Ի՞նչ ապօրինի գույք ունի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ծագում ունեցող գույքը
Հայաստանի գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասով։ Պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, պարտատոմսեր, տրանսպորտային միջոցներ և այլն։ Մանրամասները խորհրդարանում ներկայացրել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Այս հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 2023 թվականի հոկտեմբերին։ Վերջին մի քանի նիստերի ընթացքում դատարանը քննարկում է պատասխանող կողմի ներկայացրած՝ հայցի վաղեմության միջնորդությունը։ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը պնդում է՝ պետք է այդ հիմքով ամբողջությամբ մերժել հայցադիմումը։ Դատական գործընթացը դեռևս շարունակվում է։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերը քննվում են Հակակոռուպցիոն դատարանում, որը «զրոյից ստեղծված դատական մարմին» է։ Այդ փաստը Մեհրաբյանին լավատեսություն է ներշնչում։
«Բացի այդ, գործընթացը նաև Սահմանադրական դատարան է մտել և վերջնականացել։ Հիմա շատ ավելի հարթ և արագընթաց ձևով առաջ կընթանա»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա՝ նկատի ունենալով բռնագանձման մասին օրենքը սահմանադրական ճանաչելու որոշումը։
Կարծում է՝ ՍԴ որոշումը շատ կարևոր հանգրվան էր, որը վերացրեց ընթացող գործընթացի թվացյալ ապօրինության մասին խոսակցությունները։
Այս տարվա ապրիլին ՍԴ-ն հրապարակեց որոշում, որով սահմանադրական ճանաչեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Օրենքի համաձայն՝ դատախազությունն իրավունք ունի ապօրինի որակել քաղաքացիների ունեցվածքն ու դիմել դատարան դրանք պետության օգտին բռնագանձելու հայցով։
Սահմանադրական դատարանը եզրահանգել էր՝ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը պաշտոնյան ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո, ինչպես նաև այն գույքը, որը կապ ունի հանցանքի հետ:
- «Ոտքի տակ կտամ ձեզ, ոչ թե կբանավիճեմ»․ Փաշինյանի ելույթն ու ընդդիմության արձագանքը
- Ամերիկյա՞ն, թե՞ թուրքական առաջարկ․ փաստեր և կարծիքներ Մեղրին ԼՂ-ով փոխանակելու մասին
- «Սահմանազատման դեմ շարժման հետևում ՌԴ-ն ու 5-րդ շարասյունն են»․ կարծիք
Բռնագանձման ենթակա ի՞նչ գույք ունի Քոչարյանը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի փոխանցմամբ՝ դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է երկրորդ նախագահից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
- 22 անշարժ գույք,
- 2 գույքի գնման իրավունք,
- ավելի քան 3 միլիոն դոլար,
- 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր,
- ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ,
- 15 իրավաբանական անձում մասնակցություն (այդ թվում՝ «Նաիրի Ինշուրանս», «Տոյոտա Երևան», «Թարգեթ գրուպ» և մի շարք այլ ընկերություններում),
- ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք,
- 2 տրանսպորտային միջոց,
- ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ,
- ավելի քան 20 մլրդ դրամ։
Հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի և նրա կնոջ՝ Բելլա Քոչարյանի, դստեր՝ Գայանե Քոչարյանի, վերջինիս ամուսնու՝ Վիգեն Չատինյանի, երկու որդիների՝ Լևոն ու Սեդրակ Քոչարյանների, նրանց կանանց՝ երգչուհի Սիրուշոյի (Սիրանուշ Քոչարյան) և Զարուհի Բադալյանի դեմ։
Դատական նիստեր՝ առանց նկարահանումների
Տարեսկզբից մինչ օրս բռնագանձման այս գործով մի քանի դատական նիստ է կայացել։ Դրանցում քննարկվող միակ հարցը եղել է պատասխանող կողմի՝ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից ներկայացված հայցի վաղեմության միջնորդությունը։
«Ուսումնասիրությունը սկսվել է 2020 թ․-ի հոկտեմբերի 8-ին, որի համար եռամյա ժամկետը լրանում է 2023 թ․-ի հոկտեմբերի 9-ին, որ օրն էլ, որ հայցադիմումը պատշաճ կերպով ներկայացվել է դատարան, մասնավորապես՝ փոստային եղանակով»,- պնդել է հայցվորի ներկայացուցիչ, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը։
Դեռևս հունվարի 20-ին կայացած նիստի ժամանակ նախագահող դատավոր Նարինե Ավագյանն արձանագրել էր՝ վաղեմության ժամկետ կիրառելու համար կիրառելի իրավական նորմը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 8-րդ հոդվածն է, որը բխում է Քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի առաջին մասի կարգավորումից։ Կարգավորման համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին։
Դատավորը հայցվոր և պատասխանող կողմերի միջև ապացուցման բեռը բաշխել է հետևյալ կերպ՝
- «Միջնորդություն ներկայացնողը (պատասխանողը) պետք է ապացուցի, որ ուսումնասիրությունը սկսվելուց հետո հայցը ներկայացվել է 3 տարի ժամկետի խախտմամբ, այն է՝ 2020 թ․-ի հոկտեմբերի 11-ին։
- Հայցվորը պետք է ապացուցի, որ հայցադիմումը ներկայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին որոշման կայացումից հետո՝ 3 տարվա շրջանակներում, այն է՝ 2023 թ․-ի հոկտեմբերի 9-ին»։
Հայցվորի ներկայացուցիչ, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը հաջորդող նիստերի ընթացքում ներկայացրել է փոստային անդորրագիր, դատարանից ստացված համապատասխան ծրարի պատճենները, «Հայփոստի» էլեկտրոնային հսկման համակարգով ծրարի կոդով արտահանված քաղվածքը, որով հաստատվում է՝ ծրարը հանձնվել է 2023 թ․-ի հոկտեմբերի 9-ին։ Այդ բոլորը դատարանը ճանաչել է որպես ապացույց։
Մարտ ամսին կայացած նիստի ընթացքում Քոչարյանի փաստաբանը ներկայացրել է միջնորդություն՝ որպես վկա «Հայփոստ»-ի աշխատակցին դատարան հրավիրելու վերաբերյալ։ Արամ Օրբելյանը պնդել է՝ նրան կարող են հայտնի լինել առաքանու հանձնման մանրամասները՝ երբ և ում կողմից է ծրարը (ծանուցումը) հանձնվել, կշռվել է, թե ոչ, դրա մեջ փաստաթղթեր եղել են, թե ոչ, եթե այո, ինչ փաստաթղթեր են եղել և այլն։
Հայցվորի մեկ այլ ներկայացուցիչ, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Արտաշես Հարությունյանի խոսքով՝ «Հայփոստը» արձանագրել է ՝ Գլխավոր դատախազության կողմից առաքանին փոստին հանձնվել է նույն օրը՝ հոկտեմբերի 9-ին։
Դատարանը մերժել է միջնորդությունը՝ նշելով, որ այն հիմնավոր չէ։ Գործընթացը շարունակվում է։ Նիստերն ընթանում են առանց տեսանկարահանման և լուսանկարահանման։ Պատասխանող կողմի ներկայացուցիչների պահանջն է։
Ի՞նչ ժամկետներ են սահմանված ուսումնասիրության համար
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ ուսումնասիրությունը կարող է տևել առավելագույնը երկու տարի, որն իրավասու մարմնի որոշմամբ կարող է երկարացվել մինչև մեկ տարի ժամկետով, մասնավորապես՝
- եթե դա պայմանավորված է միջազգային համագործակցության կարգով ուղարկված խնդրանքի կատարման
- կամ միջազգային համագործակցության կարգով ստացված տեղեկությունների հիման վրա գործողությունների կատարման անհրաժեշտությամբ։
«Սույն հոդվածով նախատեսված ժամկետների խախտմամբ ներկայացված հայցը համարվում է ներկայացված հայցային վաղեմության ժամկետի բացթողումով»,- ասված է օրենքում։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը չի ուզում կանխատեսումներ անել մի գործընթացի մասին, որը, ըստ նրա, բավականին ծավալուն է։ Ասում է՝ ծավալների մասին պատկերացում է տալիս տարբեր՝ շարժական, անշարժ գույքերի պատկառելի ցուցակը։
Մեհրաբյանի խոսքով՝ ՍԴ որոշումից հետո պետք է ակնկալել բռնագանձման գործընթացի արագացում, ինչպես նաև քաղաքական հետևանքներ։
Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ապօրինի գույք ունեցող պաշտոնյաների շահերը համահունչ են Հայաստանում Ռուսաստանի շահերին․
«Բռնագանձման գործընթացն էականորեն թուլացնելու է նաև ՌԴ ազդեցությունը ՀՀ ներսում։ Սա ևս շատ կարևոր էֆեկտ է, որ ունենալու ենք արդյունքում»։
Նրա փոխանցմամբ՝ խոսքն այն գործիչների մասին է, որոնք հովանավորվում են Մոսկվայի կողմից և հանդիսանում են ՌԴ «քաղաքական ակտիվները» ՀՀ ներսում։
Քաղաքագետը դատական համակարգում իրականացվող բարեփոխումները շատ վատ է գնահատում։
Կարծում է՝ դա պայմանավորված է նաև ՀՀ-ում իրավաբանական դպրոցի վիճակով։
«Առայժմ այդ դպրոցը մնում է Գագիկ Հարությունյանի [1996-2018 թթ․՝ Սահմանադրական դատարանամի նախագահ] և Աղվան Հովսեփյանի [2004-13 թթ․՝ ՀՀ գլխավոր դատախազ] իրավաբանության ժառանգորդն ու հոգեզավակը։ Իսկ դա իրավաբանություն չէ, այլ խուլիգանություն»,- նկատել է նա։
Ըստ Մեհրաբյանի՝ «սովետական շլեյֆը» պետք է դուրս բերվի համակարգի վրայից, ինչի համար սերնդափոխություն է պետք։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ծագում ունեցող գույքը