Ռուսաստանը կդադարեցնի ներդրումներն Աբխազիայում և կփակի ռազմաբազան, եթե իր պահանջները չկատարվեն
Ամառանոց Պիցունդայում. Ռուսաստանը սպառնում է Աբխազիային
Ռուս զինվորականները կարող են հեռանալ Աբխազիայից, կդադարեցվեն ներդրումային ծրագրերը՝ կապված օդանավակայանի վերակառուցման, երկաթուղու վերանորոգման և այլ նախագծերի հետ։
Նման հետևանքներ է նկարագրել Աբխազիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Շուրգալինը, եթե հանրապետության խորհրդարանը հօգուտ Ռուսաստանի չվավերացնի Պիցունդայի 184 հեկտար տարածքով պետական ամառանոցը օտարելու մասին համաձայնագիրը։
Հայտարարությունն արվել է օգոստոսի 30-ին Շուրգալինի և մի քանի աբխազ ակտիվիստների ու լրագրողների հանդիպման ժամանակ։
Նրանք հանդիպման նպատակը մեկնաբանել են հետևյալ կերպ՝ տեղեկացնել Ռուսաստանի Դաշնության դեսպանին, որ Աբխազիայի հասարակության մեծ մասը դեմ է Պիցունդայի պետական ամառանոցի և հարակից արգելոցի ու ծովային տարածքների օտարմանը։
Հանդիպման մասնակիցները դեսպանին հայտնել են, որ պետական ամառանոցի մասին համաձայնագիրը վատ է անդրադառնում հասարակական տրամադրությունների վրա, և Աբխազիայում հակառուսական տրամադրությունների ի հայտ գալու վտանգ կա։
Մասնակիցներից «Նուժնայա գազետա»-ի խմբագիր Իզիդա Չանիայի փոխանցմամբ՝ հանդիպման արդյունքում վերջնականապես պարզ է դարձել, որ Պիցունդայի նախագիծը պարտադրվում է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության կողմից, ինչպես և շատ այլ նախագծեր։
«Պուտինին Պիցունդան պետք է. Ռուսաստանի նախագահը մտադիր է բանակցություններ վարել պետական ամառանոցում, և այդ տարածքը պետք է պատկանի Ռուսաստանին»,- ասել է դեսպանը։
Աբխազիայի ԶԼՄ-ները և սոցիալական ցանցերը գրում են, որ Պիցունդայի պետական ամառանոցի պատմությունն իսկապես կարևոր է Ռուսաստանի համար։ Այն որակում են որպես «փորձնական փուչիկ»։
Հաջողության դեպքում Աբխազիայի խորհրդարանը հաջորդիվ պետք է որոշում կայացնի ռուսներին հողեր և անշարժ գույք վաճառելու թույլտվություն տալու մասին։
Օրենքն օտարերկրացիներին արգելում է ունենալ անշարժ գույք կամ հողատարածք Աբխազիայում, և Մոսկվան երկար ժամանակ է, ինչ փորձում է ստիպել տեղական իշխանություններին բացառություն անել Ռուսաստանի քաղաքացիների համար:
Չնայած հանդիպման ընթացքում փոխըմբռնման հասնել չի հաջողվել, մեկ այլ մասնակից՝ ընդդիմադիր «Ասպնի» կուսակցության անդամ Նաիրա Ամալիան կարծում է, որ արդյունք, այնուամենայնիվ, կա։
«Դեսպանն այժմ հստակ գիտի, որ Աբխազիայի բնակչությունը դեմ է հողերի օտարմանը։ Նա գիտի, որ Աբխազիայի ղեկավարությունը խախտել է օրենքներն ու Սահմանադրությունը։ Եվ սա կարևոր է։ Վստահ եմ, որ դեսպանը մեր դիրքորոշումը կհասցնի Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը»,- ասում է Նաիրա Ամալիան։
Ավելի վաղ դեսպան Միխայիլ Շուրգալինը «Sputnik-Աբխազիային» տված հարցազրույցում Պիցունդայի պետական ամառանոցը Ռուսաստանին փոխանցելու համաձայնագրի հակառակորդներին նույնացրել էր «նրանց հետ, ովքեր կանգնած են Ինգուրի հետևում [նկատի ունի Վրաստանը-JAMnews] և ուռճացնում են այս պատմությունը՝ ելնելով իրենց շահերից»:
Այս խոսքերն առաջացրել են աբխազ քաղաքական գործիչների սուր քննադատությունը։
«Դուք համարձակվեցիք Աբխազիայի բնակչության մեծամասնությանը անվանել «Աբխազիայի Հանրապետության պետական ինքնիշխանության և ռուս-աբխազական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման հակառակորդներ»։ Դուք նույնացրե՞լ եք Աբխազիայի ժողովրդին «նրանց հետ, ովքեր կանգնած են Ինգուրի թիկունքում և ուռճացնում են այս պատմությունը իրենց շահերից ելնելով»։ Դուք հաստատ տեղյակ չեք նույնիսկ Աբխազիայի Հանրապետության նորագույն պատմությանը, պետություն, որի ինքնիշխանության համար մեր ժողովրդի հազարավոր որդիներ ու դուստրեր զոհեցին իրենց կյանքը»,- հայտարարել է Աբխազիայի վետերանների և քաղաքացիների «Այաիրա» հասարակական միության նախագահ Վիանոր Աշբան։
Մեկնաբանություն
Քաղաքական գործիչ և բլոգեր Թենգիզ Ջոփուա
«Մեր խնդիրը դեսպանների հետ չէ։ Մեր խնդիրը նույնիսկ ռուսական օրակարգի հետ չէ։ Կատաստրոֆիկ խնդիր ունենք երկրի կառավարման համակարգում մեր շահերը ներկայացնող մարդկանց հետ կապված։
Նրանք կամազուրկ են, կախվածություններ ունեն անձնական և խմբային շահերից, բավականաչափ կրթված և խելացի չեն։ Ի վերջո, այս մարդիկ նույնիսկ մակերեսային պատկերացում չունեն պետության կառուցման մասին և չունեն այս երկրի ապագան իրենց ապագայի հետ կապելու նվազագույն ցանկություն։
Դա է մեր խնդիրը, և դրա առաջացման հիմնական պատճառները մեր մեջ են:
Երբ գալիս ես ողորմություն խնդրելու, տալիս ես նաև քո արժանապատվության մի մասը։ Ինչ-որ պահի քո արժանապատվությունն այնքան ես կորցնում, որ քեզ գտնում ես խոնարհաբար ինչ-որ մեկի ոտքերի առաջ ընկած։
Հիմա կամ պետք է հաշտվել, կամ ապստամբել։ Վերջնակետին ենք հասել, եկել է որոշում կայացնելու ժամանակը։
Ամառանոց Պիցունդայում. Ռուսաստանը սպառնում է Աբխազիային