Վրաստանում ծեծի են ենթարկում ռուսական օրենքի դեմ բողոքող ակտիվիստներին
Ռուսական օրենքի հակառակորդների ծեծ Վրաստանում
Վրաստանում շարունակվում են հարձակումներն ու ծեծը ակտիվիստների նկատմամբ, որոնք մասնակցում են օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիաներին, ինչպես նաև հայտնի գործիչների, որոնք հրապարակայնորեն աջակցում են այդ ցույցերին և դեմ են արտահայտվում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը։
Մայիսի 8-ի ուշ երեկոյան Թբիլիսիում անհայտ խմբերի կողմից դաժան ծեծի են ենթարկվել առնվազն երեք ակտիվիստներ։
Նրանցից մեկը Դիմիտրի Չիկովանին է՝ ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության (ստեղծվել է բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից) քարտուղարության անդամ։ Չիկովանիի վրա հարձակվել են Թբիլիսիի կենտրոնական թաղամասում՝ Սոլոլակիում գտնվող բազմահարկ շենքի մուտքի մոտ, որտեղ նա բնակվում է։
Հրապարակվել են տեսահսկման սարքերի կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես են Չիկովանիին ծեծի ենթարկում հինգ անձինք: Տեսանյութում նրանց դեմքերը չեն երևում։
Քաղաքական գործչին տեղափոխել են Խեչինաշվիլիի կլինիկա։ Նրա վիճակը գնահատվում է «տագնապալի», գլխուղեղի տրավմատիկ վնասվածք է ստացել։
«Սա ռեժիմի վերջն է, վերջին շունչը: Նրանք մեզ չեն վախեցնի: «Վրացական երազանքը կավարտի իր գոյությունը, մեր երկրում չի կարող գոյություն ունենալ ռուսական ռեժիմ»,- հայտարարել է Չիկովանին «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում:
Նույն օրը երեկոյան անհայտ անձինք հարձակվել են միջազգային հարաբերությունների փորձագետ Գիա Ջափարիձեի վրա։ Նա ընդդիմադիր «Գիրչի. ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի եղբայրն է, նույնպես շատ ակտիվորեն դեմ է արտահայտվում օտարերկրյա գործակալների մասին օրենքին։
Քաղաքական գործիչ Զուրաբ Ջափարիձեն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի քանի հոգի տան մուտքի մոտ սպասում էին եղբորս, հարձակվեցին նրա վրա»։
Ինքը՝ Գիա Ջափարիձեն, կլինիկայի մուտքի մոտ լրագրողներին հակիրճ մեկնաբանություն է տվել.
«Ինձ հետ պատահեց այն, ինչ կատարվում է ամբողջ երկրում. ինձ վրա հարձակվեցին ռուսամետները: Հաստատ հիշում եմ երկուսին, հարձակվողները գուցե երեքն էին կամ ավելի շատ։ Նրանք ինձ դիմավորեցին տանս մոտ։ Սկսեցին ինձ ծեծել, իրենց ձեռքին փայտեր ունեին, բղավում էին, թե ինչու եմ դեմ արտահայտվում ռուսական օրենքին»,- պատմել է Գիա Ջափարիձեն։
Ջափարիձեն առայժմ մնացել է հիվանդանոցում։ «Ընդհանուր վիճակը կայուն է, գտնվում է հսկողության տակ, կատարվում են ուսումնասիրություններ։ Գլխուղեղի տրավմատիկ վնասվածք է ստացել, տեսնում եք՝ ինչ վերք ունի գլխին»,- մեկնաբանել է կլինիկայի հերթապահ բժիշկը։
Մայիսի 8-ի գիշերը փողոցում ծեծի է ենթարկվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի մեկ այլ ակտիվ հակառակորդ՝ Լաշա Գվինիանիձեն։ Նա մայիսի 11-ին Թբիլիսիում նախատեսված Եվրոպայի երթի կազմակերպիչներից մեկն է։
Հարձակման ժամանակ Գվինիանիձեն եղել է ընկերոջ հետ, ում հաջողվել է նկարահանել հարձակումից մի հատված։ Բժիշկները կարել են նրա պատռված ստորին շրթունքը։
«Սա պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ: Մինչ այս 72-ամյա հորս են զանգահարել ու սպառնացել, իսկ երեկոյան այդ սպառնալիքն իրականացվել է, թեև մենք բոլորս կարծում էինք, որ դա կմնա հեռախոսային հայտարարությունների մակարդակում»,- «Պիրվելի» հեռուստաալիքին ասել է Լաշա Գվինիանիձեն:
Վերջին օրերին սա առաջին դեպքը չէ, երբ հարձակման են ենթարկվում քաղաքական գործիչներն ու քննադատաբար տրամադրված քաղաքացիները։
Մայիսի 7-ին անհայտ անձը հարձակվել էր Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) գործադիր տնօրեն Գիորգի Կլիդիաշվիլիի և «Ֆորմուլա» հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա։ Հարձակումը տեղի է ունեցել կեսօրին Թբիլիսիի կենտրոնում՝ հենց Շվեդիայի դեսպանատան դիմաց։
Մայիսի 5-ին Լանչխութիում սեփական տան մուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ուսուցիչ, միջազգային և ազգային մրցանակների դափնեկիր Լադո Ափխազավան։ Ափխազավան ակտիվորեն մասնակցում է ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի բողոքի ցույցերին։ Հարձակման պահին նա որդու հետ է եղել։
Մայիսի 1-ին հանրահավաքի ժամանակ հատուկ ջոկատայինների կողմից ձերբակալվել և դաժան ծեծի էր ենթարկվել «Ազգային շարժման» առաջնորդ Լևան Խաբեիշվիլին։
Հարյուրավոր ակտիվիստներ ու լրագրողներ սպառնալից զանգեր են ստանում
Բացի ֆիզիկական բռնությունից վերջին օրերին օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարյուրավոր հակառակորդներ ենթարկվել են հոգեբանական բռնության և սպառնալիքների։ Նրանց զանգահարում են, նախատում ու սպառնում՝ ասելով, որ գիտեն իրենց տան հասցեն: Նմանատիպ հեռախոսազանգեր են ստացել նաև JAMnews-ի խմբագիրները։
Բացի այդ, մայիսի 8-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ կառավարությունը ստեղծում է հատուկ տվյալների բազա, որտեղ «կհավաքագրվեն շանտաժի մեջ ներգրավված անձանց մասին տեղեկություններ»:
Քաղհասարակության ներկայացուցիչներն ասում են՝ այս նախաձեռնությունը, ըստ էության, ենթադրում է քննադատաբար տրամադրված անձանց ռեեստրի ստեղծում։
Մայիսի 11-ին՝ Եվրոպայի օրը, Թբիլիսիում և այլ քաղաքներում նախատեսվում է երթ ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի»։ Դրա մասնակիցները միաժամանակ կհավաքվեն քաղաքի մի քանի հատվածներում և շարասյուներով կշարժվեն դեպի խորհրդարանի շենք։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջին անգամ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը նախաձեռնել էր մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մարտին։ Խորհրդարանն այն ընդունել էր առաջին ընթերցմամբ, սակայն քաղաքացիների զանգվածային բողոքի և Արևմուտքի կոշտ քննադատության արդյունքում կառավարությունը հետ էր կանչել օրենքը։
2024 թվականի ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ իշխող կուսակցությունը որոշել է օրինագիծը վերադարձնել խորհրդարան։ Բովանդակությունը նույնն է մնացել, բայց այս անգամ նախագիծը կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»։
Օրինագծի վերադարձն ուղեկցվեց ավելի զանգվածային բողոքի ցույցերով, քան 2023 թ. -ին էր: Ամեն օր փողոց է դուրս գալիս մոտ 100 հազար ցուցարար։
Վրաստանի արևմտյան գործընկերները սուր քննադատության են ենթարկում օրինագիծը և բացահայտ զգուշացնում կառավարությանը, որ այս օրենքի ընդունումը լուրջ խնդիրներ կստեղծի Վրաստանի եվրաինտեգրման համար։
Այս պահի դրությամբ նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ։ Մայիսի 17-ին խորհրդարանը պատրաստվում է այն ընդունել երրորդ՝ վերջնական ընթերցմամբ։