Ռուսաստան, կորոնավիրուս․ տարօրինակ ցածր մահացություն վարակվածների մեծ աճի պարագայում և մահացած բուժաշխատողների հսկայական թիվ։ Ինչո՞ւ
Կորոնավիրուսը սրընթաց տարածվում է Ռուսաստանի տարածքում։ Վերջին մեկ շաբաթում երկիրը նոր դեպքերի քանակի ռեկորդ է սահմանվում ամեն օր։
Վերջին մեկ օրում Ռուսաստանում վարակվել է 11 231 մարդ։ Մայիսի 8–ի դրությամբ երկիրը վարակվածների թվով աշխարհում արդեն հինգերորդ տեղում է։ Հիվանդացել է 177 160 մարդ։
Սակայն մասնագետներին շփոթեցնում է վարակվածների հսկայական թվի և մահացության դեպքերի քանակի անհամապատասխանությունը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ մայիսի 8–ի դրությամբ՝ մահացել է 1 625 մարդ։ Դա նշանակում է մոտ 11 մարդ մեկ միլիոն բնակչության հաշվարկով։
Ընդ որում, երկրներում, որոնք ամենաշատն են տուժել համավարակից, այդ թիվն անհամեմատ ավելի մեծ է․ ԱՄՆ–ում՝ 228, Իտալիայում՝ 495, Իսպանիայում՝ 558 մարդ մեկ միլիոն բնակչության հաշվարկով։
- Կորոնավիրուսը Հյուսիսային Կովկասում․ զոհերի թվի և իշխանությունների նկատմամբ անվստահության հսկայական աճ
- Կարծիք․ ռուսները յուրայիններին լքեցին
- Թուրքիան պատրաստվում է բացել զբոսաշրջային սեզոնն արդեն մայիսի վերջին։ Ինչպե՞ս է դա կազմակերպվելու։ Լուսանկարներ
- Կորոնավիրուս, վիճակագրությունը Կովկասում և աշխարհում
Կա մեկ այլ նորմայից դուրս թիվ՝ բուժաշխատողների բարձր մահացությունը։
Համավարակի մեկնարկից ի վեր հաստատվել է 113 բուժաշխատողի մահ, ընդհանուր մահացածների թիվը 1 625 է։
Մեծ Բրիտանիայում և Իտալիայում կորոնավիրուսից մահացած ավելի քան 30 հազար հիվանդներին բաժին է ընկնում 100–ից ավելի մահացած բուժաշխատող։
Ռուսաստանի բժիշկները կայք են ստեղծել «Հիշատակի ցանկ» անվանումով, որտեղ նշում են իրենց մահացած գործընկերների անունները։
Կորոնավիրուսի դեմ պայքար՝ եռակցողի սաղավարտով
Մոսկվայի՝ վարակի գլխավոր օջախի, քաղաքապետը զգուշացրել է, որ կարող է վարակված լինել մոտ 15 միլիոն բնակչությամբ քաղաքի բնակիչների մոտ երկու տոկոսը։
Կորոնավիրուսի տարածման գլխավոր աղբյուրները Ռուսաստանում դարձել են եկեղեցիները, զորամասերը, աշխատանքային հանրակացարանները հեռավոր գազա– և նավթահանքերում և․․․ հիվանդանոցները։
«Դա իմ կյանքի ամենաերկար երկու ամիսն էր, – պատմում է Սանկտ Պետերբուրգի բուժքույրերից մեկը։ – Ես այդ ընթացքում ապրում էի գործընկերոջս մոտ, որպեսզի չվարակեմ ամուսնուս և որդուս, եթե ինքս հիվանդանամ։ Ինչ–որ պահի մեր հիվանդանոցում ավարտվեցին դիմակները, և ղեկավարությունը խնդրեց, որ բերենք մեր սեփական դիմակները տնից»։
Սանկտ Պետերբուրգի միայն մեկ հիվանդանոցում կարանտինի մեջ է ավելի քան 115 բուժաշխատող։ Նմանատիպ հաղորդագրություններ են ստացվում նաև մի քանի այլ խոշոր քաղաքներից։
Հիվանդանոցները վերածվում են վարակի տարածման օջախների, որովհետև պաշտպանիչ արտահագուստի համատարած սուր պակաս կա։
Օրյոլ քաղաքի «Գործողություն» բուժաշխատողների անկախ արհմիության ներկայացուցիչ Դմիտրի Սերյոգինը պնդում է, որ մինչև վերջերս շտապօգնության բրիգադները կանչերին գալիս էին՝ ընդհանրապես չունենալով դիմակներ և ձեռնոցներ։
Այնուհետև անխուսափելի բան կատարվեց․ նրա յոթ գործընկերները վարակվեցին։
«Ես պատրանքներ չունեմ, թե երբ եմ վարակվելու, միայն ժամանակի հարց է», — ասում է Սերյոգինը։
«Պուտինը խոստացել է, թող նա էլ ձեզ վճարի»
Շատ բուժաշխատողներ չեն դիմանում այս պայմաններին։
Սանկտ Պետերբուրգի բժիշկներից մեկը՝ Մարինա Զամյատինան, աշխատանքից հեռացել է այն բանից հետո, երբ ստիպված է եղել աշխատանքի գնալ եռակցողի սաղավարտով, որը նրան ստիպել է վերցնել ամուսինը։
Բուժքույրը, որն աշխատանքից ազատվել է «Կոմունարկա» գլխավոր ինֆեկցիոն հիվանդանոցից, պատմել է․
«Մենք աշխատում էինք 2-3 օրով՝ միայն քնելուն ժամանակ հատկացնելով։ Վարակման գոտում հերթափոխները տևում էին 10-12 ժամ, որ պաշտպանիչ արտահագուստն ուշ–ուշ փոխենք։
Այդպիսի աշխատանքի դիմաց ինձ մեկ ամսվա համար վճարեցին 23 հազար ռուբլի (մոտ 300 եվրո)։ Իսկ երբ հավելավճար պահանջեցի, որը խոստացել էր Պուտինն, ինձ պատասխանեցին․ «Պուտինը խոստացել է, նրանից էլ ստացեք»։
Ռուսական սոցցանցերը լի են կորոնավիրուսով վարակվածների հետ աշխատող բժիշկների համար գումար հավաքելու կոչերով։ Գլխավոր պահանջը դիմակներն ու պաշտպանիչ արտահագուստն է։ Բացի այդ, փող են հավաքում, որ բուժանձնակազմը սնվի հերթապահության ժամանակ։
Պարզվել է, որ բուժաշխատողներից պահանջում են աշխատել մի քանի օր, բայց այդ ընթացքում սնունդ չեն ապահովում։
Սիբիրի Ռուբցովսկ փոքր քաղաքում բժիշկներն ընդհանուր դիմում են գրել տեղական իշխանությանը՝ խնդրելով օգնել և կազմակերպել իրենց սնունդը։ Նրանց պատասխանել են, որ քաղաքի բյուջեում փող կա միայն կոյուղու վնասված խողովակների վերանորոգման համար։
Բժշկականի ուսանողները՝ բուհից դուրս թողնելու սպառնալիքով ամենավտանգավոր աշխատանք կատարելիս
Կորոնավիրուսով վարակվածների հետ աշխատող հիվանդանոցներում բուժաշխատողների պակասն իշխանությունները փորձում են լրացնել բժշկական համալսարանների ուսանողների հաշվին։ Այսպիսի հաղորդագրություններ են ստացվում Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից, բայց ոչ միայն․ նույն բանն է կատարվում նաև շրջաններում։
Բարձր կուրսի ուսանողներին հայտարարում են, որ այդպես նրանք «պրակտիկա կանցնեն», իսկ ովքեր հրաժարվեն, չեն կարող ավարտել ուսումն ակադեմիական պարտքերի պատճառով, որոնք հնարավոր չի լինի հանձնել։
Ոչ բոլոր ուսանողներն են համաձայնում նման պրակտիկային։ Մոսկվայում Առաջին բժշկական ակադեմիայի մի խումբ ուսանողներ #ՈւսանողըՍտրուկՉէ հեշթեգով խումբ են ստեղծել։ Դրա մասնակիցները պահանջել են դադարեցնել շանտաժը և ուսանողներին կովիդ–հիվանդանոցներում աշխատանքի լիարժեք իրավաբանական ձևակերպում տրամադրել։
Արդյո՞ք կարելի է վստահել վիճակագրությանը
Ազատություն ռադիոկայանի լրագրողները զրուցել են կամավորի հետ, որն օգնում է բժիշկներին Մոսկվայի խոշորագույն 52-րդ հիվանդանոցում։
Իլյա Կովալյովը պատմել է, որ «շտապ օգնության» մեքենաները հիվանդանոց են բերում միայն այն հիվանդներին, որոնք արդեն չեն կարողանում ինքնուրույն շնչել։
«Շատ հիվանդանոցների բուժաշխատողներ ասում են, որ Ռուսաստանում իրականում ամեն օր կորոնավիրուսից մահանում է 7-10 անգամ ավելի մարդ, քան գրանցվում է վիճակագրությունում։
Մարդկանց մոտ վարակման ֆոնին կամ սրանում, կամ զարգանում են հիվանդությունները։ Եվ երբ նրանք մահանում են, գրանցվում է հենց այդ հիվանդությունն, այլ ոչ թե Covid-19–ը։
Իմ մոտ ծանոթներից մեկի տատն է մահացել։ Գրել են, որ մահացել է սրտի հիվանդության պատճառով։ Սակայն սիրտն ընդհանրապես չէր անհանգստացնի, եթե նրա մոտ երկկողմանի թոքաբորբ չառաջանար, որն էլ կաթվածի էր բերել։ Նրա թոքերը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել էին կորոնավիրուսը»։