«Ալիևի պահանջի կատարում չէ»․ հայ քաղաքագետը՝ ԼՂ պետնախարարի ազատման մասին
Ռուբեն Վարդանյանը պաշտոնից ազատվեց
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ազատվել է պաշտոնից։ Ժամեր առաջ կայացած կառավարության նիստում Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ նման հրամանագիր է ստորագրել։ Պետական նախարարի պարտականությունները ստանձնելու է Արցախի գլխավոր դատախազը։
Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության թեման քննարկվում էր գրեթե երկու շաբաթ։ Քննարկումներն ակտիվացան մյունխենյան քննարկումներից հետո, որոնց ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիևը հերթական անգամ պնդել էր, թե «պատրաստ է բանակցել ԼՂ-ում ծնված և ապրած հայերի, այլ ոչ թե մաքսանենգ ճանապարհով ՌԴ-ից ներմուծված» Վարդանյանի հետ։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը Ալիևի պահանջի կատարում չէ, այլ Արցախի ներքաղաքական գործընթացների հետևանք։ Մյուս կողմից նկատում է՝ դժվար է դա մարդկանց ապացուցելը, քանի որ իրադարձությունների զարգացումը նրանց այլ բան է հուշում։ Ըստ նրա՝ եթե նույնիսկ պետնախարարին հեռացնելու որոշումն արդեն կայացված էր, պետք էր առնվազն մեկ-երկու ամիս սպասել։
Գործարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ ընդամենը մի քանի ամիս առաջ։ Օրեր առաջ էր ամփոփել իր գործունեության 100 օրը Արցախի պետնախարարի պաշտոնում։ Վարդանյանն ու իր համակիրները հնարավոր ազատման լուրերին արձագանքում էին՝ նշելով, որ ինքը՝ պետնախարարը, դիմում գրել չի պատրաստվում։ Նրա խորհրդական Մեսրոպ Առաքելյանը «Ազատության» եթերում հայտարարել է, որ ազատման դեպքում Վարդանյանը շարունակելու է ապրել և գործունեություն ծավալել Արցախում։
Թեման վերջին շաբաթներին ակտիվորեն քննարկում էր նաև Արցախի խորհրդարանական ընդդիմությունը՝ նշելով, որ եթե Վարդանյանը պաշտոնանկ արվի, դա կնշանակի, թե «Ադրբեջանի պահանջով, Հայաստանի իշխանությունների ճնշմամբ կատարվում են նման գործողություններ՝ հաշվի չառնելով Արցախի շահերը»:
Լեռնային Ղարաբաղի նախագահի աղմկահարույց հայտարարությունը Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելու և այդ որոշման հնարավոր պատճառների մասին, ինչպես նաև փորձագիտական կարծիք
Համատեղ աշխատանքի, բայց ոչ ազատման պատճառների մասին
Իր ելույթում Արցախի նախագահը բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը ԼՂ-ի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Նրա խոսքով՝ ինքն ու Վարդանյանը ամենօրյա ռեժիմով հետևել են ինչպես Արցախում, այնպես էլ արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, զարգացումներին, մշտապես մտքեր փոխանակել ստեղծված իրավիճակում լուծումների շուրջ:
«Ես շնորհակալ եմ պարոն Վարդանյանին այն բանի համար, որ ինչպես ընկերական, այնպես էլ գործընկերային հարաբերություններում նա մշտապես ձգտել է առավելագույն չափով ինձ հետ կիսել պատասխանատվությունը և ոչ թե սահմանադրական նորմերին հղում անելով՝ փորձել այն բարդել ինձ վրա»,— հայտարարել է Հարությունյանը։
Արցախի նախագահի փոխանցմամբ՝ Վարդանյանը «գիտակցումով և ըմբռնումով» է մոտեցել նաև Արցախում ստեղծված վիճակի ու հետագա բոլոր խնդիրների համար Հարությունյանի «անձնական պատասխանատվության ծավալին ու չափին»։
Թե որն է պետնախարարի ազատման պատճառը, արդյոք հարցը քննարկվել է Վարդանյանի հետ, թե ոչ՝ նախագահը չի հայտնել։
Ամիսներ առաջ հենց նրա առաջարկով ռուսաստանաբնակ գործարարը ստանձնեց պետնախարարի պաշտոնը։ Ադրբեջանական կողմը պնդում էր, թե նա ԼՂ է եկել Մոսկվայի հրամանով։ Ռուսական կողմը հերքում էր այս տեղեկությունը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ Վարդանյանի հեռացման գործում առաջնային գործոնը ոչ թե Ալիևի պահանջն էր, այլ Արցախի ներքաղաքական գործընթացները։
«Նախագահ Հարությունյանը անկայուն, ձեռագիր չունեցող պաշտոնյա է, և տարբեր ազդեցությունների տակ տարբեր կոնֆիգուրացիաների է դիմում։ Թող ինքը ասի՝ ո՞ւմ առաջարկով էր Վարդանյանին բերել Արցախ, ո՞ւմ առաջարկով հեռացրել»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է քաղաքագետը։
Միաժամանակ չի բացառում, որ Արցախի իշխանության՝ թույլ վիճակում գտնվելու պատճառով կարող էին լինել ճնշումներ, այդ թվում՝ Հայաստանից և Ադրբեջանից։
Նկատում է՝ այս զարգացումները ԼՂ-ում նոր չեն, առնվազն երկու ամիս շարունակվում են էլիտայում գոյություն ունեցող հակասությունները։
«Այս ամենի մեջ իրականում չունենալով լուրջ դերակատարություն, բայց PR և քարոզչության հարթության վրա դիվիդենտներ է շահելու Ադրբեջանը։ Ադրբեջանական քարոզչամեքենան Վարդանյանի պաշտոնանկությունը ներկայացնելու է որպես Արցախի ռեինտեգրացիային ուղղված քայլ»,- շեշտել է Սուրենյանցը։
Քաղաքագետը վստահեցնում է՝ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Մոսկվան առնչություն չունի ոչ Վարդանյանի նշանակման, ոչ էլ նրա ազատման հետ։
Անդրադառնալով հնչող կարծիքներին, թե նրա ներկայությունն Արցախում բարդացրել է կարգավորման գործընթացը՝ ասում է՝ այդ դեպքում խոսում ենք ոչ թե կարգավորման մասին, այլ Բաքվի և Ստեփանակերտի միջև ասիմետրիկ հարաբերությունների, Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելու փորձերի մասին։
Սուրենյանցից հետաքրքրվել ենք՝ որքանո՞վ է հավանական, որ Վարդանյանի հրաժարականը կապված լինի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» չտրամադրման հետ։ Նրա դիտարկմամբ՝ սա իշխանական պատգամավորի կողմից արված «անհեթեթ ձևակերպում» է, որն ունի վտանգավոր տրամաբանություն։
«Եթե մի անձի հրաժարականով պետք է դադարեն «Զանգեզուրի միջանցք» պահանջել, ուրեմն թող Փաշինյանն էլ հրաժարական տա, անկլավները չպահանջեն»,- նշել է նա։
Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ կողմ են Վարդանյանի հեռանալուն։
«Հիմա ասենք Ալիևը պահանջում է՝ «Զանգեզուրի միջանցքը տաք, նոր բացեմ», հիմա «Զանգեզուրի միջանցք» սարքենք տանք իրա՞նց, լավ ա, թե՞ Ռուբեն Վարդանյանին ասենք՝ «Ռուբեն ջան, գնա որտեղից եկել ես»: Իհարկե, եթե ամբողջ խնդիրը կապված է Ռուբենի այնտեղ չլինելուն, իհարկե, Ղարաբաղի իշխանությունները պետք է Ռուբենին ասեն՝ «դու արի էս պաշտոնից դուրս արի», — ասել էր Գագիկ Մելքոնյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռուբեն Վարդանյանը պաշտոնից ազատվեց