Ռուսաստան․ լրագրողը մեղավոր է ճանաչվել ահաբեկչության արդարացման համար
Պսկով քաղաքում Ազատություն ռադիոկայանի ռուս լրագրող Սվետլանա Պրոկոպևան տուգանվել է 500 հազար ռուբլով (7 հազար եվրո) «Ահաբեկչության արդարացում» հոդվածով։ Նրանից առգրավվել են հանցագործության գործիքները՝ հեռախոսն ու նոութբուքը։
Սվետլանա Պրոկոպևայի մեղքն այն է, որ երկու տարի առաջ նա սյունակ է գրել Արխանգելսկի իրադարձության մասին։
Այդ ռուսական քաղաքում 19-ամյա Միխայիլ Ժլոբիցկին իրեն պայթեցրել էր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տեղի բաժանմունքի մոտ։ Պատճառն իշխանություններին քննադատող երիտասարդների հետապնդման և խոշտանգման դեմ բողոքն էր։
• Կարծիք․ Ռուսաստանը հոգնել է Պուտինից։ Ի՞նչ կարող է նա անել
Սվետլանա Պրոկոպևայի սյունակի գլխավոր միտքն այն էր, որ հասարակության անարդար կառուցվածքը ծնում է էքստրեմիզմ և ահաբեկչություն։ Այդ պատճառով նա մեղադրվել է ահաբեկչության արդարացման համար։ Դատախազությունը Պրոկոպևայի համար 6 տարվա ազատազրկում էր պահանջում։
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել, սակայն սահմանափակվել է տուգանքով և առգրավմամբ։
«Եթե արձագանք չլիներ, վճիռը կարող էր այլ լինել»
Ինչպես գրում է ռուսական «Նովայա գազետան», դատական գործընթացի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ դատարանի բակը նիստից մի ժամ առաջ արդեն մարդկանցով լի էր։
Սվետլանա Պրոկոպևային վճռի օրը աջակցելու էին եկել նրա գործընկերներն ու պարզապես սրտացավ մարդիկ Մոսկվայից, Պետերբուրգից և այլ քաղաքներից։
Պրոկոկպևան դատարանում վերջին խոսքով է հանդես եկել, որում պնդել է, որ անմեղ է։
«Ինձ համար պետությանը քննադատելը սարսափելի չէ։ Սարսափելի չէ իրավապահ համակարգը քննադատելը և ուժայիններին ասելը, որ նրանք երբեմն սխալ են։ Որովհետև ես գիտեմ, որ իրոք սարսափելի կլինի այն, եթե ես դա չասեմ, եթե ոչ ոք չասի», — հայտարարել է Պրոկոպևան։
Դատավորը վճիռը հրապարակեց հինգ րոպեում։ Լրագրողի փաստաբանները հայտարարեցին, որ, չնայած վճռի մեղմությանն, իրենք բողոքարկելու են այն։
«Ես, այնուամենայնիվ, շարունակում եմ պնդել, որ չեմ արդարացրել ահաբեկչությունը, երբեք չեմ արդարացրել ահաբեկչությունը և չեմ արդարացնելու ահաբեկչությունը։ Սակայն ամենամեծ հաջողությունն այն է, որ ինձ չեն արգելել իմ գործով զբաղվել», — ասել է Պրոկոպևան։
Պսկովի շրջանային ժողովի պատգամավոր Լև Շլոսբերգը «Նովայա գազետայի» հետ զրույցում հիշեցրել է, որ հոդվածը, որը մեղսագրվում էր Սվետլանա Պրոկոպևային, ենթադրում է պատժի անհավանական մեծ միջակայք՝ տուգանքից մինչև 7 տարվա ազատազրկում։
«Այսօր այն Ռուսաստանի գլխավոր քրեական գործն է, այն ազդելու է երկրում տիրող իրավիճակի վրա։ Վստահ եմ, որ մինչև վերջին պահը նրանք Սվետլանայի համար իրական ժամկետ էին նախատեսում․․․ Եվ եթե հասարակության այսպիսի արձագանքը չլիներ Պրոկոպևայի գործին, եթե քննությունն ու դատը լռության մեջ անցնեին, վճիռն այլ էր լինելու»։
Ըստ «Նովայա գազետայի» տեղեկությունների՝ լրագրողները, որոնք սպասում էին, թե երբ է Սվետլանա Պրոկոպևան դուրս գալու դատարանի դահլիճից, սկսել են փող հավաքել նրա տուգանքը մուծելու համար։ Մի քանի րոպեում 50 հազար ռուբլի՝ տուգանքի մեկ տասներորդ մասը հավաքվել է։