«ՀՀ-ն ունի իր օդանավակայանը վերահսկելու կարողություն». ԱԽ քարտուղար
Ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում
«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս գալու մասին Հայաստանը հստակ դիրքորոշում ունի»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա նշել է, որ Երևանն այդ մասին տեղյակ է պահել ռուսական կողմին «պաշտոնական նամակով»:
«Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայությունը»,- շեշտել է նա:
Գրիգորյանն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին առնչվող այլ հարցերի, մասնավորապես՝ ՀԱՊԿ ռազմական դաշինքին ՀՀ անդամակցությանն ու զենքի մատակարարումներին:
Հայաստանն ունի իր տարածքը վերահսկելու «ամբողջական կարողություն»
ԱԽ քարտուղարի փոխանցմամբ՝ Հայաստանն անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռք բերել: Կարծում է՝ այս պահին երկիրն ունի օդանավակայանում վերահսկողություն իրականացնելու «ամբողջական կարողություն»:
Պաշտոնյան խոսել է նաև ՌԴ-ից զենքի մատակարարումների մասին: Տեղեկացրել է՝ ռազմական տեխնիկայի ձեռքբերումը Ռուսաստանից 96%-ից իջել է 10%-ից էլ ցածր մակարդակի.
«Սա նշանակում է, որ Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիայի քաղաքականություն, գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արևմուտքում, այլև Ասիայում, Հնդկաստանում և տարբեր ուղղություններում»:
Ընդ որում, ըստ Գրիգորյանի, Երևանը անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիայի քաղաքականություն է իրականացնում այն ֆոնին, երբ «առնվազն մինչև 2021 թ. դեկտեմբեր իր անվտանգության բոլոր երաշխիքները գրեթե 100 տոկոսով փոխկապակցել էր Ռուսաստանի հետ։ Եվ դա չօգնեց դաշնակից Հայաստանին, երբ երկիրը կանգնած էր անվտանգային սպառնալիքի առաջ»։ ԱԽ քարտուղարը նկատի ունի 2021 թ․ մայիսին և 2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական զորքերի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք:
«Ռուսաստանը շատերի հետ վատ հարաբերությունների մեջ է»
Անվտանգության խորհրդի քարտուղարից լրագրողները հետաքրքրվել են՝ Հայաստանը պատրաստվո՞ւմ է լքել ՌԴ հովանու ներքո գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքը: Հարցին, սակայն, կոնկրետ պատասխան չեն ստացել: Արմեն Գրիգորյանն ասել է, թե պետք է ՀԱՊԿ-ից հարցնել՝ ինչպիսին կլինեն հարաբերությունները:
Հիշեցրել է՝ Հայաստանն ակնկալում է, որ Մոսկվան և մյուս դաշնակիցները հստակեցնեն իրենց դիրքորոշումը ՀԱՊԿ պատասխանատվության գոտու, այն է՝ ՀՀ տարածքի և սահմանների վերաբերյալ.
«Մենք պնդել ենք, որ ՀՀ-ն սահման ունի Ադրբեջանի հետ, ՀԱՊԿ-ը պնդել է, որ չունի, և նույնիսկ չի դատապարտել Հայաստանի տարածքի օկուպացիան»:
Կառույցն, ըստ նրա, պետք է հասցեագրի այդ հարցը, որպեսզի այն չմնա օդում կախված: Գրիգորյանի դիտարկմամբ՝ հաճախ հայկական կողմին են մեղադրում հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մեջ։ Սակայն մեծ պատկերի մեջ նայելու դեպքում տեսանելի է, որ «Հայաստանի նման օրինակները շատ են»: Շեշտել է՝ եթե մեկը շատերի հետ վատ հարաբերությունների մեջ է, մեղավորությունը հենց նրա մեջ է պետք փնտրել:
«Արևմուտքից որևէ պարտադրանք չկա: ՌԴ հետ հարաբերությունները Հայաստանից ոչ մեկ չի փչացրել»,- հայտարարել է պաշտոնյան:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում