«Գույք կամ գումար՝ չմատակարարված զենքի դիմաց»․ կարծիք Երևանից ՌԴ պարտքի մասին
Ռուսաստանը Հայաստանին զենք է պարտք
«Հայաստանն այլընտրանքային լուծումներ է գտնում մինչև կլուծվի զենքի մատակարարման մասով Ռուսաստանի հետ հարաբերություններում գոյացած խնդիրը»,- օրերս հայտարարել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա հունիսի 7-8 Մինսկում մասնակցում է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստին, որից մանրամասներ դեռևս չեն հաղորդվել։
Հայտնի չէ՝ արդյո՞ք Գրիգորյանը հանդիպել է ռուս գործընկերոջ՝ Նիկոլայ Պատրուշևի հետ և քննարկել երկկողմ օրակարգի հարցեր, այդ թվում՝ սպառազինության մատակարարմանը վերաբերող։ ԱԽ քարտուղարն ավելի վաղ նման պատրաստակամություն էր հայտնել «Հանրային» հեռուստաընկերության եթերում։
Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը կարծում է՝ եթե նույնիսկ զենքի հարցով բանակցություններ տեղի ունենան, դրանք լինելու են ապարդյուն։ Ասում է՝ հարցի լուծումը հնարավոր է միայն միջազգային դատարանում։
Ռուսաստանի չմատակարարած զենքի պատմությունը, փորձագիտական կարծիք
Ե՞րբ և ինչպե՞ս օրակարգում հայտնվեց զենքի թեման
Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում քննարկումներ են ընթանում Ռուսաստանին գումարներ վճարելու, բայց այդպես էլ զենք չստանալու շուրջ։ Առաջինն այդ մասին բարձրաձայնել էր երկրի վարչապետը՝ առանց մատնանշելու, թե որ դաշնակցի մասին է խոսքը․
«Դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»։
2022 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո արված այս հայտարարությունը բուռն արձագանք էր գտել հասարակության շրջանում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ գործընկերը Ռուսաստանն է։ Ռուսաստանից, ՀԱՊԿ ռազմական դաշինքից դժգոհությունների ֆոնին սա ավելի թեժ քննարկումների տեղիք տվեց։
Մինչ օրս վարչապետ Փաշինյանը կամ որևէ այլ պաշտոնյա չի հստակեցրել՝ ի՞նչ է արվում չմատակարարված զենքը ստանալու ուղղությամբ, արդյո՞ք ընթանում են իրավական գործընթացներ, նախատեսվո՞ւմ է արդյոք վճարված գումարի հետվերադարձ։
«Եթե Մինսկում երկկողմ հանդիպում լինի, կքննարկենք»
Ռուս գործընկերոջ՝ Նիկոլայ Պատրուշևի հետ հնարավոր հանդիպման և զենքի մատակարարումների հարցը քննարկելու մասին նման հայտարարություն էր արել Հայաստանի ԱԽ քարտուղարը․
«Հաշվի առնելով այն իրականությունը, որը գոյություն ունի, այսինքն՝ ՌԴ-Ուկրաինա պատերազմ, ՌԴ կարողություններ՝ սպասարկելու իր այդ պատերազմը և հաշվի առնելով, որ կարողությունը այնքան էլ մեծ չէ, որպեսզի արտահանում էլ տեղի ունենա, մենք գնացել ենք նաև այլ ռեսուրսներ որոնելու ճանապարհով»։
Արմեն Գրիգորյանը վստահեցրել էր՝ կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ Հայաստանը ինտենսիվ քննարկումներ է ունենում զենք գնելու հարցով։
«Մի մասով արդյունքներ էլ ունենք [նկատի ունի այլ երկրներից զենք գնելը], մյուս մասով՝ դեռևս բանակցությունները [Ռուսաստանի հետ] շարունակվում են»,- արձանագրել էր նա։
Մեկնաբանություն
«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ մի քանի հարյուր միլիոն դոլար վերադարձնելը Մոսկվայի համար խնդիր չէ, դիտավորյալ չեն անում։
«Առնվազն կարող էին գումարը վերադարձնել, մեծ գումար չէ, մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է խոսքը։ Տեսնում ենք, որ ՌԴ-ն Թուրքիային տասնյակ միլիարդավոր դոլարներ է փոխանցում, այդ թվում՝ «Ակույու» ատոմակայանի կառուցման համար»,- նկատել է նա։
Factor TV-ի եթերում Խուրշուդյանը հայտարարել է` զենք չմատակարարելու և գումարը չվերադարձնելու փաստերը ցույց են տալիս, որ Ռուսաստանը ստեղծված իրավիճակն օգտագործում է որպես «հերթական վնասարարության միջոց»։
Քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ՝ Երևանը պետք է դիմի կոշտ քայլերի․
«Այդ գումարի վերադարձման վերջնական լուծումը լինելու է միջազգային դատարանում։ Ինչպես Ուկրաինան հիմա պահանջում է իր քանդուքարափ եղած տնտեսության, քաղաքների փոխհատուցումը, այնպես էլ Հայաստանը պետք է պահանջի այդ փոխհատուցումը։ Եվ առնվազն պարտքի դիմաց գույք ստանա»։
Հիշեցրել է 2002 թ․-ին ստորագրված «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագիրն ու նշել, որ այդ ժամանակ ՌԴ-ն սեփականություններ ձեռք բերեց «գրոշներով»։
«Հիմա մի քանի 100 մլն դոլարի մասին ենք խոսում, բայց հսկայական հարստություններ տվեցինք ՌԴ-ին ընդամենը 96-97 մլն դոլարի պարտքի դիմաց։ Այնպես որ հանգիստ կարող ենք ՌԴ այդ բոլոր սեփականությունները միջազգային դատարանի միջոցով հետ վերցնել»,- ամփոփել է փորձագետը։
«Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրով՝ 98 միլիոն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանի Դաշնությանն են փոխանցվել հայկական 4 ձեռնարկություններ՝ Հրազդանի ջերմաէլեկտրակայանն ու էլեկտրոնային արդյունաբերության երեք ձեռնարկություններ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռուսաստանը Հայաստանին զենք է պարտք