Ռուսական ազդեցություն
Թուրքական Անթալիան, որը դեռևս մեկ տարի առաջ ամենահայտնի և ծաղկող զբոսաշրջային վայրն էր աշխարհում, սարսափով է դիմավորում նոր սեզոնը: Առևտրի և կոմերցիայի պաալատը որոշ ժամանակ առաջ աղետալի թվեր է հրապարակել «Ռուսական սանկցիաների ազդեցությունը Անթալիայի տնտեսության վրա և առաջարկվող միջոցառումները» հաշվետվությունում:
Համաձայն այդ փաստաթղթի, Անթալիայի եկամուտների 1/3 մասը այսպես, թե այնպես կապված էին Ռուսաստանի հետ, իսկ շրջանի մթերքի 2/3-ն արտահանվում էր Ռուսաստան:
Թուրքիայի օդային տարածքը հատած ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպը, որը խոցվել էր անցած տարվա նոյեմբերին, և դրան հետևած ռուսական պատժամիջոցներն այժմ կրճատել են Անթալիա մեկնող ռուս զբոսաշրջիկների թիվը 18%-ով: Եկամուտների ուղղակի կրճատմանը զուգահեռ, շրջանի տնտեսությանն ուժեղ հարված հասցրեց նաև գների զանգվածային իջեցումը, որը կիրառել են զբոսաշրջային համալիրների տերերը զբոսաշրջիկ ներգրավելու նպատակով:
Անթալիայի առևտրի և կոմերցիայի պալատը հետագա զարգացումների չորս սցենար է մշակել: Դրանցից երեքի համաձայն, Անթալիայի բյուջեն այս տարի 1-9 մլրդ դոլար վնաս կկրի:
Սցենար առաջին՝ վատթարագույն
Անթալիան ամբողջությամբ կկորցնի ռուսական շուկան՝ մոտ 3.5 մլն զբոսաշրջիկների: Բյուջեին հասցված վնասը կկազմի մինչև 5 մլրդ դոլար, ինչը ընդհանուր 8-9 մլրդ դոլարի վնաս կհասցնի տնտեսությանը:
Սցենար երկրորդ՝ չափավոր
Անթալիան կկորցնի ռուսական շուկայի 90%-ը: Շրջանի վնասը կկազմի 3 մլրդ դոլար:
Սցենար երրորդ՝ լավատեսական
Անթալիան կկորցնի ռուսական շուկայի միայն կեսը և կկորցնի մոտ 1 մլրդ դոլար:
Սցենար չորրորդ՝ քիչ հավանական
Ռուսաստանը կհանի պատժամիջոցներն, ինչը վերջ կդնի շրջանի ճգնաժամին: Կավարտվի քաղաքացիական պատերազմը Սիրիայում: Կվերականգնվեն եվրոպական շուկաները:
Գործողությունների պլան
Վերջին սցենարը թուրքական խորհրդարանում ամենաքիչն են դիտարկում, այդ պատճառով էլ բոլոր մշակվող պլանները կապված են Ռուսաստանի պատժամիջոցների վնասը մեղմելու փորձերի հետ:
Ծրագրերից մեկը, որի մասին գրում են թուրքական լրատվամիջոցները, «Էքսպո 2016» զբոսաշրջության ցուցահանդեսի անցկացումն է, որը լավ հնարավորություն կտա գովազդելու հանգստավայրը ռուսական շուկայից դուրս: Շեշտը դրվում է Չինաստանի և Հնդկաստանի շուկաների վրա:
Մեկ այլ ծրագրի համաձայն, Անթալիայում պետք է անցկացնել այնպիսի աստղերի համերգներ, ինչպիսիք են Մադոննան, Ջենիֆեր Լոպեսն ու Ջասթին Բիբերը:
JAMnews-ի դոսյե
Թուրքական կառավարական աղբյուրների տվյալներով, Թուրքիայի տնտեսությունը կապված է Ռւոսաստանի հետ հետևյալ ոլորտներում:
Ներկրում
Ռուսաստանը Թուրքիայի հիմնական էներգամատակարարներից է: Թուրքիայի սպառած բնական գազի 56 տոկոսը ռուսական է: Ռուսաստանից Թուրքիա է ներկրվում նաև երկրում սպառվող նավթի մի մասը (ինչպես նաև մետաղներն ու հատիկավոր կուլտուրաները) Ռուսաստանից ներկրվող գազի և նավթի գինը 2014թ.-ին կազմել է երկրի ՀՆԱ 2,1%-ը:
Արտահանում
Ռուսաստանը Թուրքիայից ապրանք ներկրող երկրների ցուցակում յոթերոդն է, այստեղից են գալիս բնամթերքը, տեքստիլը, տրանսպորտն ու տեխնիկան: 2014թ. Թուրքիայից Ռուսաստան ներկրված արտադրանքը կազմել է Թուրքիայի արտահանման 3,8 %-ը՝ ՀՆԱ 0.7%-ը:
Զբոսաշրջություն
Թուրքիա այցելած 37 մլն զբոսաշրջիկների 12.2 %-ը Ռուսաստանի քաղաքացիներ են: Նրանց մասնաբաժինը երկրի եկամտում մոտ 3 մլրդ դոլար է, ինչը կազմում է ՀՆԱ 0.3-0.4%:
Թուրքական բիզնեսը Ռուսաստանում
Թուրքական ընկերությունները Ռուսաստանում բավականին մեծ նախագծեր են իրականացնում, հատկապես շինարարական բիզնեսում: Նմանատիպ նախագծերի ընդհանուր ծավալը վերջին 3 տարիների ընթացքում կազմել է 12 մլրդ դոլար: Բացի այդ, Ռուսաստանում են աշխատում Թուրքիայի 87 հազ. քաղաքացի, որոնցից 55 հազարը՝ շինարարական բիզնեսում:
Ռուսական ներդրումները Թուրքիայում
2014թ.-ի տվյալներով Ռուսաստանը թուրքական տնտեսության չորրորդ խոշոր ներդրողն է: Ռուսական ներդրումները Թուրքիայում այդ ժամանակ կազմել են մոտ 730 մլն դոլար, ինչը կազմում է Թուրքիայի ՀՆԱ 0.1%:
Բանկերը
Թուրքիայի և Ռուսաստանի միջև աննշան կապեր կան բանկային հատվածում: «Ռուսաստանի Սբերբանկը» Թուրքիայի մեծությամբ 8-րդ «Դենիզբանկի» սեփականատերն է: 5 թուրքական բանկեր դուստր բանկեր ունեն Ռուսաստանում, սակայն դրանց ակտիվները ռուսական շուկայում բավականին քիչ են:
Թուրքիայի հանդեպ ռուսական պատժամիջոցների ցուցակը (2015թ. նոյեմբերից)
• Արգելվել է Թուրքիայից մթերքի ներկրումը:
• Սահմանափակվել է թուրքական ընկերությունների գործունեությունը Ռուսաստանում (չնայած այս սահմանափակումը չի ազդում արդեն տարվող շինարարական աշխատանքների վրա):
• Արգելվել է Թուրքիայի քաղաքացիներին Ռուսաստանի տարածքում աշխատանքի տեղավորելը (սակայն այս սահմանափակումը չի անդրադառնում Ռուսաստանում արդեն աշխատող Թուրքիայի քաղաքացիների վրա):
• Փակվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև չարտերային չվերթները:
• Ռուսաստանի կառավարությունը հորդորել է ռուսական զբոսաշրջային գործակալություններին Ռուսաստանի քաղաքացիներին Թուրքիայում հանգիստ չառաջարկել:
• Միջազգային տրանսպորտային ընկերություններին արգելել են համագործակցել թուրքական ընկերությունների հետ:
• Դադարեցվել են տնտեսական համագործակցության ծրագրերն ու երկու երկրներում հանձնաժողովների նիստեր անցկացնելը:
ՎԶԵԲ կանխատեսմամբ, եթե երկու երկրների միջև առկա կոնֆլիկտը չլուծվի, Թուրքիան չի կարող կրճատել Ռուսաստանից կախում ունեցող տնտեսական ոլորտների թիվը, իսկ Թուրքիայի ՀՆԱ աճի կրճատումը 2016թ. կարող է հասնել 0,3-0,7%:
Թուրքական լրատվամիջոցների նյութերի հիման վրա, մասնավորապես՝ Hurriyet Daily թերթի և կառավարական աղբյուրների:
Լուսանկարը՝ Անտալիայի առևտրի պալատի պաշտոնական կայքից: Անտալիա, Քոնյալթի շրջան
Հրապարակվել է 19.04.2016