Ռուսաստանը բարձրացրել է գազի գինը Հայաստանի համար
Հայաստանում թանկացել է ռուսական գազը: Նախկին 150 դոլարի փոխարեն 1000 խորանարդ մետրի համար գազի գինը բարձրացել է մինչև 165 դոլար: Սակայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այդ թանկացումը հասարակ քաղաքացիների վրա չի անդրադառնա:
Բանակցությունները գազի գնի շուրջ
Գազի գնի շուրջ բանակցությունները սկսվել էին դեռ անցյալ տարվա նոյեմբերին: Նախորդ գազային համաձայնագրի ժամկետը լրացրել է 2018թ. դեկտեմբերի 31-ին: Պայմանագրի ժամկետի ավարտից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մոսկվա՝ քննարկելու նոր համաձայնագրի պայմանները: Սակայն այդ այցի ժամանակ պայմանավորվածություն ձեռք չբերվեց: Դեկտեմբերի 31-ին հայտնի դարձավ, որ ռուսական գազը, այնուամենայնիվ, թանկացել է:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հասարակ սպառողների համար գինը որևէ կերպ չի փոխվի: Նրա մամուլի քարտուղար Արման Եղոյանը բացատրել է՝ ինչու.
«Գազի գինը սպառողների համար կմնա նույնը «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծախսերի կրճատման և աշխատանքի արդյունավետության բարձրացման հաշվին»:
• «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մեղադրվում է հարկեր չվճարելու համար
• Հայաստանը կգնի իրանական գազ առավել ցածր գնով. ենթադրում են հայ փորձագետները
• Հայաստանի էներգետիկ անվտանգության մասին
Ինչպե՞ս է ձևավորվել գազի գինը սպառողների համար
Հայ-վրացական սահմանին «կապույտ վառելիքի» գինը կազմել է 150 դոլար: Սակայն հայ սպառողներին գազը հասել է դրան գրեթե կրկնակի գերազանցող գնով: Սպառողների վրա այն արժեցել է մոտ 290 դոլար:
Հայաստանի տարածքում բնական գազի միակ մատակարարը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է: Երկար ժամանակ գազի գինը վեճերի առիթ է դարձել Հայաստանում: Շատերը կարծում էին, որ սահմանին և վերջնական սպառողի վրա գազի գնի տարբերությունը չափազանց մեծ է: Սակայն ռուսական «Գազպրոմի» դուստր ընկերությունը բազմիցս հայտարարել է, որ վնասով է աշխատում:
Իրանական գազ
Իշխանության գալուց հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ հույս ունի առավել էժան ռուսական գազ գնել: Սակայն գնի բարձրացումից հետո վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ երկիրը դիտարկում է իրանական գազ գնելու հնարավորությունը: Ինչը, ի դեպ, չէին բացառում նաև նրա նախորդները:
Հայաստանն այժմ ոչ մեծ քանակով գազ ստանում է հայ-իրանական գազատարով: Իրականացվում է բարտեր. Հայաստանը էլեկտրաէներգիան փոխանակում է գազով: Սակայն տարիներ շարունակ իշխանությունները հայտարարել են, որ ռուսական գազն ավելի էժան է:
Փորձագիտական կարծիք
Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը կարծում է, որ գազ գնելու առավել օպտիմալ շուկա շարունակում է մնալ Ռուսաստանը.
«Գոյություն ունի գազի շուկայի վերլուծություն, և գաղտնիք չէ, որ իրանական գազը սահմանին գնահատվում է 1000 խորանարդ մետրի համար 180-185 դոլար: Այլ բան է, եթե քաղաքական որոշում կայացվի իջեցնել իրանական գազի գինը հայկական շուկայի համար: Եվ երկրորդ պահը իրանական գազի որակն է, որն իր հատկանիշներով զգալիորեն զիջում է ռուսականին»:
Փորձագետը նախկինում ևս հայտարարել է, որ իրանական գազը կարող է թանկանալ, քանի որ այն Հայաստան է մտնում ռուսական խողովակներով: Ենթակառուցվածքը, որով իրանական գազը մտնում է Հայաստան, պատկանում է «Գազպրոմին»: Հետևաբար, իրանական գազի գինը կսահմանվի ռուսական «Գազպրոմի», այսինքն Ռուսաստանի կողմից, կամ առնվազն Ռուսաստանի համաձայնությամբ:
«Իրանական գազի ներմուծումը չի կարելի դիտարկել որպես իրական դիվերսիֆիկացիա, որպես այլընտրանք: Կարևոր է ոչ թե գազի ծագումը, թե որտեղից է այն, որ երկրից է այն արտահանվում: Կարևոր է այն ենթակառուցվածքը, որտեղից գազը մատակարարվում է: Իրանական այլընտրանք լինել չի կարող, քանի որ իրանական գազը ստացվում է «Գազպրոմի» ենթակառուցվածքով: Եվ ցանկացած որոշում, որ մենք ընդունում ենք Իրանից Հայաստան գազի ներմուծման վերաբերյալ, ընդունվում է այդ թվում Ռուսաստանի համաձայնությամբ»,- կարծում է Վահե Դավթյանը:
Հայաստանում շատերը ենթադրում են, որ գների բարձրացմամբ Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա: Սակայն Վահե Դավթյանը ենթադրում է, որ տվյալ դեպքում առկա է քաղաքական բաղադրիչ.
«Ճիշտ չէ դիտարկել սահմանին գազի գնի վերանայումը ներքաղաքական համատեքստում, կապել այն միջազգային հարաբերությունների հետ: Ռուսաստանը կտրուկ քայլեր է ձեռնարկում իր էներգետիկ քաղաքականության մեջ՝ միակողմանիորեն հայտարարելով սակագների կտրուկ բարձրացման մասին, ինչպես, օրինակ Վրաստանի և Ուկրաինայի դեպքում»: