Հայաստանում որոնում են Ռուսաստանի լրտեսներին․ հետաքննվում են «Դոսյե» կենտրոնի հրապարակած փաստերը
Ռուսական «Դոսյե» կենտրոնը սկանդալային հոդված է հրապարակել գործակալների մասին, որոնք «ներկայացված են Հայաստանի գրեթե բոլոր կառույցներում և տեղեկատվություն են փոխանցում Ռուսաստան։
Կենտրոնը ֆինանսավորում է Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ գործարարներից մեկը, Կրեմլի քննադատ, ներկայիս էմիգրանտ Միխայիլ Խոդորկովսկին։
Հոդվածում այնպիսի մարդկանց անուններ են նշվում, ինչպիսիք են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ և գործարար Գագիկ Ծառուկյանը։
Ընդ որում, հետաքննության մեջ ասվում է, որ «Ռուսաստանի ընկերները» լրտեսական մերկացումներից չպետք է վախենան, քանի որ «Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը վաղուց են «Լյուբյանկայի մասնաճյուղ» անվանում»։
Հայաստանի ԱԱԾ ղեկավարը հայտարարել է, որ հոդվածն արդեն ուսումնասիրվում է։ Ըստ Արգիշտի Քյարամյանի՝ շուտով «քրեաիրավական գնահատական կտրվի հետաքննության մեջ առկա բոլոր փաստերին»։
Բոլոր մանրամասները, թե ովքեր են հիշատակվում հետազոտությունում, ով է «Բորոդա»-ն Երևանից և ինչի համար է հայկական ընդդիմությունը մեղադրում Ազգային անվտանգության ծառայությանը։
•Կարծիք․ ո՞վ է սրացում սադրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Արդյո՞ք դա կարող էր Ռուսաստանը լինել
Անուններ, գաղտնաբառեր, բացահայտումներ
«Դոսյե» կենտրոնի հոդվածում խոսվում է այն մասին, որ Ռուսաստանի նախագահի վարչակազմն ուշադիր հետևում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամեն քայլին։ Եվ նա այստեղ կարճ մականուն ունի՝ «Բորոդա» (Մորուք)։
Հետաքննության հեղինակներն ուումնասիրել են Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության գեներալ Վլադիմիր Չեռնովի քարտուղարության փաստաթղթերը։ Թե ինչպես են դրանք հայթայթել կենտրոնը, հոդվածում չի նշվում։
Հայտնի է միայն, որ Չեռնովը, լինելով խորհրդային տարիներին ՊԱԿ սպա, 2012 թ-ից գլխավորում է Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչությունը։
«Իրականում այդ կառույցը ստեղծվել է «ԱՊՀ տարածքում գունավոր հեղափոխությունների դեմ պայքարի և Ռուսաստանի շահերի առաջխաղացման համար․․․ Առավել մեծ հաջողությունների է հասել գեներալը Հայաստանում, որտեղ «Ռուսաստանի ընկերների» մի ամբողջ ցանց է գործում՝ ինչպես բաց, այնպես էլ հույժ գաղտնի», — գրում է «Դոսյեն»։
Հետաքննության հեղինակները պնդում են, որ «Ռուսաստանի այդ ընկերները» ներկայացված են գրեթե բոլոր պետական կառույցներում՝ կառավարությունում, խորհրրանում, հատուկ ծառայություններում, ԱԳՆ-ում։ Իսկ 2018 թ-ի «թավշյա հեղափոխությունից» հետո գեներալ Չեռնովի ենթակաների առանձնահատուկ վերահսկողության տակ է հայտնվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին նրանք ներկայացնում են որպես «Սորոսի հիմնադրամի դրածո»։
«Մինչև օգոստոս, ինչպես խոստացել էր Միշան, Նիկոլին չկարողացան չեզոքացնել։ Այժմ, ըստ ամենայնի, կոշտ սցենար է գործարկվելու, — զեկուցում է ոմն Սվետլանա Մաքսիմովա։ — Կամ ստացվում է՝ Փաշինյանը բեսպրեդելշչիկ է․․․ դե, դե, սպասենք, տեսնենք, թե ինչպես է սայթաքում։ Եվ շնորհակալություն կհայտնենք, որ արևմտամետ միանգամից այդքան ձրիակերների ջրի երես հանեց», — մեջբերում է «Դոսյեն»։
Մաքսիմովան միակ գործակալը չէ, որը Հայաստանի վարչապետի վերաբերյալ կոմպրոմատ է ուղարկում, ասված է հետաքննությունում։ Երկրորդ աղբյուր էլ կա՝ «Կանդիդատ» (Թեկնածու) օպերատիվ մականունով։
«Փաշինյանը խուսափում է հետխորհրդային միասնականությունից։ Նա նույնիսկ Հաղթանակի շքերթին Մոսկվա չեկավ՝ անհարկի վկայակոչելով կորոնավիրոսի հետ կապված խնդիրները։ Ռուսաստանից հեռվանալու կուրսը բնորոշ է Փաշինյանին։ Ավելին, նրա պաշտոնավարման տարիներին իշխանության են եկել ամերիկամետ քաղաքական գործիչներ, որոնք կասկածվում են ԱՄՆ հետ կապերի մեջ», — ասված է «Թեկնածուի» «հաղորդագորւթյուններից» մեկում։
Ռուսաստանի գլխավոր գործակալներից և «ընկերներից» մեկն, ըստ «Դոսյեի», ԱԱԾ նախկին ղեկավար Կարլոս Պետրոսյանն է։ Նա գերատեսչությունը գլխավորում էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։
Ըստ «Դոսյեի»՝ գեներալ-լեյտենանտ Պետրոսյանը 2004 թ-ի հրաժարականից անմիջապես հետո հատուկ կարգով ռուսական քաղաքացիություն է ստացել և այժմ բնակվում է Մոսկվայի Կոմպոզիտորների տանը, որտեղ 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան է գնել։
Բացի այդ, Պուտինի հրահանգով՝ նա ստացել է ՊԱԿ նախկին ամառանոցը մերձմոսկովյան Մալախովկայում։ Թե ինչ հատուկ ծառայությունների դիմաց՝ պարզ չէ, քանի որ ՌԴ նախագահի այդ որոշումը գաղտնի է եղել։
Գեներալ Չեռնովի թղթերի մեջ առկա է նաև ԲՀԿ-ի հիմնադիր և Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճենը։
«ԲՀԿ առաջնորդը հաճախ է Մոսկվայում լինում, 2019 թ-ի փետրվարին նրա կուսակցությունը «Միասնական Ռուսաստանի» հետ համագործակցության արձանագրություն է ստորագրել», — գրում է «Դոսյեն»։
Թե ինչպես և ինչու է Ծառուկյանի անձնագիրը հայտնվել և պահվել Ռուսաստանի Արտաքին հետախուզության գեներալի թղթապանակում, հետաքննությունում չի հստակեցվում։ Փոխարենը հոդվածում ընդգծվում է, որ «թավշյա հեղափոխության» ժամանակ Ծառուկյանը սատարել է Փաշինյանին, այնուհետև՝ դարձել գլխավոր ընդդիմադիրը և այդ օրվանից պահանջում է վարչապետի հրաժարականը։
ԱԱԾ արձագանքը
«Մենք այդ հրապարակումը դիտարկում ենք որպես հաղորդում հանցագործության մասին և դրան համապատասխան իրավական ընթացք ենք տալիս․․․ ԱԱԾ-ն՝ որպես իրավապահ կառույց, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու դրանում նկարագրված ցանկացած փաստի», — հայտարարել է Հայաստանի ԱԱԾ ղեկավարը։
Ըստ Արգիշտի Քյարամյանի՝ քրեական գործ դեռևս չի հարուցվել։
Կառույցում լյուստրացիա անցկացնելու հնարավորության մասին լրագրողների հարցին ԱԱԾ պետը պատասխանել է․
«ԱԱԾ-ում կան շատ պատվախնդիր սպաներ, որոնք իրենց աշխատանքը կատարում են՝ ի բարօրություն Հայաստան աշխարհի, և, բնականաբար, ինչպես բոլոր մնացած կառույցներում, կան անձինք, որոնք բնականոն գործընթացի արդյունքում պետք է լքեն ԱԱԾ շարքերը։ Պրոցեսը սկսվել է, և ես կցանկանայի, որ խոսքերս ճիշտ ընկալվեն։ Սա նորմալ գործընթաց է․ մարդիկ գալիս են, մարդիկ հեռանում են»։
Ինչի՞ց է դժգոհ ընդդիմությունը
Ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը կարծում է, որ որևէ խնդիր չէր լինի, «եթե ԱԱԾ-ն նույն ջանասիրությամբ զբաղվեր արտաքին սպառնալիքների բացահայտմամբ և կանխարգելմամբ, ինչպես գաղտնալսում է ընդդիմադիրներին»։
Նրա կուսակից Արման Աբովյանը հիշեցրել է, որ «Դոսյեն» ֆինանսավորում է ռուս ընդդիմադիր գործիչ Միխայիլ Խոդորկովսկին։ Նրա կարծիքով՝ «այն տվյալները, որոնք հաղորդվում են «Դոսյեում», ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պաասխաններ են տալիս»։