«Վրաստանի «ռուսականացումը» կբարդացնի ՀՀ՝ ՌԴ-ից պոկվելը»․ կարծիքներ Երևանից
«Ռուսական օրենքի» մասին կարծիքներ Երևանից
Վրաստանի խորհրդարանն արդեն երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքը։ Վրացիներն այն անվանում են «ռուսական օրենք»։ Ըստ դրա՝ բոլոր ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները, որոնց տարեկան եկամտի 20 տոկոսից ավելին արտերկրից է փոխանցվում, պետք է գրանցվեն ռեեստրում՝ իրենց հայտարարելով «օտարերկրյա գործակալներ»։ Արևմուտքը քննադատում է օրենքը, խոսում պատժամիջոցների հավանականության մասին։
Այս օրենքի ընդունման մասին հայաստանյան փորձագետների կարծիքները տարբեր են։ Մի մասը մտածում է, որ «ռուսական օրենքի» ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի եվրաինտեգրման վրա։ Բացի այդ կբարդացնի նաև ժողովրդավարական ընթացքով առաջ շարժվելու և ռուսական ազդեցությունից դուրս գալու Հայաստանի խնդիրը։ Կա նաև կարծիք, որ դրա ընդունմամբ Թբիլիսին պարզապես «փորձում է պահել իր սուբյեկտությունը»։
Մանրամասներ օրենքի մասին
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջին անգամ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը նախաձեռնել էր մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մարտին։ Խորհրդարանն այն ընդունել էր առաջին ընթերցմամբ, սակայն քաղաքացիների զանգվածային բողոքի և Արևմուտքի սուր քննադատության արդյունքում կառավարությունը հետ էր կանչել օրինագիծը։
2024 թվականի ապրիլի 3-ին իշխող կուսակցությունը որոշեց օրինագիծը վերադարձնել խորհրդարան։ Բովանդակությունը մնացել է նույնը, բայց այժմ այն կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք։
Այս տարի ևս օրինագծի շուրջ քննարկումներն ուղեկցվեցին զանգվածային բողոքի ցույցերով։ Հարյուր հազարավոր քաղաքացիներ էին դուրս եկել փողոց՝ ի նշան բողոքի։
Նախքան օրենքի վերջնական ընթերցմամբ ընդունումը Արևմուտքից պարբերաբար հայտարարում էին՝ այն լուրջ խնդիրներ կստեղծի Վրաստանի եվրաինտեգրման համար։ Օրենքի երրորդ ընթերցումից առաջ Թբիլիսի էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։
Lրագրողների հետ ճեպազրույցում նա զգուշացրել էր․
«Եթե օրենքն ուժի մեջ մտնի ԵՄ նորմերին հակասությամբ և խաթարի ժողովրդավարությունը, բռնություն լինի խաղաղ ցուցարարների նկատմամբ, ապա ականատես կլինեն ԱՄՆ-ի սահմանափակումներին՝ ֆինանսական և ճանապարհորդության սահմանափակումներ պատասխանատուների և նրանց ընտանիքների նկատմամբ»:
Բացի այդ, Օ’Բրայենն ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն դիտարկվի որպես «հակառակորդ, ոչ թե գործընկեր», ստիպված կլինեն վերանայել 390 միլիոն դոլարի օգնության փաթեթը, որը ներառում է պաշտպանական, տնտեսական և զարգացման ծրագրեր։
Օրենքը պետք է ուղարկվի Վրաստանի նախագահին՝ ստորագրման։ Սալոմե Զուրաբիշվիլին բազմիցս հայտարարել է, որ վետո է դնելու օրենքի վրա։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, սակայն, ունի բավարար ձայներ այն հաղթահարելու համար։
Մեկնաբանություններ
Գուրգեն Սիմոնյան, քաղաքագետ
«Օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի եվրաինտեգրման վրա։ Բայց ես չեմ կարծում, որ հարցը փակված է։ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հայտարարել է, որ չի վավերացնելու օրենքը։ Այս օրենքի ընդունումը քաղաքական լուրջ ճգնաժամի հիմք է դրել Վրաստանում։ Քաղաքացիական հասարակությունն էլ է սատարում դրա չեղարկմանը։ Տեսնենք՝ ինչ կլինի։ Գործընթացները դեռ շարունակվում են։ Չի կարելի ոչինչ ավարտված համարել։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ՀՀ-ն իր ներքին զարգացման և արտաքին քաղաքականության հեռանկարները չպետք է պայմանավորի այս կամ այն երկրի իրադարձություններով։
Անշուշտ, ժողովրդավարական ընթացքով առաջ շարժվելու և ռուսական ազդեցությունից պոկվելու մեր խնդիրը կբարդանա։
Վրաստանը մեզ համար նաև բնական կապող օղակ է արտաքին աշխարհի հետ։ Բայց այդ կապող օղակների հնարավորությունները կարելի է դիվերսիֆիկացնել։ Չեմ կարծում, թե անելանելի իրողության մեջ ենք։
Հայաստանի Հանրապետությունը անշեղորեն պետք է ընթանա իր ճանապարհով և չփորձի իրեն կաշկանդված զգալ՝ անկախ նրանից, թե հարևան պետությունում ինչ գործընթացներ են ընթանում։
Իհարկե, լավ կլիներ, որ մենք ազդեցություն ունենայինք, հավասարակշռիչ մեխանիզմներ կիրառեինք, որպեսզի այնտեղ ցնցումները սուր չընթանային, ժողովրդի իրավունքներն ու հնարավորությունները չմերժվեին։ Բայց անգամ, եթե մենք ի զորու չենք այդ գործառույթը մեզ վրա վերցնելու, մեր քաղաքականության մասով պետք է անբեկանելի և սկզբունքային վարք դրսևորենք»։
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան
«Հայաստանն ու Վրաստանը Արևմուտքի կողմից դիտարկվում են որպես Հարավային Կովկասում ազդեցության տարածման, ընդլայնման կամ հաստատման հենակետեր։ Իսկ պաշտոնական Թբիլիսին փորձում է պահել իր սուբյեկտությունը։
Ինչով կավարտվի, բարդ է ասել։ Դժվար է պատկերացնել, որ այն կավարտվի ոչ ոքի հաշվով։ Կամ կհաղթի պաշտոնական Թբիլիսին կամ կհաղթեն Թբիլիսիին։
Տեսնում ենք, որ Վրաստանի վարչապետը ի պատասխան ԱՄՆ-ից եկող զգուշացումների, որ հիմնովին կվերանայեն հարաբերությունները Վրաստանի հետ, հայտարարել է՝ դրանով ԱՄՆ-ն կվնասի ինքն իրեն։ Նաև կոչ է արել լինել պրագմատիկ՝ ասելով, որ նման քայլերով, պատժամիջոցներով Վրաստանի իշխանության դիրքերը չեն թուլացնի։
Վրաստանի իշխանության այս ինքնավստահությունը թույլ է տալիս անել հետևյալ եզրահանգումը։ Կամ համոզված են, որ հանրահավաքներում չկա Վրաստանի լայն հանրության աջակցություն, կամ էլ կարծում են, որ եթե Արևմուտքը դիմի պատժամիջոցների, բայց իրենք կարողանան թույլ չտալ Վրաստանում իշխանափոխություն, դա կթուլացնի միայն Արևմուտքի դիրքերը ինչպես Վրաստանում, այնպես էլ Կովկասում։ Եվ Թբիլիսիին կարծես նույնիսկ վա-բանկ տրամաբանությամբ է առաջ շարժվում։
Իվանիշվիլին նաև հասկանում է, որ եթե նույնիսկ ինչ-որ հարցերում պայմանավորվի Արևմուտքի հետ, միևնույն է՝ իրեն չեն դիտարկում իբրև յուրային, մշտապես թարմ են պահելու իր կուսակցությունը հեռացնելու խնդիրը։
Երբ խոսում ենք Եվրամիության անդամ դառնալու մասին, մեր պատկերացումները հիմնականում կառուցված են մի քանի տարի առաջ եղած իրողությունների վրա։ Ընթացող համաշխարհային պատերազմը հիմնովին փոխում է իրավիճակը։ Անդամության հարցը շատ հարաբերական է և կախված է նրանից, թե ինչ ԵՄ հետ ենք գործ ունենալու, ԵՄ-ն ինչպես է դուրս գալու ուկրաինական պատերազմից։ Որևէ մեկը չի կարող ասել՝ ինչպիսի Եվրոպա է լինելու։
Յուրաքանչյուր երկիր այս համաշխարհային պատերազմում փորձում է մտածել իր սուբյեկտության մասին։ Հետո, երբ կորոշակիանան միջազգային հարաբերությունները՝ նոր կանոններով, աշխարհակարգով, նոր բաժանումներով, երկրները պետք է կատարեն որոշակի ընտրություն։ Ըստ իս՝ պաշտոնական Թբիլիսին փորձում է առաջնորդվել այս տրամաբանությամբ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«Ռուսական օրենքի» մասին կարծիքներ Երևանից