռուսական հումանիտար օգնության տեղափոխումը Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն «կարևոր առաջընթաց» է գնահատել Աղդամի ճանապարհի բացման ուղղությամբ և որակել «դրական քայլ»։
Հաջիզադեն նշել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է պայմաններ ստեղծել Կարմիր խաչի միջոցով Լաչինի սահմանային անցակետով բեռների փոխադրման համար։ Նրա խոսքով՝ դա պետք է տեղի ունենա սահմանային և մաքսային ընթացակարգերին համապատասխան և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործմանը զուգահեռ։
Պաշտոնյան հերթական անգամ հնչեցրել է Լաչինի միջանցքը բացելու համար Բաքվի առաջադրած պայմանը․
«Լաչինով բեռների փոխադրումը հնարավոր կլինի, եթե բացվի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը»։
«Պետք է Ադրբեջանին պարտադրեն բացել միջանցքը»
Լաչինի միջանցքի վերագործարկման մասին նման կարծիք է հայտնել Հայաստանի ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նրա համոզմամբ՝ այս ուղղությամբ «գործնական և հստակ քայլեր» պետք է ձեռնարկի միջազգային հանրությունը, առաջին հերթին՝ Ռուսաստանը։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ այս ուղղությամբ տարվում են ինտենսիվ աշխատանքներ, և խոսք է գնում «շատ մոտ ժամանակներում» միջանցքի բացման մասին։
Ասում է՝ ներկա պահին բանակցություններ են ընթանում ռուսական կողմի և Արցախի իշխանությունների, ինչպես նաև ռուսական կողմի ու Ադրբեջանի միջև։
«Արցախի հիմնական սնուցման ուղին պետք է լինի Լաչինի միջանցքով: Եթե Ադրբեջանը կարճ ժամանակում այս քայլերը չիրականացնի, բնականաբար, շատ ավելի համոզիչ կդարձնի արցախյան կողմի այն պնդումները, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանն է, որ ապակառուցողական դիրք է ընդունել, ագրեսոր է և փորձում է օգտագործել ցանկացած իրավիճակ ուժի կիրառումը որոշիչ գործոն դարձնելու համար»,-ընդգծել է Աբրահամյանը:
Մեկնաբանություններ
Թեման ակտիվորեն քննարկվում է հայկական տելեգրամյան ալիքներում։ Ստորև ներկայացնում ենք մի քանի կարծիքներ․
- «Դավաճան Ռուսաստանը Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հետ շրջափակում է Բերձորի (Լաչին) ճանապարհը և օկուպացված Ակնայով ճանապարհ է բացում դեպի Ստեփանակերտ։ Ռուսաստանը արցախահայությանը տանում է մարդասպանների և հայատյացների հետ ինտեգրման»։
- «Ռուսական տրոյական ձին այժմ գտնվում է Ստեփանակերտի սոցիալական ապահովության պահեստում, տեղի բնակիչները կոչ են անում բոլոր ոչ անտարբեր և հայրենասեր ստեփանակերտցիներին գալ այստեղ»։
- «Արցախի նոր «ղեկավարությունը» պաշտոնը ստանձնելուն պես անմիջապես խոնարհվեց Մոսկվայի առաջ և օգնեց ռուս-թուրքական տանդեմի խաղին՝ խաչ քաշելով Հայաստանի դիվանագիտական ջանքերի վրա։ Եթե Ռուսաստանը մտահոգվեր Արցախի բնակիչների ճակատագրով, ապա հնարավորություն կգտներ Բաքվին ստիպելու ապաշրջափակել Բերձորի միջանցքը։ Բայց ՌԴ-ն դրա փոխարեն ընտրեց Բաքվի հետ տանդեմը՝ միևնույն ժամանակ իր գործակալների միջոցով առաջ մղելով Ստեփանակերտում նոր «ղեկավարության ընտրությունը»»:
- «Հայ հասարակության ողջամիտ հատվածի համար պուտինյան Ռուսաստանի այս բոլոր դավաճանություններից, մանիպուլյացիաներից ու ստից հետո վաղուց ակնհայտ է, որ միակ վեկտորը, որտեղ պետք է ուղղորդել հայ-ռուսական «միությունը», «ռուսական նավի» ուղղությունն է։ Իսկ այսօր թզուկը, ըստ էության, շան պես «ֆաս» հրաման է տալիս Ադրբեջանին ու Հայաստանի ռուս գործակալներին»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռուսաստանը հումանիտար օգնություն է ուղարկել ԼՂ