Կորոնավիրուսի տարօրինակ վիճակագրություն Ռուսաստանում․ շատ լավ բժշկությո՞ւն, թե՞ Պուտինն ուզում է իշխանության մնալ
Ռուսաստանում կորոնավիրուսի վիճակագրությունը կտրուկ տարբերվում է համաշխարհային միտումից։ Մինչ ամենատուժած երկրներում կորոնավիրուսից 300–500 մարդ է մահանում մեկ միլիոն բնակչության հաշվարկով, Ռուսաստանում այդ թիվը 16 է։ Ո՞րն է նման տարօրինակ անհամապատասխանության պատճառը։
Իշխանությունները կարծում են, որ լավ բժշկությունն ու շատ թեստավորումը։ Սակայն շատ ռուսական և միջազգային լրատվամիջոցներ ու փորձագետներ կասկածում են, որ լավատեսական ռուսական վիճակագրությանը կարելի է վստահել, և այդ թվերում ավելի շատ քաղաքական ենթատեքստ են տեսնում։
Տարածված վարկածն այն է, որ իշխանություններին «դրական» վիճակագրություն է պետք մինչև 2020 թ–ի հունիսը, որպեսզի երաշխավորեն բնակչության աջակցությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ, որոնք փաստացի Վլադիմիր Պուտինին թույլ կտան հավերժ պաշտոնավարել։
Վարակման և մահացության համեմատական տվյալներն աշխարհում և Ռուսաստանում
Ռուսաստանում մայիսի 15–ի դրությամբ ավելի քան 260 հազար մարդ է կորոնավիրուսով վարակվել։ Նրանցից 2,418–ը մահացել է։
Իսպանիայում ավելի քան 270 հազար մարդ է վարակվել, նրանցից մահացել է ավելի քան 27 հազարը։
Մեծ Բրիտնիայում ավելի քան 230 հազար վարակված կա, մահացել է ավելի քան 33 հազարը։
Տարբեր երկրներում տարբեր ձևով են հաշվում կորոնավիրուսից մահացածների թիվը։
Ինչ–որ տեղ հաշվում են բոլորին, ում մոտ այն հայտնաբերվել է՝ անկախ նրանից, թե արդյունքում ինչն է մահվան բերել։ Մյուս երկրներում բաժանում են այդ վիճակագրությունը։ Այնուամենայնիվ, ոչ մի տեղ նույնիսկ մոտ բան չկա այն ապշեցնող հակասությանը, որ Ռուսաստանում է։
The New York Times–ն առաջարկել է կորոնավիրուսից իրական մահացության մակարդակը որոշելու հստակ մեթոդ՝ համեմատել 2020 թ–ի և նախորդ տարիների նույն ամիսներին մահացածների վիճակագրությունը։
Արդյունքում պարզվել է, որ Եվրոպայի 17 երկրներում, ինչպես նաև Թուրքիայում և Նյու Յորքում մահացության ընդհանուր մակարդակը կտրուկ աճել է 2020 թ–ի մարտ–ապրիլին՝ նախորդ տարվա նույն ամիսների մահացության մակարդակի համեմատ։
Բայց ոչ Ռուսաստանում։
«Եթե մեկ հիվանդանոցում մեկ օրում մահանում է մեկ հիվանդ, ապա ողջ երկրում պետք է հարյուրավոր մահեր լինեն»
Ռուսական «Մեդուզա» պարբերականը մեջբերում է Մոսկվայի խոշորագույն COVID–կենտրոններից մեկի բժշկի խոսքերը (անանուն հարցազրույց):
«Մեզ մոտ դիահերձարանը լի է։ Վարչակազմը հաղորդել է, որ այժմ մահացածների մարմինները պետք է շտապ ուղարկել [դիահերձման] Կոմունարկայի հիվանդանոց։ Կեղծ վիճակագրության ամենապատկերավոր վկայությունը, որը մեզ մոտ ամեն օր հրապարակում են։ Եվ ես ակամա դառնում եմ այդ ստի մասնակից։
Միջինում մեկ հերթապահության ընթացքում մահանում է իմ բաժանմունքի մեկուկես հիվանդ։ Եթե ինձ մոտ մեկը մահանում է, ողջ երկրում պետք է հարյուրավոր մահեր լինեին»։
Երբ ամենօրյա վիճակագրություն չի փոխվում, ի՞նչ է դա նշանակում
Ռուսաստանում համավարակի ընթացքի մասին վիճակագրությունը մասնագետների մոտ կասկածներ է առաջացնում նաև իր անսովոր կայունությամբ։
Այսպես, Կրասնոդարի երկրամասում վարակվածների նոր դեպքերի թիվը չի փոխվել մայիսի 4–ից, երբ այն կազմում էր 96 մարդ։ Այդ օրվանից այդ թիվը նույնն է՝ 97 նոր դեպք, 99, այնուհետև՝ 98, հետո կրկին 99, հետո նորից 98։
Նույնպիսի կայուն թվեր են հրապարակվում տարբեր շրջանների և Մոսկվայի վերաբերյալ, որը համավարակի էպիկենտրոնն է․ օրական 11 000 նոր դեպք, 56 մահից ոչ ավելին, և այդպես՝ տևական ժամանակ։
Բնակչությանը տագնապի մեջ չգցելու համար
Քաղաքական աշխարհագրության մասնագետ Սերգեյ Շպիլկինն Ազատություն ռադիոկայանին ասել է, որ կասկածելի «կայուն» շրջանների գրաֆիկներում պակասում է տվյալների նվազագույն դեսպերսիան՝ տատանումները, որոնք բնորոշ են իրական վիճակագրությանը։
Ըստ նրա վարկածի՝ տվյալների հնարավոր մանիպուլյացիայի նպատակը կարող է կորոնավիրուսով վարակման կտրուկ աճի մասին չհաղորդելու ցանկություն լինի։
Դրա փոխարեն վիճակագրություն կազմող պաշտոնյաները կարող են սահուն «ձգել» հայտնաբերված դեպքերի կուտակված քանակը։ Օրինակ՝ որպեսզի այն որքան հնարավոր է երկար չգերազանցի օրական 100 նոր դեպքերն, ինչպես Կրասնոդարի երկրամասում է։
Քվեարկություն համավարակի ֆոնին
Ռուսական իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքում սոցցանցերի բազմաթիվ հրապարակումներին, որոնց հեղինակները պատմում են, թե ինչպես են իրենց և իրենց հարազատներին հրաժարվում կորոնավիրուսի թեստ անել։
Բազմաթիվ հրապարակումներ կան նաև այն մասին, որ, թեև կորոնավիրուսն ախտորոշված է, մահվան եզրակացությունում որպես մահվան պատճառ նշվում է ցանկացած այլ ախտորոշում։
Ռուսաստանի իշխանություններն առաջին անգամ արձագանքել են Financial Times–ի հրապարակմանը, որում նշվում էր, որ կորոնավիրուսով վարակման և մահացության ռուսական վիճակագրությունը նվազեցված է 70 տոկոսով։
Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան միանգամից մամուլի ասուլիս է տվել և հայտարարել է, որ ռուսական վիճակագրությունը կոռեկտ է, ոչ մի մանիպուլյացիա տեղի չի ունենում։
Ցածր մահացությունը փայլուն կանխարգելման արդյունք է, ասել է Գոլիկովան։
Անկախ լրագրողներն ու փորձագետները ռուսական «փայլուն» վիճակագրությունն այլ կերպ են բացատրում՝ իշխանությունների քաղաքական պլաններով։
Ապրիլի 22–ին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քվեարկություն էր նշանակված, որոնց նպատակը Վլադիմիր Պուտինի կառավարումը ցմահ դարձնելն է։
Համավարակի պատճառով քվեարկությունը հետաձգվել է։ Այժմ իշխանությունները պլանավորում են այն անցկացնել հունիսին։ Սակայն դրա համար պետք է սկզբից հայտարարել կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին։
Մայիսի 11–ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր համավարակի հետ կապված սահմանափակումների փուլային չեղարկման մասին։ Մայիսի 12–ից բնակչության զգալի մասն աշխատանքի է դուրս եկել։
Իսկ երկու օրից ռուսական վիճակագրությունը գրանցել է վարակվածների և մահացածների թվի նվազում։