Ռուս խաղաղապահներն Արցախում՝ առանց մանդատի՞։ Ադրբեջանը դժգոհում է
Ադրբեջանում շարունակվում են քննարկումները լրացուցիչ իրավաբանական մեխանիզմների շուրջ, որոնք կապված են Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հետ։ Հայաստանում հետևում են այդ գործընթացին։ Երկու երկրների պաշտոնյաներն ու փորձագետները այս հարցով մեծապես տարբերվող կարծիքներ են արտահայտում (տե՛ս ստորև)։
2021 թ-ի սեպտեմբերի 6-ին ուղիղ 300 օր է անցել այն օրվանից, երբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են եռակողմ հայտարարությունը, որը վերջակետ դրեց Արցախյան երկրորդ պատերազմին (2020 թ-ի սեպտեմբերի 27 — նոյեմբերի 10)։ Այս փաստաթղթի ստորագրումից հետո Արցախ են մտել ռուս խաղաղապահները։
Ադրբեջանի քաղաքագետներն ու փորձագետները վերջին ամիսներին բազմիցս հայտարարել են, որ ռուս խաղաղապահներն իրավաբանական հիմքեր չունեն երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքներում գտնվելու համար։
Այս հարցը նույնիսկ Ադրբեջանի խորհրդարանում չի քննարկվել։ 2021 թ-ի սեպտեմբերի 6-ին այս խնդրի մասին հրապարակավ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ըստ փորձագետների՝ այդ կերպ պաշտոնական Բաքուն իր դժգոհությունն է հայտնում ստեղծված իրադրության վերաբերյալ։
- Ի՞նչ է ձգտում ստանալ Ադրբեջանը Հայաստանից, ինչո՞ւ են մեղադրանքներ հնչում Ռուսաստանի հասցեին
- Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները․ Բաքուն արգելափակեց Հայաստանի հարավը
- Հաղորդակցության ապաարգելափակում․ նոր հնարավորություննե՞ր Հայաստանի համար, թե՞ անվտանգության սպառնալիքներ
Ի՞նչ է ասել Հաջիևը, ի՞նչ են կարծում Երևանի և Բաքվի փորձագետները
Ի՞նչ է ասել Հիքմեթ Հաջիևը
Նախօրեին այս մասին առաջին անգամ է խոսել Ադրբեջանի իշխանությունը։ Բի-Բի-Սիին տված հարցազրույցում երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նշել է, որ ներկա պահին «շարունակվում են որոշակի քննարկումները ռուս խաղաղապահների մանդատի առնչությամբ իրավաբանական մեխանիզմների շուրջ»։
Հաջիևի խոսքով՝ 2020 թ-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն «Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների ներկայության համար քաղաքական և որոշակի առումով իրավաբանական շրջանակներ» է սահմանել։
«Ողջ Ղարաբաղն Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և, 2020 թ-ի նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն, խաղաղապահ ուժերը ժամանակավորապես տեղակայված են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի որոշակի հատվածում», — հայտարարել է Հաջիևը։
«Մեր առջև կանգնած գլխավոր հարցն ազատագրված տարածքների վերականգնման, վերակառուցման աշխատանքներն են։ Վերջին 30-40 տարում ողջ աշխարհում ոչ մի երկրի առջև այսքան մեծամասշտաբ հարց դրված չի եղել», — հավելել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Մեկնաբանություն Բաքվից
Ադրբեջանցի քաղաքական վերլուծաան Աղշին Քերիմովի խոսքով՝ Հիքմեթ Հաջիևի հայտարարության միջոցով Ադրբեջանը դիվանագիտական ձևով իր դժգոհությունն է հայտնել Արցախում ռուս խաղաղապահների գործողությունների առնչությամբ։
«Ժամանակ առ ժամանակ խաղաղապահները դուրս են գալիս իրենց գործառույթների և յուրօրինակ մանդատի շրջանակից, որով օժտված են 2020 թ-ի նոյեմբերի 10-ի հայտարարությամբ։ Նրանք կարծես «լրացուցիչ ծառայողական պարտականություններ» են ստեղծում իրենց համար, կատարում դրանք կամ փորձում կատարել։
Բաքվին անհանգստացնում են այդ գործողությունները, և մինչ այս նա տարբեր ձևերով իր դժգոհությունը հայտնել է։
Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը ժամանակային առումով համընկել է Ադրբեջանի արտգործնախարարության բողողքի հետ, որը կապված էր ՌԴ պետական պորտալում Արցախում տեղակայված ռուս խաղաղապաներին անհրաժեշտ ծառայություններով ապահովման առթիվ տենդերային հայտարարության տեղադրման հետ։ Այդ հայտարարությունում նրանց տեղակայման վայրը նշվել է որպես «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»։
Ըստ ամենայնի՝ սա լցրել է ադրբեջանական իշխանության համբերության բաժակը, ու այն սկսել է խոսել խաղաղապահների տեղակայման իրավաբանական կողմերի մասին՝ նրանց իրենց տեղը ցույց տալու համար», — նշել է Քերիմովը։
Ըստ վերլուծաբանի՝ պատահական չէ, որ Հաջիևն իր հարցազրույցում ընդգծել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման ժամանակավոր բնույթը։
«Խաղաղապահների լրացուցիչ իրավաբանական պարտավորությունները, որոնց մասին խոսում է պաշտոնական Բաքուն, ենթադրում է Ղարաբաղում զինծառայողների գործողությունների տեսակների հստակեցում, ինչպես նաև խաղաղապահ կոնտինգենտի կողմից Ադրբեջանի տարածքում ապօրինի հայկական զինված կազմավորումների գործողությունների խթանման հնարավորության բացառում։
Այդպիսով, Ադրբեջանը ռուս խաղաղապահների պարտավորությունները կտեղավորի միջազգային իրավաբանական շրջանակներում։ Իսկ դա կարագացնի մյուս հարցերի լուծումը, որոնք մինչ օրս դեռ բաց են», — նշել է փորձագետը։
Մեկնաբանություն Երևանից
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Ալիևի գլխավոր մտահոգությունն այն է, որ ռուսները կարող են Արցախում ռազմական ներկայության հարցը լեգիտիմացնել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ պայմանավորվածությամբ․
«Ադրբեջանի՝ ռուս խաղաղապահների մանդատի չստորագրելն ունի իրավական կշիռ, բայց այդ իրավական կշռի օգգ-ն կախված է դե ֆակտո քաղաքական կշռից: Իսկ դե ֆակտո քաղաքական կշիռ այն կարող է ունենալ, եթե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան մերժում են ռուսների ներկայության լեգիտիմությունը: Բայց, այստեղ կան պրոցեսներ ու նշաններ, որ միտումը հակառակն է: Եվ դա է, որ մտահոգում է Բաքվին:
Այլապես, ռուսները գրել են ԼՂՀ, թե չեն գրել, սա չէ բուն էությունը: Կարող էին չգրել, կարող էր լինել տեխնիկական վրիպակ: Մի քանի շաբաթ և նույնիսկ ամիս է, որ խոսում են համանախագահ եռյակի շրջանակում տեղի ունեցող քննարկումների կապակցությամբ Բաքվի մտահոգությունից»։
Դրան զուգահեռ, ինչպես նշում է Հակոբ Բադալյանը, Արցախի հարցում Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիան զգալիորեն կարող է կորցրած լինել «մոտիվացիան» ու չխանգարել եռանախագահների համաձայնությանը, եթե կարողանա «չխանգարելու» դիմաց իր համար ստանալ որոշակի «բոնուսներ», ընդ որում հնարավոր է նաև՝ Կովկասից դուրս այլ հարցերի առնչությամբ․
«Թուրքիան պատերազմով հասել է Կովկասում իր համար առանցքային խնդիրներին, վերցրել է Ադրբեջանը, հաստատվել է ռազմական առումով, քաղաքական առումով: Միաժամանակ նկատելի է, որ Էրդողանը կարող է «դադար» տալ լայն իմաստով, որովհետև զգալիորեն մեծանում է տնտեսական կարողությունների և աշխարհաքաղաքական հավակնությունների միջև ճաքը: Ի դեպ, նաև այդ համատեքստում է պետք դիտարկել Հայաստանի վերաբերյալ վերջին հայտարարությունները [խոսքը հարաբերությունների նորմալացման մասին է]։
Այս իրողությունները Ալիևի համար խիստ մտահոգիչ են, որովհետև իքս պահի կարող են բյուրեղանալ այնքան, որ լրջագույն խնդիրներ առաջացնեն արդեն Ադրբեջանի ներսում իշխանության [պահպանման] իմաստով:
Միաժամանակ, այդպիսի վիճակում հայտնված կամ հայտնվող Ալիևը Հայաստանի համար պետք է լինի առավել զգոնանալու պատճառ»։