«Պետք է այրել կամուրջները Ռոբերտ Քոչարյանի հետ»․ ՀՀ ԱԺ փոխնախագահը ընտրությունների մասին
Ռուբեն Ռուբինյանը՝ օլիգարխներին դաշտից հեռացնելու մասին
«Ընտրությունը լինելու է հետևյալի վերաբերյալ՝ մարդիկ քվե են տալիս գործող իշխանությա՞նը, թե՞ քվե են տալիս Քոչարյանին [ՀՀ երկրորդ նախագահ] ու երկու օլիգարխներին՝ իրենց արբանյակների հետ միասին»,- Հայաստանում կայանալիք ընտրությունների մասին նման կարծիք է հայտնել խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Երկու օլիգարխներ ասելով Ռուբինյանը նկատի ունի գործարարներ Գագիկ Ծառուկյանին և Սամվել Կարապետյանին, որոնց գլխավորած ուժերը հայտարարել են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
Ռուբինյանը շեշտել է՝ դեմ չէ, որ ձայն ստանան «այլ ուժեր», բայց ոչ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու «երկու օլիգարխները»։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցչի փոխանցմամբ՝ նպատակաուղղված են ընտրություններից հետո ունենալ սահմանադրական մեծամասնություն:
«Պատկերացնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու երկու օլիգարխները, ընդհանրապես բոլոր օլիգարխները պետք է դուրս մղվեն քաղաքական դաշտից, խորհրդարանից»,- հայտարարել է նա։
Ռուբեն Ռուբինյանի համոզմամբ՝ Ազգային ժողովը վերջապես կդառնա «նորմալ քաղաքական բանավեճերի» հարթակ, եթե ընտրությունների ժամանակ հայ ժողովոււրդն «այրի բոլոր կամուրջները Քոչարյանի և օլիգարխների հետ»։
- «Հուսահատ կերպով հնացած են»․ Փաշինյանը՝ Քոչարյանի պատկերացումների մասին
- ՀՀ-ում քննարկում են սեքսի նախարարություն ստեղծելու մասին «նախընտրական հայտարարությունը»
- Փաշինյանը փոխո՞ւմ է իր կերպարը ընտրությունների նախաշեմին. BBC-ի հոդվածը
«Ընդդիմադիրները որոշել են տարանջատվել կեղծ կերպով»
Խորհրդարանի փոխխոսնակն ասել է՝ բոլոր տվյալները վկայում են այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիրը» վարկանիշով մի քանի անգամ գերազանցում է ցանկացած ընդդիմադիր ուժի: Կոնկրետ ուսումնասիրություններ, սակայն, Ռուբինյանը չի մատնանշել։
Լրագրողներին վստահեցրել է՝ իշխող թիմն անհանգստություններ չունի, պարզապես ուզում է, որ ժողովուրդն իմանա, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում․
«Նրանք պետք է իմանան, որ մեր ընդդիմադիր գործընկերները որոշել են տարանջատվել միմյանցից կեղծ կերպով: Օրինակ՝ մի ուժից մյուսը մարդ են գործուղում»։
Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է կոնկրետ օրինակներ նախկին պատգամավորների, որոնք եղել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սակայն այժմ համագործակցում են ընդդիմադիր այլ ուժերի հետ․
«Օրինակ՝ Արամ Վարդևանյանը սկզբում Քոչարյանի ուժի պատգամավորն ու Քոչարյանի փաստաբանն էր, հիմա ռուսաստանցի օլիգարխի [Սամվել Կարապետյանի] փաստաբանն ու նրա թիմի ներկայացուցիչն է: Անդրանիկ Թևանյանը սկզբում Քոչարյանի թիմի պատգամավոր էր, հիմա Ծառուկյանի մոտ է»։
«Խաղաղությունը՝ մեծագույն ռիսկի տակ»
Խորհրդարանի փոխխոսնակը նկատել է՝ ընտրությունների նախաշեմին մարդիկ պետք է դիտարկեն քաղաքական ուժերի ծրագրերը, ապագայի վերաբերյալ նրանց տեսլականը։ Խոսել է նաև ընդդիմադիր ուժերի իշխանության գալու դեպքում հնարավոր հետևանքների մասին․
«Քոչարյանի և երկու օլիգարխների ընտրությունն ու իշխանության գալը նշանակում է կոռուպցիայի վերադարձ, խաղաղության առնվազն մեծագույն ռիսկի տակ լինել»։
Ըստ Ռուբինյանի՝ երկրորդ նախագահն ու հարակից ընդդիմադիր ուժերը չպիտի գան իշխանություն, որպեսզի «երկիրը չվերածեն թալանի բույնի»։
Վերջին օրերին իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար ահազանգում են, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ընդդիմադիր ուժերի նպատակը «Գյումրի-2» իրականացնելն է։
Հիշեցնելով Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունները՝ ԱԺ փոխնախագահը նկատել է՝ ընտրվելուց ամիսներ անց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալկվեց կաշառք ստանալու մեղադրանքով։
2025 թ․-ի գարնանը Գյումրիում արտահերթ ընտրություններ էին կայացել։ Ոչ մի ուժ 50+1% ձայն չէր հավաքել։ Ամենաշատ ձայները ստացել էր ՔՊ-ն, սակայն ոչ ոք կոալիցիա չէր կազմել իշխող ուժի հետ։
Անցողիկ շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր ուժերից 3-ը՝ «Իմ քաղաքը» դաշինքը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը աջակցել էին Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Այդպիսով նա ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը։
Շեշտել է՝ եթե Ռոբերտ Քոչարյանն ու մյուս ընդդիմադիրները գան իշխանության ոչ ոք չի ձերբակալվի կաշառք ստանալու համար, քանի որ «չեն թողնի, որ իրավապահներն անեն իրենց գործը»՝ այնպես, ինչպես իրենց իշխանության տարիներին։
Ըստ Ռուբինյանի՝ Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս ձևավորել կոալիցիաներ և իշխանություն դառնալ, դա հանցագործություն չէ։ Մյուս կողմից նկատել է՝ «անպայման չէ, որ այն ամենն, ինչ հանցագործություն չէ, լավ բան լինի»։
«Մենք համարում ենք, որ Քոչարյանի և երկու օլիգարխների իշխանության գալը վատ բան է և դա պետք է կանխվի։ Ինչպե՞ս է պետք կանխել։ Մարդիկ Քոչարյանին և երկու օլիգարխներին պիտի տան զրո քվե։ Մենք տեսել ենք, թե նրանք ինչպիսի իշխանություն են, և ես կարծում եմ՝ մենք չենք ուզում նման իշխանության կրկնություն»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ռուբեն Ռուբինյանը՝ օլիգարխներին դաշտից հեռացնելու մասին