ՌԴ ԱՀԾ. «Բրիտանիան Վրաստանում իշխանությունը տապալելու համար կառույցներ է հավաքագրել»
Ռուսական հետախուզությունը Վրաստանի մասին
Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ) հրապարակել է հայտարարություն, որում պնդում է՝ Մեծ Բրիտանիան պլանավորում է վերջ դնել «Վրացական երազանք» կուսակցության իշխանությանն ու այդ նպատակով հավաքագրել է մոտ հարյուր երիտասարդական և ուսանողական միավորումներ, ինչպես նաև ֆեմինիստական շարժումներ և ԼԳԲՏ համայնքի կառույցներ:
ԱՀԾ-ի փոխանցմամբ՝ «Վրացական երազանքը» Վրաստանի ազգային շահերը համարում է առաջնահերթություն, ինչը զայրացնում է արևմտյան «լիբերալ-գլոբալիստներին»:
ԱՀԾ-ի հայտարարությունը
«Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզական ծառայության մամուլի բյուրոն հաղորդում է, որ ԱՀԾ-ին հասանելի դարձած տեղեկատվության համաձայն՝ Արևմուտքում նյարդայնացած են Վրաստանի ձգտումից, այն է՝ ազատվել լիբերալ-գլոբալիստական ուժերի կողմից պարտադրվող խնամակալությունից, ուժեր, որոնց արժեքներն օտար են վրաց ժողովրդին: Արևմտյան երկրներին զայրացնում է հատկապես այն, որ Թբիլիսին, որը ոչ վաղ անցյալում՝ Սաակաշվիլիի օրոք, «ժողովրդավարականացման լոկոմոտիվ» էր Կովկասում, ավելի ու ավելի է շեղվում դեպի «ավտորիտար ճանապարհ»՝ առաջնահերթություն տալով ազգային շահերին:
«Վրաստանի համար պայքարը» գլխավորում են բրիտանացիները: Լոնդոնը պլանավորում է զգալիորեն բարձրացնել վրացական ընդդիմադիր ՀԿ-ների ֆինանսավորումը՝ նպատակ ունենալով ռադիկալացնել դրանց հակակառավարական գործունեությունը: Քայքայիչ գործունեություն իրականացնելու համար Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Վրաստանի տարբեր մարզերում ընտրել է մոտ 100 երիտասարդական և ուսանողական միավորումներ, ֆեմինիստական շարժումներ, ԼԳԲՏ համայնքի կառույցներ:
Հաջորդ փուլում բրիտանացիները մտադիր են այդպիսի «քայքայիչ ստեղծարարությամբ լիցքավորված» կազմակերպություններին դրդել ընդդիմադիր կուսակցությունների հետ ուժերի միավորման: Լոնդոնի հաշվարկներով՝ դա պետք է «վարակի» քաղաքական ընդդիմությանը, նրան «երկրորդ շունչ» տա և մոբիլիզացնի իշխող «Վրացական երազանք»-ին իշխանությունից հեռացնելու պայքարի նոր փուլի ծավալման համար:
Հատուկ նշանակություն է տրվում «ակտիվիստներին» քայքայիչ գործունեության մեթոդներ ուսուցանելուն: Ապագա մարտիկներին կսովորեցնեն՝ ինչպես դիմադրել ոստիկանությանը բողոքի ակցիաների ժամանակ, ինչպես շրջանցել իշխանությունների «թվային» վերահսկողությունն ու նախապատրաստել դիվերսիաներ:
Ինչպես երևում է, անգլո-սաքսոնները ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել Թբիլիսիի՝ իրենց անառարկելի վասալների շարքից դուրս գալու հետ: «Վրացական երազանքի» կառավարումն անթաքույց կերպով գրգռում է նրանց: Բացի այդ, Լոնդոնը թքած ունի վրաց ժողովրդի վրա, որը նախորդ տարի կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր միանշանակ աջակցությունն է հայտնել երկրի ղեկավարության որդեգրած՝ ազգային կողմնորոշում ունեցող կուրսին»:
Սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանի ԱՀԾ-ն հրապարակում է նման բովանդակությամբ կեղծ և քարոզչական հայտարարություն: Ծառայությունը 2024 թվականից սկսած է ակտիվորեն տարածում նմանատիպ տեքստեր: Նախորդ տարվա ողջ ընթացքում նրանք պնդում էին, թե ԱՄՆ-ն պլանավորում է Վրաստանում իշխանությունը տապալել հեղաշրջմամբ, իսկ Եվրամիությունը ամեն օր ֆինանսավորում է Թբիլիսիի բողոքի ակցիաների մասնակիցներին:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռուսական հետախուզությունը Վրաստանի մասին