Ռուս դիվանագետը Թբիլիսիին խորհուրդ է տալիս կողմնորոշվել. կամ կայունություն Կովկասում, կամ ՆԱՏՕ
Փետրվարի 27-ին Պրահայում տեղի ունեցավ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ:
Փակ դռների հետևում երեք ժամ տևած հանդիպումից առաջ ու հետո արված հայտարարությունները հատկապես սկանդալային էին:
Կարասինը, մասնավորապես, Թբիլիսիին զգուշացրել է, որ Կովկասում ՆԱՏՕ-ի ամրապնդմանը կհաջորդեն «տհաճ անակնկալներ»: Ռուս դիվանագետը զուգահեռ է անցկացրել Ուկրաինայի հետ:
Կարասինի հայտարարությունը մեծ արձագանք է գտել Վրաստանում: Նրա խոսքը ընկալվել է որպես ուղղակի սպառնալիք:
______
Սպառնալիք առաջին. «Տհաճ անակնկալներ»
Նախքան Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպումը Գրիգորի Կարասինը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանն ասել է, որ ինքը ցանկանում է վրացի գործընկերներին զգուշացնել «տհաճ անակնկալների» մասին:
[toggle title=”Տեղեկություն JAMnews-ից. ի՞նչ է նշանակում Աբաշիձե-Կարասին ձևաչափը (ընթերցելու համար անցեք հղումով)“]
Վրաստանում 2012թ. «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո վերսկսվեց ուղղակի երկխոսությունը Ռուսաստանի հետ, որն ընդհատվել էր մի քանի տարի առաջ: Կառավարության նախկին ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հիմնեց վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ հանձնակատարի պաշտոն և այն հանձնեց պրոֆեսիոնալ դիվանագետ Զուրաբ Աբաշիձեին, որը ժամանակին գլխավոում էր Ռուսաստանում Վրաստանի դիվանագիտական առաքելությունը:
Հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց ուղղակի բանակցությունների նոր ձևաչափ: Այդ ձևաչափի շրջանակում պարբերաբար հանդիպում են Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Նրանք քննարկում են տնտեսական, մարդասիրական, մշակութային հարցեր: Հենց «Կարասին-Աբաշիձե» ձևաչափի շրջանակում է ձեռք բերվել 2013թ. համաձայնագիրը՝ վրացական մթերքի (միրգ, բանջարեղեն, գինի, հանքային ջուր) արտահանումը Ռուսաստան վերականգնելու մասին: Վերականգնել են պարբերաբար իրականացվող ավիաչվերթները:
Ռուսաստանի հետ ուղղակի երկխոսությունն ընդհատվել էր 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո, քանի որ այդ ժամանակվա երկրի ղեկավարությունը կարծում էր, որ ագրեսորի հետ, ինչպիսին հանդիսանում է Ռուսաստանը, կարելի է բանակցություններ վարել միայն միջազգային դիտորդների մասնակցությամբ:
2008թ. պատերազմից հետո միակ ձևաչափը, որով շփվում էին Ռուսաստանն ու Վրաստանը, Ժնևի բանակցություններն էին, որոնք տեղի էին ունենում միջազգային դիտորդների միջնորդությամբ:
[/toggle]
«Պետք է ձգտել զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում և զերծ պահել մեր վրացի գործընկերներին տհաճ անակնկալներից»,- ասել է Կարասինը «Ազատության» հետ զրույցում:
Սպառնալիք երկրորդ. Թբիլիսին պետք է կողմնորոշվի. կամ հանգստություն տարածաշրջանում, կամ ՆԱՏՕ
«Թբիլիսին պետք է կողմնորոշվի. կամ այստեղ ընտրում են Հարավային Կովկասում տարածաշրջանային բարօրություն, կամ եվրատլատնյան օրակարգ: Դա միաժամանակ անելը դժվար է և հղի ամենավտանգավոր հետևանքներով»,- ասել է Կարասինը ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում հաճախակիացել են վրացի քաղաքական գործիչների կտրուկ հայտարարությունները՝ սկսած նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից, վարչապետ Մամուկա Բախտաձեից և արտգործնախարար Դավիթ Զալկալիանիից:
«Նրանք խոսում են ՆԱՏՕ-ում արագացված շարժման մասին, ամբողջ ժողովրդավարական Եվրոպայում այսպես կոչված ռուսական սպառնալքի մասին: Բնականաբար, դա մեզ տհաճ է: Դա չի նպաստում Ռուսաստանի և Վրաստանի հարաբերություններում փոխադարձ մերձեցման մթնոլորտի ամրապնդմանը»,- ասել է նա:
Սպառնալիք երրորդ. հիշում ենք՝ ինչից են սկսվել Ուկրաինայի խնդիրները
«Կոմերսանտի» հետ զրույցում Կարասինը Թբիլիսիին և վրացի քաղաքական գործիչներին հիշեցրել է, որ Ուկրաինայի խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ այդ երկրի քաղաքական գործիչների հռետորաբանության մեջ ակտիվացավ ՆԱՏՕ-ի թեման:
«Հասկանալի է, որ եթե Հարավային Կովկասում զարգանա ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը, վաղ թե ուշ դա կհանգեցնի խնդիրների: Մենք երկուսս էլ հասկանում ենք՝ ինչից են սկսվել Ուկրաինայի խնդիրները: Սա բացարձակ նույն իրավիճակն է»,- ասել է ռուս դիվանագետը: