«Երևան-Բաքու բանակցությունները պետք է պահել տարածաշրջանում»․ կարծիք
Ռիչարդ Կիրակոսյանը հարցազրույցը
«Ես խաղաղության գործընթաց չեմ տեսնում։ Խաղաղություն չեմ տեսնում, ոչ էլ մեծ գործընթաց։ Սա թունավորված բանակցություն է, որտեղ Ադրբեջանն առավելապաշտական կեցվածք է որդեգրել և զիջումներ է պահանջում»,- հայտարարել է քաղաքական մեկնաբան Ռիչարդ Կիրակոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ Երևանը կարծում է, թե պետք է արձագանքի Բաքվի յուրաքանչյուր պահանջի, դա սխալ մոտեցում է։ Կիրակոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանի կողմից միակողմանի զիջումների ժամանակաշրջանը պետք է ավարտվի, Ադրբեջանն էլ պետք է դրանց դիմաց «ինչ-որ բան տա»։
«Ազատության» եթերում քաղաքական մեկնաբանը խոսել է Ղազախստանում հայ-ադրբեջանական բանակցություններ անցկացնելու առաջարկի, ԱՄՆ և ԵՄ-ի կողմից Երևանին առաջարկվող օգնության, նոր պատերազմի հավանականության և անհրաժեշտ քայլերի մասին։
Կարևոր դրվագները՝ հակիրճ
Ղազախստանն անկեղծ չէ
«Ղազախստան՝ Կենտրոնական Ասիա գնալը ՀՀ համար սխալ կլինի։ Քանի որ Թուրքիան այստեղ թաքնված աջակիցն է, կուլիսների գործընկերը, որն աջակցում է Ադրբեջանին՝ նպատակ ունենալով կապվել Կենտրոնական Ասիայի հետ պանթուրքիստական հարաբերություններով։
Ղազախստանն անկեղծ չէ, ոչ էլ վստահելի է՝ որպես հանդիպման վայր։ Ավելին, թե պատմական, թե աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ առաջ գնալու ամենաարդյունավետ ճանապարհը բանակցությունները հենց տարածաշրջանում պահելն է։
Խաղաղության համաձայնագրի ստորագրումն իրականում ամենահարմարը կլինի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Ներգրավեք Վրաստանը՝ որպես հավասարակշռող, բայց նաև տարածաշրջանային ինքնությունը վերականգնելու համար։
Ադրբեջանն ուզում է, որ ոչ մի երրորդ կողմ չներգրավվի, որպեսզի ինքը կարողանա առավելագույնի հասցնել ճնշումները ՀՀ վրա։
Հահաստանն ակնհայտորեն աջակցություն է փնտրում ԵՄ-ից, Արևմուտքից։ Թեև իրական առաջընթացը, որ ձեռք է բերվել, եղել է միայն հայ և ադրբեջանցի պաշտոնյաների միջև սահմանին բանակցությունների արդյունքում, կարծում եմ՝ անհրաժեշտություն կա ավելի հաճախակի և ավելի մեծ չափով ներգրավել Արևմուտքը, որպեսզի բալանսավորվի ուժերի և հավասարակշռության բացակայությունը։ Որպես թույլ կողմ՝ մենք չունենք լծակներ, հետևաբար, վերահավասարակշռման անհրաժեշտություն կա»։
Բաքվին թշնամի է պետք
«Ադրբեջանը մի շարք պահանջներ է առաջադրում, որոնցից շատերը ոչ միայն կեղծավոր ու անիրատեսական, այլև անլուրջ են, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ պնդումները, այն է՝ տարածքային պահանջներ բուն Հայաստանի նկատմամբ։ Այս հռետորաբանության մեծ մասը վերաբերում է Ադրբեջանի ներքին լսարանին։
Ներքին քաղաքականության առումով նրան հակամարտություն է պետք։ Բաքուն թշնամի է ուզում կոռումպացված, ավտորիտար իշխանությունը պահպանելու համար։
ՀՀ-ն պետք է շատ լավ աշխատանք տանի, որպեսզի պարտավորված չզգա արձագանքելու յուրաքանչյուր պահանջի և որոշակի պայմանավորվածություններ մտցնի»։
Տնտեսական փոխկապվածությունը՝ որպես զսպող մեխանիզմ
«Հնդկական պաշտպանական համակարգերը, որոնք ՀՀ-ն գնել է, մեծապես արտացոլում են այն, ինչ Հայաստանը ուզում է և զգում է, որ իրեն պետք է։ Ֆրանսիական զինտեխնիկան միայն այն է, ինչ Ֆրանսիան ցանկանում է տալ ՀՀ-ին։ Շատ տարբեր բաներ են։ Այնուամենայնիվ, երկուսի նպատակն էլ ընդհանուր պաշտպանական կարողությունների, այլ ոչ թե իրական հարձակողական կարողությունների վրա կենտրոնանալն է։ Սա շատ կարևոր է հայկական պաշտպանությունն ուժեղացնելու համար։
Բայց ռազմավարական առումով՝ ավելի բարձր մակարդակի, իրական զսպման համար տնտեսական փոխկապվածությունը շատ ավելի արդյունավետ է հաշվարկը փոխելու և ցանկացած վերսկսված ռազմական գործողության համար Ադրբեջանին ավելի ծանր գին պարտադրելու համար։
Այլ կերպ ասած՝ ավտոճանապարհային և երկաթուղային կապը, առևտրի և տրանսպորտի վերականգնումը կբերի տնտեսական փոխկապվածություն, որը նման կլինի Ֆրանսիայի և Գերմանիայի միջև երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված փոխկապվածության։
Կարծում եմ՝ պաշտպանական ոլորտի բարեփոխումները, զորակոչի վրա հիմված բանակից հետզհետե դեպի պրոֆեսիոնալ բանակ շարժվելը և խելամիտ է, և տեղին»։
ԱՄՆ նահանջը դրական ներդրում է
«Հայ-ամերիկյան հարաբերությունները, ԱՄՆ օգնությունը շատ ավելի արդյունավետ են, երբ նրանք աջակցում են ՀՀ-ին, ոչ թե միջնորդում կամ նպաստում են Ադրբեջանի հետ բանակցություններին։
Այն պարզ պատճառով, որ Միացյալ Նահանգների ներգրավվածությունն այդ ասպարեզում առաջացնում է ՌԴ արձագանքը։ Մի բան, որ ԵՄ ներգրավվածությունը չի առաջացնում։ Այլ կերպ ասած՝ եվրոպական ներգրավվածությունն ավելի արդյունավետ է և ավելի քիչ սադրիչ։
ԱՄՆ նահանջը շատ ավելի դրական ներդրում է։ Քանի որ նրանց ուշադրությունը կենտրոնացած է խաղաղության պայմանագիր կնքելուց հետոն՝ հաջորդ օրը ամրապնդելու վրա։ Հենց այդ ժամանակ էլ դա մեզ ամենաշատն է պետք, որպեսզի թույլ չտանք Բաքվին կրկին վերսկսել զենքի, ուժի սպառնալիքը։
Նախկին նախագահ Թրամփի վերընտրման իրական վտանգ կա, որը մեծապես կազդի ՀՀ վրա՝ Թուրքիայի, ՌԴ և Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունների փոփոխության պատճառով։ Միևնույն ժամանակ Հայաստանի՝ ամերիկացիներից աջակցություն ստանալը երբեք չի վիճարկվել՝ անկախ նրանից, թե ով է եղել Սպիտակ տանը։ Կոնգրեսն է առաջ մղում և ուղղորդում ԱՄՆ աջակցությունը ՀՀ-ին։
Կգերադասեի, որ Բաքուն սպասողական շրջանում լիներ, քան շարունակեր պատերազմի, հարձակման սպառնալիքը։ Անկեղծ ասած՝ դա բարելավում կլիներ։ Բայց հարցը ենթադրում է նաև Ադրբեջանում ռազմավարական տեսլականի առկայություն, որը վստահ չեմ, որ գոյություն ունի»։
Պատերազմ չի լինի, բայց կլինեն տեղային ռազմական արշավներ
«Թերահավատորեն եմ վերաբերվում պատերազմի, լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման իրական ռիսկին։ Եվ շատ ավելի հավանական եմ համարում, որ մենք կենթարկվենք ադրբեջանական կողմից փոքր, տեղայնացված, նպատակային ռազմական արշավների, որոնք նախատեսված կլինեն ճնշումը ՀՀ վրա պահելու, պահը բռնելու և գետնի վրա ռազմական նախաձեռնությունը պահպանելու համար։ Բայց, որպես այդպիսին, պատերազմ չեն դառնա։
Պատերազմի քիչ հավանական լինելու պատճառը նաև այն է, որ ադրբեջանական զինուժը նույնը չէ, ինչ 2020 թ․-ին էր։ Այն ավելի թույլ է։ Թուրքական ռազմական ներկայությունը նույնպես շատ ավելի քիչ է։
Հայկական զինուժը նույնպես այն չէ, ինչ 2020 թ․-ին էր։ Այս անգամ Հայաստանը ռազմական առումով չի սխալվի՝ կարծելով, թե կունենա ռուսական աջակցություն։ Նա հարմարեցվում է նոր, ցավալի իրականությանը;
Իրադարձությունների հնարավոր զարգացման երկրորդ սցենարն այն է, ինչ մենք արդեն տեսել ենք՝ Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության զգալի աճ և հետագա սրացում։ Դա մեծապես կապված է Իսրայելում Նեթանյահուի վերադարձի հետ և պայմանավորված է Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններով։ Իրանի և Ադրբեջանի միջև հնարավոր լարվածության աճը իրականում մի բան է, որին պետք է պատրաստ լինենք»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռիչարդ Կիրակոսյանը հարցազրույցը